Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ադրբեջանից փախստականները՝ որպես ՀՀ վտարյալ քաղաքացիների նոր տեսակ


Օկսանա Մուսայելյան

1995թ.-ին` «Քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո, Հայաստանում սկսվեց Ադրբեջանից փախստականների «կամավոր» հպատակագրման գործընթացը՝ վերջիններիս քաղաքացիության տրամադրմամբ, որը նրանց ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև` երկրի սահմաններից դուրս գալու իրավունք էր տալիս: 25 տարի անց, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, փախստականի կարգավիճակ է պահպանել Ադրբեջանից շուրջ 20 000 փախստական:

Սակայն, հպատակագրման ծրագրի արդյունքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականները՝ շուրջ 83 000 մարդ, համոզված են, որ հպատակագրումը հարկադրված էր, և իրենց համարում են երկրի միգրացիոն քաղաքականության ծուղակն ընկած զոհեր: Այդպիսի տրամադրության պատճառը չիրականացած երազանքներն են, թե քաղաքացիության ձեռքբերումն արմատապես կփոխի նրանց սոցիալ-տնտեսական դրությունը: Սակայն, դա բավարար չեղավ նրանց դե-ֆակտո լիիրավ քաղաքացի դարձնելու համար, ինչի արդյունքում կավելանային հասարակության կյանքին մասնակցելու նրանց հնարավորությունները: Երկու կատեգորիաներն էլ՝ և´ հպատակագրվածները, և´ փախստականի կարգավիճակը պահպանածները, առ այսօր համարվում են բնակչության ամենաաղքատ, մարգինալացված և խոցելի շերտերը, որոնք ունեն մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում` բնակարանի, կրթության և զբաղվածության հարցերը:      

«Մեզ խաբել են»

«Մեզ խաբել են: Խոստացել են, որ քաղաքացիության ընդունումից հետո մեր բնակարանային խնդիրը կլուծվի, բայց դա տեղի չունեցավ: Բացի այդ, Հայաստանի շնորհած փախստականի անձնագիրը սահմանափակում էր տեղաշարժվելու հնարավորությունները, դրանով անհնար էր երկրի սահմաններից դուրս գալ»,-ահա նախկին փախստականների շրջանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ամենատարածված բացատրությունը: Նորաթուխ քաղաքացիները վստահ են, որ հրաժարվելով փախստականի կարգավիճակից` իրենք զրկվեցին միջազգային հանրության պաշտպանությունից՝ անձնատուր լինելով Հայաստանի իշխանությունների գթածությանը: Իսկ վերջինների անտարբեր կեցվածքն ինքնին նպաստեց խնդրից ազատվելուն կամ այն բնական ճանապարհով լուծելուն` արտագաղթի ալիքի և փախստականների շրջանում բարձր մահացության հաշվին:  

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն այդպիսի բացատրությունը մոլորություն է համարում: «Շատերը կարծում են, որ փախստականի կարգավիճակն իրենց ավելի շատ առավելություններ է տալիս, քան ՀՀ քաղաքացիությունը: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ 90-ականներին Հայաստանը մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն էր ստանում, որը բաշխվում էր կարիքավոր սոցիալական խմբերի ներկայացուցիչների շրջանում, իսկ փախստականները նրանցից մեկն էին: Սակայն, 2000թ.-ից հետո մարդասիրական օգնություն այլևս չի եղել: Իսկ կարծրատիպը մարդկանց շրջանում մնացել է»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է ամենացավոտ թեմային՝ բնակարանային խնդրին, ապա փախստակնների շուրջ 700 ընտանիքներ դրանով ապահովվել են փախստականներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակում, որը գործել է 2005-ից մինչև 2008-ը: Սակայն 2009թ.-ից խնդիրն այլևս չի բարձրացվել, և բյուջեից դրա լուծման համար միջոցներ չեն հատկացվել: Այնուամենայնիվ, փախստականների ավելի քան 1000 ընտանիք բնակարանի խիստ կարիք ունի: Փախստականների այդ ընտանիքները, որոնք Ղարաբաղյան հակամարտությունից տուժած կողմ են, Ադրբեջանից բռնի տեղահանումից 30 տարի անց շարունակում են ապրել բնակության համար ոչ պիտանի տարածքներում՝ հյուրանոցներում, հանրակացարաններում, գիշերօթիկ դպրոցներում` հաճախ չունենալով սեփական սանհանգույց, 3-4 հոգով տեղավորվելով 11 քմ մակերեսով միակ սենյակում, որը նրանց համար ծառայում է միաժամանակ և´ որպես խոհանոց և´ որպես ննջարան: Ենթարկվելով իրենց իրավունքների սահմանափակման՝ այդ կիսաքաղաքացիները հաճախ դառնում են այդ շենքերի ղեկավարների և նոր սեփականատերերի կամայականությունների զոհ: Վերջիններն իրենց հայեցողությամբ կարող են խոչընդոտել շենքի տեխնիկական բնականոն սպասարկմանը` պարբերաբար անջատելով էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումը, իսկ երբեմն նաև վերահսկում շենքի ելումուտը՝ նպատակ ունենալով ներս չթողնել շենքերի սեփականատերերի համար «անցանկալի» այցելուների մուտքը եւ այդպիսով բնակության պայմանները մոտեցնելով բանտայինի:    

Ինչո՞ւ է Հայաստանը դադարեցրել փախստականներին կացարան հատկացնելու գործընթացը. ըստ Եգանյանի` Հայաստանի իշխանություններն ուրախությամբ կօգնեին, բայց նման «բարի մտադրությունները» հակասում են միջազգային փորձին:

 «Չկա միջազգային և ոչ մի փաստաթուղթ, որում կասվեր, որ փախստականներին ընդունող երկիրը պարտավոր է նրանց ապահովել բնակարանով»,- ասում է Եգանյանը:

Այն հանգամանքը, որ նրանք ոչ միայն սովորական փախստականներ են, այլև հայեր, որոնց փոխարեն որոշել են իրենց ճակատագիրը՝ հարկադրաբար վերաբնակեցնելով Հայաստանում Ղարաբաղում բարձրացված քաղաքական հիմնահարցի պատճառով, անկարևոր է դառնում միջազգային օրենքի տառի առջև, որն, ինչպես պարզվում է, հայկական իշխանությունները խստորեն պահպանում են:  

Լռության մատնելու քաղաքականություն

Ամեն դեպքում, անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել վերջերս հրաժարական տված ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, որը, մինչ փախստականների հիմնախնդիրները թաղելը, 2011թ. մայիսին կազմակերպեց միջազգային համաժողով՝ փորձելով բնակարանային հիմնախնդրի լուծման գործում ներգրավել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին:

Համաժողովին հատուկ հրավիրված էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով նախկին գերագույն հանձնակատար և ՄԱԿ-ի այժմյան գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը: Համաժողովի նպատակն էր կոչ անել մասնակիցներին հանգանակություն կատարել փախստականներին բնակարանով ապահովելու նպատակով: Այն ժամանակ այդ հարցի լուծումը գնահատվում էր 45 մլն ԱՄՆ դոլար: 

Հատկանշական է, որ համաժողովի իր բացման խոսքում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ փախստականների բնակարանային հարցը երկրի ամենակարևոր խնդիրներից է, սակայն այսպիսի հայտարարությունը համոզիչ չհնչեց, քանի որ այդ պահի դրությամբ արդեն 3 տարի  խնդրի լուծման համար պետական բյուջեից միջոց չէր տրամադրվում:

Բրազիլիայի դեսպանատունը միակն էր դիվանագիտական առաքելություններից, որ նվիրաբերեց 50 000 ԱՄՆ դոլար: Մյուս մասնակիցներն անտեսեցին կոչը՝ հիմնավորելով, որ այդ անձինք դե յուրե ՀՀ քաղաքացի են, և ուրեմն նախկին փախստականների խնդիրը Հայաստանի ազգային խնդիրն է: 

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին վերջնական ձևակերպեց ՀՀ իշխանությունների վերաբերմունքը փախստականների հիմնահարցերի վերաբերյալ այն ժամանակ, երբ հենց 2011թ. Անտոնիու Գուտեռեշի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Երևանը երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը»: Մնում է միայն կռահել, թե ինչու նախկին ղեկավարն այդքան նսեմացրեց հիմնախնդրի սկզբնապատճառները, հետևաբար նաև հայ բնակչության հարկադիր վերաբնակեցման հետևանքները: Բայց հենց այդ ժամանակ՝ 7 տարի առաջ, փախստականների հիմնահարցը վերջնականապես հանվեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգից: 

Քաղաքացիներ/ոչ քաղաքացիներ

Այս համատեքստում ակամա հիշում եմ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Էլմար Մամեդյարովի խոսքերը, որը 2007թ. Մադրիդում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակներում հայ եւ ադրբեջանցի լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով սույն հոդվածի հեղինակի հարցին, հայտարարեց. «Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ ասում են ձեզ Հայաստանում… հայերն Ադրբեջանից մեկնեցին խաղաղ՝ վաճառելով իրենց ողջ ունեցվածքը»:

Եթե պաշտոնական Բաքվի վերաբերմունքը հայ փախստականներին ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվում է, քանի որ առհասարակ հիմնված է նախկին համաքաղաքացիների նկատմամբ հանցագործության վրա՝ նրանց ենթարկելով բռնի տեղահանության և բռնագրավելով Ադրբեջանում նրանց ունեցած գույքն ու բնակարանները, ապա Հայաստանում փախստականների ճակատագրի հանդեպ պաշտոնական Երևանի անտարբեր վերաբերմունքը պակաս հանցագործություն չէ:

Հայաստանում տարվա մեջ 2 անգամ հիշատակվում են Սումգայիթում, Կիրովաբադում/Գանձակում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի զոհերը, սակայն չեն անդրադառնում այն հարցին, թե ի՞նչ վիճակում են գտնվում ջարդերն ու հետապնդումները վերապրած փախստականները:

Պաշտոնական Երևանի կողմից փախստականների հիմնախնդիրները հետագայում ևս հետևողականորեն լռության մատնելը և երկրի տարածքում նրանց ներկայության լիակատար անտեսումը ցինիկ, անգրագետ և հակամարդկային դիրքորոշում է, որը չի տեղավորվում բարոյականության սկզբունքների և արդարության հաստատման հարցում իշխանությունների պատասխանատվության ու Ադրբեջանում հալածանքների ենթարկված ու այսօր Հայաստանում որևէ հատուկ օրենքով չպաշտպանված բազմահազարանոց հայ բնակչության ճակատագրին մասնակցության գաղափարի մեջ:     

Հաճախակի դժոխքի հետ համեմատվող մարդկային գոյության լուսանցքում հայտնվելով՝ հայ փախստականներն այսօր Հայաստանում վտարյալ քաղաքացիների հատուկ կարգավիճակում են:

Լուսանկարները` Յան Զիխլինսկու


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (4)
1. Ed07:11 - 25 մայիսի, 2018
Armenian political forces , intellectuals and the church have missed the chance and failed to deal with the unfair discrimination and excising stupid prejudice The mentioned mood in the article doesn't surprise me at all. Even in the soviet Armenia there was NO policy of integration of "new comers" form diaspora (Iran, Lebanon etc) into society... in the last 15 years thousands of Armenians from Iran (mostly wealthy) did try to settle down in Armenia, but none of them did relay managed to be integrated in the society without "jealousy" prejudices... On the other hand these Iranian or Syrian Armenians are honestly and very welcomed in US - A BIG SHAME FOR OUR GOVERNMENT, intellectuals and Armenian Katolikos IN HAYASTAN !!!
2. Սիրարփի Առուստամյան16:16 - 25 մայիսի, 2018
Մենք փախստականներին վերաբերվում ենք այնպես, ինչպես խորթ մայրը կվերաբերվեր իր խորթ զավակներին, նույնիսկ ավելի վատ՝ մենք նրանց չենք նկատում... Բայց այս խնդիրը, ինչպես նաև Հայաստանի բորլոր անօթևաններին բնակարանով ապահովելու խնդիրը կարելի է լուծել՝ կառուցելով հավաքովի փոքր տներ (դրանց արտադրությունը զարգացած է մի շարք երկրներում:) Եթե ստվերից դուրս բերվեն մի շարք կազմակերպություններ, ըստ իս՝ կարելի է այդ հարցը արագ լուծել, ցանկություն է պետք:
3. Լևոն01:09 - 26 մայիսի, 2018
Առաջարկում եմ ղարաբաղցիներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից յուրացված բոլոր պետական գումարները անհապաղ բռնագրավել, նրանց միջոցով կառուցել կամ գնել բնակարաններ և հատկացնել անօթևան փախստականներին։
4. artour aganey13:13 - 7 սեպտեմբերի, 2018
What a shame. Poor people. Dishonest, corrupte burocrats. What can be done now after revolution?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։