Շաբաթ, 22 սեպտեմբերի

Երևանի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կնոջ ընկերության հետ



Երևանի քաղաքապետարանը 2017-2018 թվականներին պարբերաբար պայմանագրեր է կնքել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի կնոջ՝ Արմինե Հովհաննիսյանին պատկանող «Դավիթշին» ընկերության հետ:

Այս ընկերությունը 2017 թվականին ծառայություններ է մատուցել ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև մարզպետարաններին:

«Դավիթշին» ընկերությունը հիմնադրել է 2011 թվականին Նուբարաշենի ղեկավար Արթուր Կիրակոսյանը: Վերջինս ընկերության սեփականատեր է եղել մինչ 2015 թվականի հունվարը, ապա ընկերության բաժնեմասերը վաճառել է Արարատ Մարկոսյանին, ով այժմ ընկերության տնօրենն է: 2017-ի օգոստոսին, ընկերության սեփականատեր է դարձել Արթուր Կիրակոսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարության Armeps.am կայքի տվյալներով՝ ընկերությունը պետական մարմինների հետ պայմանագրեր սկսել է կնքել հենց 2017 թվականից: Ընկերությունը նախորդ տարի շինարարական ծառայություններ է մատուցել՝ հիմնականում վերանորոգման աշխատանքներ իրականացրել:

Այս տարի ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ արդեն հասցրել է ավելի քան 63 միլիոն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել: «Դավիթշին»-ը  այս ամիսների ընթացքում 49,6 միլիոն դրամ գումար է ստացել Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքների համար, 7 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով ընկերությունը պետք է վերանորոգի Կենտրոնի  թիվ 18 մանկապարտեզը,  իսկ մոտ 7 միլիոն դրամ էլ «Դավիթշին»-ը ստացել է Նուբարաշեն վարչական շրջանի պոլիկլինիկայի տանիքի վերանորոգման աշխատանքների համար:

2017-ին «Դավիթշին»-ը 68 միլիոն դրամի պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ

«Դավիթշին» ընկերությունը նախորդ տարի ծառայություն մատուցելու համար Երևանի քաղաքապետարանից ընդհանուր առմամբ ստացել է 23,5 միլիոն դրամ:

Մասնավորապես՝ ընկերությանը 2017 թվականին 7,7 միլիոն դրամ է տրամադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 97 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար, 1,8 միլիոն դրամ՝ Արաբկիրի  եզրաքարերի, իսկ 4,2 միլիոն դրամ՝ բազմաբնակարան շենքերի պատշգամբների վերանորոգման համար:

Արմինե Հովհաննիսյանին պատկանող ընկերությունը նախորդ տարի նաև ծառայություն է մատուցել ամուսնու ղեկավարած վարչական շրջանում. 7,6 միլիոն դրամով վերանորոգվել է Նուբարաշեն 11 փողոցի 6-րդ բազմաբնակարան շենքի թեք տանիքը: Ընկերությունը նաև ծառայություններ է մատուցել Կենտրոն վարչական շրջանում և 2 միլիոն դրամով մաքրել է Հրազդանի կիրճը, 752 հազար դրամ արժողությամբ պայմանագրով էլ նորոգել Պուշկին փողոցի պատշգամբներից մեկը:

«Դավիթշին» ընկերության գործունեությունը չի սահմանափակվել միայն մայրաքաղաք Երևանում ծառայություններ մատուցելով: Ընկերությունը նախորդ տարի 3 պայմանագիր է կնքել Վայոց ձորի և Արմավիրի մարզպետարանների հետ : Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կնոջ ընկերությունը 2017-ին միայն 28,4 միլիոն դրամ ստացել է Վայոց ձորի մարզպետարանից՝ շենքերի հիմնանորոգման համար: Իսկ 16 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով վերանորոգել է Վաղարշապատ համայնքի Մաշտոց փողոցի թիվ 28 բազմաբնակարան շենքի տանիքը:

Ինչ են հայտարարագրել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն ու նրա կինը

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը 2017 թվականին հայտարարագրել է 6 միլիոն դրամ, 13 հազար դոլար, 4.8 միլիոն դրամ աշխատավարձ:

Մարտի 13-ին Արթուր Կիրակոսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը,  որպես վարչական շրջանի ղեկավարին փոխկապակցված անձ՝ հայտարարագիր է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Պարզվում է՝ Արմինե Հովհաննիսյանն ամուսնուց ավելի շատ դրամական միջոց և եկամուտ ունի: Արմինե Հովհաննիսյանը հայտարարագրել է՝ 36 միլիոն դրամ, մոտ 39 հազար դոլար, 32 հազար եվրո, 1.6 միլիոն ռուբլի: Նշենք, որ Արմինե Հովհաննիսյանի դրամական և դոլարային միջոցները տարվա սկզբին այլ չափի են եղել: Մասնավորապես՝ նա 2017-ի տարեսկզբին ունեցել է 27 միլիոն դրամ և 33 հազար դոլար: Հովհաննիսյանը հայտարարագրել է 1.2 միլիոն դրամ արժողությամբ «INFINITI» մակնիշի ավտոմեքենա, երկու հողամաս, որոնցից մեկը մինչև տարեվերջ վաճառել է:  

2017-ի ընթացքում Արմինե Հովհաննիսյանը 12 միլիոն դրամ եկամուտ  է ստացել՝ 1.6 միլիոն դրամ աշխատավարձի վարձատրությունից, 9.6 միլիոն դրամ ընկերությունում ունեցած շահաբաժնից, 770 000 դրամ՝ գույքի օտարումից, իսկ 54 000 դոլար գումար էլ նվիրատվության կամ օգնության կարգով է ստացել: 

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանի 2017 թվականի գնումները, և «Դավիթշին» ընկերությունը եղել է Երևանի քաղաքապետարանից ամենաշատ գումար ստացած ընկերությունների շարքում: ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է, որ այն հանգամանքը, թե այս ընկերությունը փոխկապակցված է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ, արդեն իսկ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում.

«Եթե մենք նկատում ենք, որ ընկերությունը պատկանում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կնոջը, ապա այդ կոռուպցիոն ռիսկերը խորանում են, քանի որ այստեղ, ի թիվս այլոց, կարելի է խոսել շահերի բախման առկայության հնարավորության մասին»,- նշեց տնտեսագետը:

Լուսանկարում՝ Արթուր Կիրակոսյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ