HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարության որոշմամբ «Ճառագայթային բուժման կենտրոնը» լուծարվեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց լուծարել «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը։ Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ 2010 թվականի հոկտեմբերի 7-ի համապատասխան որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկրորդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային կենտրոն, որի ողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

«Սակայն ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է ՀԲ-ին «Ճառագայթային բուժման կենտրոնի» ստեղծման համար նախատեսված գումարները վերաբաշխել այլ ուղղություններով։ Վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո ձեռնարկվել է վարկային համաձայնագրի փոփոխության գործընթացը։ Վարկային համաձայնագրի գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց Ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն՝ բժշկական կահույքով և սարքավորումներով հագեցնելուն»,-ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ քանի որ «Ճառագայթային բուժման կենտրոնի» ստեղծման համար պետական բյուջեով ևս հատկացումներ նախատեսված չեն, ուստի առաջարկվում է այն լուծարել, սակայն, կարևորելով ճառագայթային բուժման կարևորությունը, պլանավորվում է ոլորտի զարգացումն ապահովել մասնավոր ներդրողների կողմից։

Երկրորդ փուլի վերաբերյալ նախարարի խոսքին ի պատասխան՝ վարչապետը հետաքրրքրվեց, թե երբ է եղել առաջին փուլը։ «Եւ ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն կոչվող սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»,- ասաց վարչապետը։

Նախարարն արձագանքեց, որ առաջին փուլը սկսվել է 2009 թվականից սկսած, երբ որոշում է կայացվել, որ նման ախտորոշման կենտրոն լինի։

«Այդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ իրավական ակտերով պետական բյուջեից ծախսվել է մոտ 2,2 միլիարդ դրամ և 5,4 միլիոն եվրո բելգիական վարկ, որի շրջանակներում ոչ միայն ցիկլատրոն է տեղադրվել, այլև հենց ախտորոշիչ սարքավորումները։ Միջազգային չափանիշներին համաձայն կառուցվել է շենքը, աշխատանքի 95%-ը կատարված է, բայց դրանից առաջ տարատեսակ խոչընդոտների պատճառով գործընթացը չի շարժվել։ Ես ինքս էլ պետք է Ձեզ խնդրեի, որ այդ հարցը մենք լուծենք, տեղյակ եմ նաև, որ ներգրավված են եղել ուրիշ գերատեսչություններ, Ձեր հանձնարարությամբ կարող ենք քննարկել, հասկանալ՝ ինչ լուծումներ կարող ենք տալ։ Այս պահի դրությամբ չի գործում, բելգիական վարկն էլ մարվում է աստիճանաբար»,- ասաց նախարարը։

«Այսինքն, մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք էնտեղ, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով հա՞»,-արձագանքեց վարչապետ Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ խոչընդոտների մասին է խոսում նախարարը։

Թորոսյանը պատասխանեց, որ բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից մինչև մրցույթի հայտարարումը, ու «քանի որ աշխատանքն ամբողջությամբ չի կատարվել, հանձնում-ընդունում չի կատարվել»։

«Շատ տարօրինակ պատմություն է, երբ գործի 95%-ը արված է, և փաստորեն արդեն տասը տարի ոչինչ չի արվել, որ այդ 5%-ն արվի»,- ասաց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես է պետք լուծել այդ խնդիրը։

Առողջապահության նախարարը պատասխանեց, որ կցանականար Արդարադատության նախարարության հետ իրավական տեսանկյունից խորհրդակցեր, թե ինչպես կարելի է կենտրոնը սեղմ ժամկետում գործարկել։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե չեն հնացել արդյոք այդ սարքերը։ Նախարարը պատասխանեց, որ դրանք երբևէ չեն օգտագործվել, իսկ պահման պայմանները պատշաճ մակարդակում են եղել։

Վարչապետի կարծիքով՝ կարելի է քննարկել նաև այն տարբերակը, եթե ոլորտի շահագրգիռ ընկերությունները հետաքրքրված են, գուցե բաժնեմասերով ընկերություն ստեղծվի, որը նաև օգտվի ախտորոշիչ կենտրոնից ու բուժական մասի աշխատանքից:

«Համենայն դեպս, պետք է ինտենսիվ աշխատել, այդքան գումար արդեն իսկ ծախսված է»,- ասաց վարչապետը։

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter