HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը արձանագրություն է ստորագրել Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը արձանագրություն է ստորագրել, որում գրված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին» N6 արձանագրությունը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված է նաև Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին: Հիշեցնենք, որ վերջինս մայիսի 22-ին տեղեկանք էր ներկայացրել քաղաքապետին՝ հայտնելով, որ դիմել է ԱԺ նախագահին՝ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: «Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- գրել էր Սիմոնյանը:

«Հարգելի պարոն Սիմոնյան

Ի պատասխան Ձեր 22.05.2018 թվականի 5/Ե-17 գրության՝ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի հրաժարական տալու կարգը, ժամկետները և լիազորությունները դադարելու պահը, մասնավորապես.

«Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:»

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է Երևանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը։

2018 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N6 արձանագրությամբ Ձեզ տրամադրվել է Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ, ուստի նշված օրվանից առ այսօր առկա է Ազգային Ժողովի պատգամավորի մանդատի անհամատեղելիություն, քանի, որ ԱԺ պատագամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղղված Ձեր դիմումը, հիշատակված օրենքի համաձայն, չի նշանակում հրաժարականը ընդունված և Դուք շարունակում եք զբաղեցնել ԱԺ պատգամավորի պաշտոնը:

Հուսով եմ քաջածանոթ լինելով այս իրավակարգավորումներին, Դուք նաև տեղյակ եք, որ մեկ շաբաթից ավել միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ, Ձեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքի ուժով, իսկ Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն (24.05.2018թ. N4) կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը օրենքի խախտում:

Շնորհավորում եմ Ձեզ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում այս մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանու աշխատանքներում Ձեր ունեցած ներդրման համար։ Դուք մշտապես հետաքրքիր հարցեր եք բարձրացրել մեր քննարկումներում և իհարկե լիահույս եմ, որ ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեք Ձեր ակտիվ գործունեությունը՝ չմոռանալով իհարկե բարձրաձայնել Երևանի հոգսերի և բարեփոխումների մասին:

Հուսով եմ, որ Ձեր փոխարեն Երևանի ավագանի մուտք կգործի նույնչափ բանիմաց և սրտացավ քաղաքացի, որն իր ներդրումը կունենա և մասնակիցը կլինի Երևանի զարգացման և շենացման միասնական գործին»,- գրված է Մարգարյանի նամակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter