HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Գարեգին Չուգասզյանի հացադուլի 31-րդ օրը

Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ վարչապետը պիտի լինի ժողովրդի թեկնածուն, այո, ոչ մի առարկություն, ինքը դարձել էր ժողովրդի թեկնածու և ինքն էլ ընտրվեց վարչապետ։ Ապա վարչապետ ընտրվելուց հետո կառավարություն ձևավորեց՝ նախարարներ նշանակվեցին իր կուսակցության ու իր դաշինքի անդամները, էլի առարկություն չկա, բա ո՞ւմ նշանակեր, իհարկե ամենավստահելի ու նաև իր հիմնադրած կուսակցության մարդկանց։ Ապա նախարարներ նշանակեց Սերժ Սարգսյանի հետ հենց նոր դաշինք կնքած դաշնակցության ներկայացուցիչներին։ Երեկ Սերժի հետ էին դաշինքի մեջ, հաջորդ օրը` նրա թշնամու։ Այո, էլի առարկություն չկա, իհարկե պետք է որոշ կոմպրոմիսներ ԱԺ-ում ձայներ ստանալու համար, իսկ դաշնակցության ձայները անհրաժեշտ էին վարչապետ ընտրվելու համար։ Հետո նախարարներ ու փոխվարչապետ նշանակեց օլիգարխի մարդկանց։ Եթե Հանրապետականը լեգիտիմ չէ այն պատճառով, որ ընտրակաշառքով է ընտրվել, ապա նույնքան լեգիտիմ չէ Ծառուկյան դաշինքը, որը նույնպես ընտրակաշառքով է ընտրվել։ Այո, սա հեղափոխություն էր, բայց այնքան հեղափոխություն չէր, որ մերժեր բոլոր ոչ լեգիտիմներին։ Իհարկե, էլի առարկություն չկա, իհարկե էլի պատգամավորների ձայներ էին անհրաժեշտ, որ ժողովրդի թեկնածուն վարչապետ ընտրվի, իսկ Ծառուկյան դաշինքը ԱԺ-ում երկրորդ խմբակցությունն է։ Քաղաքացու հեղափոխության արդյունքում ձևավորվեց կառավարություն՝ «Ելք» դաշինքով, Դաշնակցությունով ու Օլիգարխով։ 

Մի՞թե հենց հերթը հասավ ուրիշին, այսինքն՝ քաղբանտարկյալներին, ավելի որոշակի՝ Սասնա ծռերին, նրանց, որոնք ԱԺ-ում ձայն չունեին, վարչապետ ընտրելու կոմպրոմիսներն ավարտվեցին և մի՞թե սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը հենց Սերժի ռեժիմի դեմ դուրս եկած ամենավճռական մարդկանց նկատմամբ փոխարինվեց անտարբերության այսբերգի։

Չուգասզյանին այցելել են նրանք, ովքեր սիրո ու հանդուրժողականության դրոշով հեղափոխություն չէին անում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ 

Հեղափոխության առաջնորդները ոչ միայն համերաշխության ձեռք չեն մեկնում, այլև սառնասրտորեն ասում են, որ քաղբանտարկյալների հարցը միայն դատարանի գործն է (սա իրենց վրայից խնդիրը պարզ նետելու ձև է, քանի որ դեռևս դատարանները անկախ չեն, անկախ լինեին՝ Սասնա ծռերի մեծ մասի խափանման միջոցը փոխել ու ազատել էին)։ Իսկ Փաշինյանը գնալով ավելի կոշտ պատասխաններ է տալիս քաղբանտարկյալների նամակներին, ավելի կոշտ, քան դատախազը։ Գոնե դատախազը խոսում է իրավիճակի փոփոխման, օրենքով քաղբանտարկյալների ազատման հնարավորության մասին։

Կարծում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանն այցելի Գարեգին Չուգասզյանին ու գոնե քաղբանտարկյալների ազատության հստակ ընթացակարգ ասի, ներկայացնի այն քայլերը, որոնք պետք է նրանց ազատություն բերեն, թեկուզ անհրաժեշտ լինի՝ մեկ ամիս սպասել, Գարեգին Չուգասզյանը դուրս կգա հացադուլից, դա անուղղակի ուղերձ կլիներ նաև դատարաններին, որ խափանման միջոցի միջնորդությունները ընդունեն ու ազատեն Սասնա ծռերին։ 

Հուսանք, որ հեղափոխության առաջնորդները և անձամբ Փաշինյանը համերաշխության ձեռք կմեկնեն Սասնա ծռերին։

Մեկնաբանություններ (1)

Anush
100%

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter