HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը՝ ՍԱՊԾ պետին․ «Ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակ կա»

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Սննդի անվանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետին, ասաց, որ իր համար անակնկալ էին ռուսական «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից ՍԱՊԾ պետին ուղղված նամակները։ Վարչապետը հարցրեց, թե ինչու տեղյակ չի եղել այդ մասին՝ հետաքրքրվելով վերջինիս կատարած գործողությունների մասին:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն արձագանքեց՝ նման նամակները պարբերական բնույթ են կրում:

«Կներեք, ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակ կա: Վարչապետի պաշտոն ստանձնելուց առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ ես զանգել եմ Ձեզ և հարցրել եմ, թե արդյոք խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման ոլորտում, և Դուք ասել եք, որ ըստ էության խնդիրներ չկան»,- ասաց Փաշինյանը։

Իշխան Կարապետյանն ասաց, որ նման քննարկում ունեցել է գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել է կապվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, սակայն չի ստացվել, ուստի «սահմանված կարգով գործողություններ է կատարել»։ Կարապետյանի խոսքով՝ բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում, արտահանվող կոնկրետ վայրին:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ նամակներում այլ բան է գրված՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման խնդիր է եղել: Ծառայության պետը մանրամասնեց՝ խնդիրը բեռի հետ է կապված եղել․ բեռը հետ է ուղարկվել, այնուհետև կրկին արտահանվել։ ՍԱՊԾ պետի խոսքով՝ համապատասխան աշխատանք են տարել, որի արդյունում Վերին Լարսի անցման կետում որևէ ահազանգ չեն ստացել, ստացվում է՝ խնդիրը կարգավորվել է։

«Ես ուզում եմ տեղեկացնել, որ ծառայության կողմից իրականացվող սահմանային հսկողության արդյունքում մեր կողմից արձանագրվել է ներկրման խախտման 140 դեպք»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց խախտումներ թույլ տված ընկերությանը, որը լոլիկ էր արտահանել, զգուշացնել և ապահովել, որ նման իրավիճակներ չլինեն: «Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ»,- ասաց Փաշինյանը։

Իշխան Կարապետյանն արձագանքեց՝ գործընթացում շեղումները չեն կարող բացառել: Վարչապետն էլ ասաց, որ բոլոր գերատեսչությոնները ջանքեր կգործադրեն, որպեսզի գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա պատշաճ կերպով, և խոչընդոտներ չլինեն:

Իշխան Կարապետյանը խնդրեց, որ համապատասխան գերատեսչությունները մակնշման, փաթեթավորման առումով հստակ աշխատանք իրականացնեն ընկերությունների հետ, քանի որ «շատ հաճախ դեպքեր են լինում, երբ հայկական խնձորը դրված է բանանի արկղի մեջ, ինչը սահմանային հսկողության տեսանկյունից խնդիր է առաջացնում»:

Վարչապետն արձագանքեց, որ Կառավարությունը պետք է գյուղացիներին օգնի՝ ապահովելով արտահանման համար անհրաժեշտ պայմաններ, ապա հանձնարարեց կատարել Իշխան Կարապետյանի խնդրանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter