Շաբաթ, 22 սեպտեմբերի

Կավարտում ծորակից ժանգագույն ջուր է հոսում. «Վեոլիա Ջուրն» արձագանքում է



Կապանի Կավարտ թաղամասի բնակիչ Սեյրան Աբրահամյանը ցույց է տալիս գետնի ժանգագույն ջուրը: Ասում է՝ ջրատար խողովակից է թափվել: Ապա կռանում է, մատով խառնում ջուրը, ժանգագույն նյութը միանգամից տարրալուծվում է: «Էդ ապարը տեսնո՞ւմ ես՝  քվարցիտը, դա է դեղնացնում ջուրը»,- նշում է նա:

Ըստ բնակչի՝ քանի որ տարածքը հարուստ է քվարցիտով, խողովակներն էլ մաշված ու քայքայված են, քիմիական տարրերը ներթափանցում են դրանց մեջ՝ փոխելով ջրի գույնն ու որակը:

Կավարտ թաղամասը Կապանի կենտրոնից մոտ 5 կմ հեռավորության վրա է: Կավարտի խմելու ջրի որակին «Հետքն» անդրադարձել էր մեկ տարի առաջ:

Սեյրան Աբրահամյանը թաղամասի խմելու ջուրն անվանում է կարմրաջուր: Ասում է՝ տանը թոռներին չի թույլատրում ծորակից խմել, հետո հարցնում է՝ ո՞նց թողնեմ: «40 տարի է՝ Կավարտում եմ ապրում, խմելու ջրի հարցը չեն կարողանում լուծել, բոլոր պատկան մարմիններին էլ դիմել ենք»,- նշում է բնակիչը:

Հետո մատնացույց է անում ճանապարհի եզրով անցնող ջրատար խողովակը: Ասում է, որ խողովակները մաշված են, ճաքեր ունեն: «Էստեղից մինչև ներքև՝ այ էն ծառի մոտ, եթե մի 500 մետր խողովակը փոխեն, հարցը կլուծվի»,- առաջարկում է Կավարտի բնակիչը: Ասում է՝ պատկան մարմիններն էլ քաջատեղյակ են խնդրից, բազմիցս լուսաբանվել է հարցը, բայց մինչ օրս լուծում չի տրվում՝ ծորակից շարունակում է դեղին ջուր գալ:

Այս խողովակը ջուր է մատակարարում կավարտցիներին

Կավարտցիները մատնանշում են նաև այն հանգամանքը, որ Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանն էլ իրենց թաղամասից է, սակայն ջրի որակի հարցն այդպես էլ առկախ է մնացել: Եվ ոչ միայն դա, ավելի ուշ ավելացնում են, որ թաղամաս տանող ճանապարհն էլ անբերակարգ է:

Կավարտի մանկապարտեզի աշխատակիցներն էլ մեզ հետ զրույցում ասացին, որ երեխաների համար ջուրը բերում են մոտակա աղբյուրից, ծորակից խմելու ջուր չեն վերցնում:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որի ենթակայության ներքո է Կապանի ջրամատակարարումը, գրավոր հարցեր էին ուղարկել: Ընկերությունից հայտնել են, թե Կավարտի ջրամատակարարման խնդիրն իրենք ժառանգություն են ստացել համակարգի նախկին օպերատոր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից: Հավելել են, որ գործունեության առաջին իսկ օրերից միջոցներ են ձեռնարկել Կավարտում առկա խնդիրները շարունակաբար լուծելու նպատակով:

«Չխորանալով տեխնիկական մանրամասների մեջ՝ նշենք միայն, որ իրականացված ծրագրի շրջանակներում, մասնավորապես, վերակառուցվել է «Լենհանքեր» օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ), որը չէր գործում, կառուցվել է մոտ 1 կմ նոր ջրագիծ, ինչի արդյունքում հնարավոր է դարձել տարածքի շուրջ 500 բաժանորդների ջրամատակարարումը, ներառյալ Կավարտ բանավանինը, դարձնել շուրջօրյա»,- ասվում է պատասխանի մեջ:

«Վեոլիա Ջուրը» նաև հայտնել է, որ, հաշվի առնելով խնդրի բարդությունն ու Կավարտի ջրամատակարարման վերջնական կարգավորման համար անհրաժեշտ աշխատանքների մեծ ծավալը, ներկայում իրականացվում են նախագծային և նախահաշվային աշխատանքներ բաշխիչ ցանցի վերակառուցման ծավալներն ու արժեքները հստակեցնելու ուղղությամբ:

Հին ու մաշված խողովակները

Ջրամատակարարման օպերատորը հիշեցրել է նաև, որ գործող պայմանագրով ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է ներդրումներ իրականացնել իր վարձակալած համակարգի միայն պահպանման, վերանորոգման և շահագործման նպատակով, և որ նման խոշորածավալ ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն հայկական կողմի օգնությամբ: Ըստ ընկերության՝ ներկայում այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Սակայն, թե հստակ ինչ աշխատանքներ են իրականացվում, ընկերությունը չի մանրամասնել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ