HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը հանձնարարեց մետաղական հանքերով զբաղվող 28 ընկերություններում ստուգումներ անել

Մետաղական հանքերով զբաղվող հանքարդյունաբերական ընկերություններում ստուգումներ կլինեն։ Նման հանձնարարականով Կառավարության այսօրվա նիստին հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաշվի առնելով հանքարդյունահանման բնագավառում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ռիսկերը, որոնք շրջակա միջավայրի համար վտանգ ստեղծելու ռիսկ են ստեղծում, բնապահպանության նախարարը խնդրել է վարչապետի հանձնարարականը ստուգումների կազմակերպման համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 28 կազմակերպությունում, որոնք հիմնականում մետաղական հանքերով են զբաղվում, ստուգումներ կլինեն։

«Հաշվի առնելով ոլորտում առկա ռիսկերը՝ տրվել է համապատասխան հանձնարական՝ այդ կազմակերպություններում ստուգումներ անցկացնելու՝ բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու և բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին աջակցել տեսչական մարմնին ստուգումների հարցում։

Փաշինյանի խոսքով՝ պետք է հանքարդյունաբերությունը համապատասխանեցվի օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

«Եւ այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա, և ես կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները թափանցիկ լինեն, ընդգրկվեն մասնագետները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր մասնագիտացված են այդ ոլորտում, ինչպես նաև այդ ոլորտը լուսաբանող լրագրողներ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ չի լինելու հերթապահ ստուգում, այլ հստակ լուծումներով առաջարկություններ։

«Սա այն տեղը չէ, որտեղ կարող են լինել կոմպրոմիսներ, մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այդ ընդերքի շահագործումը տեղի ունենա բնապահպանության և օրենսդրության կանոններին չհամապատասխանող ձևով»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter