HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մոլիբդենի արտահանումը 2017-ին աճել է

2017 թվականին Հայաստանից մոլիբդեն է արտահանվել ավելի բարենպաստ գնով, քանի 2016-ին, ինչի շնորհիվ մաքսային արժեքի նկատելի աճ է գրանցվել։

Ըստ Մաքսային ծառայության տվյալների` նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մոտ 7 հազար տոննա ֆեռոմոլիբդեն՝ 87 մլն դոլարով։ 2016-ի համեմատ արտահանվող ֆեռոմոլիբդենի քանակն էապես չի աճել՝ 437.5 տոննայով կամ  6.7%-ով։ Մինչդեռ արտահանման ընդհանուր արժեքն աճել է 40%-ով՝ մոտ 25 մլն դոլարով։ Այսինքն՝ նախորդ տարի ֆեռոմոլիբդենն ավելի թանկ գնով է արտահանվել։

Այսպես, եթե 2016-ին մեկ տոննայի միջին գինը կազմել է 9.45 հազար ԱՄՆ դոլար, ապա 2017-ին՝  12.4 հազար դոլար։

Մաքսային վիճակագրության մեջ ֆեռոմոլիբդենը ներկայացվում է «Երկաթահամահալվածք» տողով։ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացանք, որ այս տողով Հայաստանից արտահանվում է միայն ֆեռոմոլիբդեն։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 6.6 հազար տոննա ֆեռոմոլիբդեն։

Հայկական արտադրության ֆեռոմոլիբդենի խոշորագույն գնորդը, նախկինի պես, Նիդերլանդներն է։ 2017-ին Հայաստանն այս երկիր է արտահանել 77.9 մլն դոլարի ֆեռոմոլիբդեն՝ 6.2 հազ. տոննա։ 2016-ի համեմատ քանակն աճել է 1.7 հազ. տոննայով կամ 38%-ով, իսկ մաքսային արժեքը՝ 35.7 մլն դոլարով կամ մոտ 85%-ով։

Նիդերլանդները Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերի շարքում չէ, առաջին տասնյակում չէ։ Հայաստան-Նիդերլանդներ առևտրաշրջանառությունը 2017-ին կազմել է 127  մլն դոլար, որը Հայաստանի արտաքին առևտրի 2%-ն է։ Սակայն, եթե դիտարկում ենք միայն Հայաստանից Նիդերլանդներ արտահանման ծավալը (մոտ 91  մլն դոլար), ապա Նիդերլանդների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում նախորդ տարվա տվյալներով 4%  է, ինչը համեմատաբար տեսանելի ցուցանիշ է։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ մեծամասամբ հենց մոլիբդենի հաշվին է ձևավորվում դեպի Նիդերլանդներ արտահանման ծավալը։ Ոչ մեծ քանակությամբ էլ արտահանվում է ալյումինե նրբաթիթեղ։ Մնացած ապրանքների ծավալները փոքր են։  Այլ խոսքով՝ Հայաստան-Նիդերլանդներ առևտրային հարաբերություններում մոլիբդենը որոշիչ դեր ունի։

Նախորդ տարի Հայաստանից որոշակի քանակությամբ ֆեռոմոլիբդեն է արտահանվել նաև Ռուսաստան՝ 457 տոննա, որի մաքսային արժեքը կազմել է 5.3 մլն դոլար։ 340 տոննա էլ արտահանվել է Գերմանիա՝ 3.7 մլն դոլարի։ Նկատելի է, որ մեկ տարում Գերմանիա արտահանվող ֆեռոմոլիբդենի ծավալները կրճատվել են (նվազել է 14.7 մլն դոլարով), դեպի Ռուսաստան՝ ավելացել (աճել է 3.9 մլն դոլարով)։

Ինչպես նախկինում, արտահանվում է նաև քիչ քանակությամբ մոլիբդենի հանքաքար ու խտահանք և թափոն-ջարդոն։

Ըստ Մաքսային ծառայության՝ 2017 թվականին Հայաստանից արտահանվել է նաև ավելի քան 1.4 հազ. տոննա  մոլիբդենի հանքաքար և խտահանք՝ 10 մլն դոլար մաքսային արժեքով։  Շատ փոքր քանակությամբ էլ՝ ընդամենը 6.5 տոննա, արտահանվել է «մոլիբդեն և արտադրանք դրանից, ներառյալ՝ թափոն և ջարդոն»։

Հիշեցնենք, որ մինչև 2009 թվականը մոլիբդենը Հայաստանից արտահանվող ապրանքների շարքում առաջատար դիրքեր է գրավել։ Այդ ժամանակից սկսած` համաշխարհային շուկայում մոլիբդենն էժանացել է, ինչի արդյունքում մոլիբդենի արտահանումից Հայաստանի ստացած եկամուտները մի քանի անգամ կրճատվել են։ Հետագայում համաշխարհային շուկայում մոլիբդենի քիչ թե շատ գնային տատանումներ են արձանագրվել, սակայն գները չեն վերադարձել մինչ 2009 թվականը եղած մակարդակին, երբ մեկ տոննա մոլիբդենի գինը մոտեցել է 100 հազ. դոլարի։

Լոնդոնի մետաղների բորսայի (LME) պաշտոնական կայքում գրանցվող տվյալները ցույց են տալիս, որ 2017թ. մոլիբդենի գներն ընդհանուր առմամբ ավելի բարձր են եղել (հատկապես մայիսից սկսած), քան 2016-ին։ Ամենայն հավանակությամբ, դա է դրականորեն ազդել Հայաստանից արտահանվող մոլիբդենի մաքսային արժեքի աճի վրա։

Այս տարի էլ մոլիբդենի գները համաշխարհային շուկայում բարձրացել են։ Ներկայում մեկ տոննայի գինը 24 հազար դոլարի սահմաններում է։ Գների շարունակական բարձրացումը կարող է դրական նշանակություն ունենալ Հայաստանի համար, մասնավորապես՝ մոլիբդենի արտահանումից ստացվող եկամուտների առումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter