HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռանչպարի 69-ամյա բնակչուհի. «Ջրի սակավությունը ավելի է ծանրացնում առանց այդ էլ ծանր վիճակս»

Արարատի մարզի Ռանչպար համայնքի 69-ամյա բնակչուհի Թամարա Ասկարյանը արդեն 4 տարի է՝ չի կարողանում հող մշակել, դժգոհում է ջրի սակավությունից, բացի այդ, չի կարողանում լիարժեքորեն հոգալ ջրի հետ կապված մյուս կարիքները:

2013 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել լուծարել Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող՝ ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերը: 2014 թվականի ապրիլին էլ գործադիրը մեկ այլ որոշում է ընդունել «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին»:

Փակված հորը

2015 թվականի նոյեմբերին Թամարա Ասկարյանը դիմել է բնապահպանության նախարարություն, քանի որ 2014 թվականին փակվել է նաև իր կողմից շահագործվող արտեզյան հորը: Նա խնդրել է նախարարությանը պարզաբանել, թե ինչ կապ ունեն կառավարության որոշումները իր կողմից շահագործվող արտեզյան հորի փակման հետ: Բնապահպանության նախարարության այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանը պատասխանել է, որ այդ հորը լուծարվել է՝ համաձայն Ռանչպար համայնքի ղեկավարի՝ «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին ուղղված՝ 2014թ.-ի հունիսի 23-ի N56 գրության, որպես համայնքի կողմից չօգտագործվող և լուծարման ենթակա ինքնաշատրվանող հոր:

Թամարա Ասկարյանը պնդում է, որ Ռանչպար համայնքի ղեկավարը կառավարության որոշումների անվան տակ, սեփական նախաձեռնությամբ փակել է իր շահագործած արտեզյան հորը: Այդ ժամանակվանից ի վեր լարված հարաբերություններ են ստեղծվել բնակչուհու և համայնքապետի միջև:

Ռանչպարի համայնքապետը 66-ամյա Մանուկ Օհանյանն է՝ Հանրապետական կուսակցության անդամ: Ծնվել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում: 1976-2002 թվականներին աշխատել է իրավապահ համակարգում: Ունի փոխգնդապետի կոչում: 2002 թվականից մինչ հիմա Ռանչպար համայնքի ղեկավարն է:

Մանուկ Օհանյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ուժերով Թամարա Ասկարյանի համար անցկացվել են ոռոգման և խմելու ջրի ջրագծեր: Նախորդ տարի համայնքապետը գրությամբ Ասկարյանին հայտնել էր, որ ոռոգման և խմելու ջրի ջրագծերը լիովին բավարար են տնամերձ հողամասը մշակելու և կենցաղային կարիքները հոգալու համար:


Թամարա Ասկարյանը

Այնուամենայնիվ, Թամարա Ասկարյանը պնդում է, որ ինքը չի կարողանում լիարժեքորեն հոգալ իր կարիքները, քանի որ նոր ջրագծերի ջրի հոսքի ուժգնությունը թույլ չի տալիս դա: Նա ասում է, որ փակված արտեզյան հորը իրեն լիովին բավարարում էր, իսկ նոր ջրագծերը ուղղակի «աչքակապության» համար են:

Ոռոգման ջրագիծը, Թամարա Ասկարյանի խոսքով, չի համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, քանի որ 80 սմ խորության փոխարեն, գտնվում է 30 սմ խորությունում, և եթե նա այդ ջրով ամռանը ոռոգի իր հողամասը, ապա խողովակների մեջ մնացած ջուրը ձմռանը կսառչի և պոլիէթիլային խողովակը կպայթի:

Իսկ ինչ վերաբերում է խմելու ջրագծին, 69-ամյա կինը նշեց, որ դրա ջրի հոսքի ուժգնությունը կախված է իր հարևաններից:

«Միասնական ջրագիծ է: Իրենց մոտ հենց բացում են, իմ մոտ ջուրը կտրվում է: Առանց այդ էլ բարակ է գալիս, չեմ հասցնում ոչ նորմալ շոր լվամ, ոչ աման-չաման, ոչ էլ ուրիշ բաներ անել»,- դժգոհում է Թամարա Ասկարյանը:

Համայնքապետ Մանուկ Օհանյանը ասում է, որ Թամարա Ասկարյանն առանձին ջրագիծ է ուզում.

«Առանձին ջրագիծ քաշելու համար պետք է կենտրոնական ճանապարհից քանդենք, էդտեղից բերենք: Բայց էդ ամեն ինչը մեր հնարավորություններից վեր է, մենք չենք կարող հանրապետական նշանակության ճանապարհը քանդել, դրա միջոցներն էլ  չունենք: Ես իրան համ խմելու ջրով եմ ապահովել համ ոռոգման, չեմ հասկանում, թե էլ ինչ է պահանջում»,- նշեց Ռանչպարի գյուղապետը:

Թամարա Ասկարյանն էլ իր հերթին ասում է, որ իր ուզածն ընդամենը հավասար պայմանների ապահովումն է, ինչպես մնացած գյուղացիների դեպքում.

«Ուզում եմ ես էլ իմ հարևանների նման խմելու ու ոռոգման ջրի պակաս չունենամ: Մեծ կին եմ, հիվանդություն ունեմ, էդ ջրի սակավությունն առանց այդ էլ ծանրացնում է իմ ծանր վիճակը: 32 հազար դրամ թոշակ եմ ստանում, ոչ մի բանի չեմ հասցնում»,- նեղսրտած պատմում է Ռանչպարի բնակչուհին:

Թամարա Ասկարյանը Ռանչպար է տեղափոխվել 1988 թվականին Բաքվից: Զավակներ չունի, և ապրում է միայնակ:

Լուսանկարներն արվել են մարտ ամսին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter