«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը կալանքի տակ կմնա
«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց Խաչատուր Գիչյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ իր որոշումը։ Այն է` կալանքը որպես խափանման միջոց, թողնել անփոփոխ։
Նիստի ընթացքում Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց իր պաշտպանյալին ազատել կալանքից` նշելով, որ նա առողջական խնդիրներ ունի, սակայն գումար չունի կալանքը գրավով փոխարինելու համար:
«Գիչյանն անօրինական է պահվում կալանավայրում, նա ունի լրջագույն առողջական խնդիրներ, բազմիցս դատարանում նրա վիճակը վատացել է: Նրան կալանավորելու համար չի եղել իրավական հիմք: Գիչյանը և մյուս ամբաստանյալները հայտնվել են անազատության մեջ ժողովրդի իշխանությունը զավթած պետության կողմից կայացված քաղաքական որոշման արդյունքում: Միջնորդում եմ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, եթե դատարանը հնարավոր չհամարի ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չընտրելը»,- միջնորդությանը միանալով` ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
«Առաջարկում եմ այն գրավը, որ ինձ նշանակեցիք, տարածել բոլոր ամբաստանյալների նկատմամբ և էլ գրավ չկիրառել: Հաշվի առեք, որ 10 մլն դրամը չափազանց շատ է և բավական է բոլորի համար»,- առաջարկեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանը, որի նկատմամբ Խ. Գիչյանի միջնորդությունից րոպեներ առաջ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց՝ 10 մլն դրամ գրավ։
Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի` միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց Խաչատուր Գիչյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել։
71-ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի: Դատավորը բավարարեց պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը: Հետազոտությունը կպարզի, թե ինչ հիվանդություն ունի Գիչյանը, արդյոք դրանք վտանգավոր են կյանքի համար և որքանով են համատեղելի կալանքի հետ:
Մեկնաբանել