HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անապատի գիշերներում: Դուբայի հմայքը կանանց մեջ է

Էդիկ Բաղդասարյան
Արա Մանուկյան

Հայ կանայք Էմիրություններում հայտնվել են 90-ականների սկզբին: Հենց այդ ժամանակ ավիաչվերթեր բացվեցին Էմիրությունների ուղղությամբ, եւ կանայք կամաց-կամաց սկսեցին հիմնավորվել Դուբայում: 

Սկզբում նրանք առեւտրով էին զբաղվում` բերում էին էժան ապրանքներ եւ վաճառում Հայաստանում: Հետո տեսան, որ Դուբայում կա բիզնեսի ավելի շահավետ տեսակ, եւ վաճառքի հանեցին իրենց մարմինները: Ավելի գործունյաները, կապեր հաստատելով, որոշեցին Հայաստանից «արտահանել» աջիկներ: 

Հայաստանում կանանց վաճառքով զբաղվողներին «մամա ռոզաներ» են ասում, քրեական ամփոփագրերում նրանց անվանում են «կավատներ», իսկ Դուբայում նրանք բոսեր են: Նրանց հսկողության տակ աշխատում են հինգից մինչեւ քսան, երբեմն` երեսուն կանայք: 

Սկզբնական շրջանում կանայք Դուբայ էին մեկնում անմիջապես Հայաստանից: Երկու տարի առաջ, սակայն, էմիրություններում ընդունվեց օրենք, ըստ որի մինչեւ 31 տարեկան կանայք չեն կարող մուտք գործել այդ երկիր, եթե ամուսնու կամ ծնողների հետ չեն: 

Արդեն երկրորդ տարին է` սեքս-բիզնեսի ներկայացուցիչները մինչեւ 31 տարեկան կանանց էմիրություններ են տեղափոխում Ռուսաստանով: Հիմնականում` Մոսկվայով կամ Կրասնոդարով: Ռուսաստանում աղջիկների համար պատրաստում են կեղծ անձնագրեր, որոնցում նրանց տարիքը 31-ից բարձր է: Կանանց անուններն ու ազգանունները երբեմն նույնպես փոխվում են: 

Էմիրություններում աշխատող ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների համար չգրված, շատ պարզ օրենք է գործում` երբեք որեւէ վատ բան չգրել այս երկրի, հատկապես` Դուբայի մասին: Տեղի անգլալեզու թերթերում քրեական նորությունների հազվադեպ կարելի է հանդիպել: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ այս երկրում հանցագործությունները քիչ են: Մարդասպանությունների մասին գրեթե չեն գրում: Արաբալեզու թերթերում երբեմն ինչ-որ բան սպրդում է: Ասենք` 2004-ին անապատում հայտնաբերվել են ուզբեկ կանանց կտրտված դիակներ: Նույն թվականին անապատում սպանել են նաեւ մի հայ աղջկա. «Մենք մի քանի օր դուրս չէինք գալիս տներից:

Ոստիկանությունը այդ աղջկա նկարներով պտտվում էր, փորձում ինչ-որ բան իմանալ նրա մասին: Այդպես էլ ոչ ոք ոչինչ չասաց հայերից, չգիտենք էլ` ի՞նչ եղավ վերջը, նրա նկարը կպցրած էր Սայկլոնում, այլ դիսկոտեկներում»,-պատմում է երեւանցի Լ-ն: 

Դուբայի օդակայանում իջնելիս յուրաքանչյուր ուղեւորի աչքի բիբը նկարվում է, այսինքն` ստուգվում է, արդյոք այդ բիբը գրանցվա՞ծ է Միգրացիոն ծառայության «սեւ ցուցակում»: Եթե կա, տվյալ անձով անմիջապես զբաղվում է ոստիկանությունը: Հայ մարմնավաճառներից մեկը մեզ ասաց, որ Միգրացիոն ծառայության համակարգչից հնարավոր է ջնջել «սեւ ցուցակում» գտնվող աչքաբիբը: «Աբու Դաբիում գտնվող գլխավոր համակարգչից հանում են աչքերը եւ տվյալները: Փող են տալիս, հանում: Մեր աղջիկներից դիլիջանցի Դիանային մի անգամ դեպորտ են արել, աչքն էլ նկարել են, բայց երկու ամիս հետո ետ եկավ: Ահագին փող ծախսեց նրա բոսը` Անուշը, էդ տվյալները հանելու համար»,-պատմում է Լ-ն: 

Նելլին, որը Հայաստանի հայտնի կավատներից է եւ, ինչպես նշել ենք նախորդ նյութերից մեկում, իր մասնագիտությունը փոխանցել է որդուն եւ հարսին, այսօր գտնվում է Երեւանում: 

Յուրաքանչյուր հայ կավատ Դուբայում իր կողքին ունի մի տղամարդ` որպես սիրեկան եւ անվտանգության երաշխավոր: Նելլիի համար այդ դերում Համլետ Վարդանյանն էր: Նրան մի անգամ Էմիրություններից արտաքսել են: Երեւանում Համլետը փոխել է անձնագիրը եւ ազգանունը դարձրել Միքայելյան: Այժմ այդ ազգանունով Համլետը մեկնում ԱՄԷ եւ վերադառնում: Մեր տեղեկություններով` Նելլին այժմ Հայաստանում աղջիկների նոր խումբ է հավաքագրում: «Նա իր աղջիկներին տեղափոխում է Կրասնոդարով: Նրա ծանոթներն այնտեղ են: Յուրաքանչյուր կեղծ անձնագրով աղջկա համար նա մաքսավորներին վճարում է 1500 դոլար: Ինձ էլ այնտեղով տարավ, երբ մաքսավորը նայեց ինձ, ասաց` դու հիմա 31 տարեկան ես, հա՞: Իսկ ես էդ ժամանակ 20 էի: Ինձ տանում էր էդ Համլետը»,-պատմում է Նելլիի նախկին աղջիկներից Ն-ն: Նելլիին ունեցած վեց հազար դոլար պարտքը փակելուց հետո նա արդեն երկրորդ տարին է Դուբայի «Սեն æորջ» հյուրանոցում մարմնավաճառություն է անում առանց բոսի: 

«Ինտեր Սիթի» հյուրանոցը (Inter City Hotel) 

«Inter City» հյուրանոցի գիշերային ակումբը ժամը 3-ին ավարտում է աշխատանքը: Ժամը 8-ից արդեն մեծ թվով հայ կանանց կարելի է հանդիպել այստեղ` մոտ երեսուն հոգու: Ակումբում մենք հանդիպեցինք նաեւ արաբուհու տարազով մի հայ կնոջ, որը բիլիարդ էր խաղում ու արաբերեն խոսում տղամարդկանց հետ: «Inter City»-ի գիշերային ակումբի կանայք ավելի էժան են: Որքան էլ շպարված լինեն ու գայթակղիչ հագուստներ կրեն, միեւնույն է` նրանց դեմքերը «թոշնած են»: 

Հենց այստեղ մենք հանդիպեցինք երկու բոսերի, ովքեր ժամը 3-ին հյուրանոցի դիմաց վաճառում էին իրենց աղջիկներին: Մեկը Ուզբեկստանից էր, մյուսը` Հայաստանից:  

Ահա այդ կանանց լուսանկարները: Ուզբեկ կավատ Ամինան վաճառում էր 19-ամյա Ալեքային, իսկ հայ կավատը` 16-ամյա Ժասմինին: Նա անգլերեն ոչինչ չէր խոսում, ուստի նրա փոխարեն սակարկում էր բոսը` հիշեցնելով հաճախորդներին, որ աղջիկը տասնվեց տարեկան է եւ սեքսի մեջ նորաթուխ է, շատ բաներ չգիտի: 

«Inter City»-ի դիմաց փետրվարի 3-ին, առավոտյան ժամը երեքն անց տասին, երբ իմ գործընկեր Արան փորձում էր մի աղջկա հետ սակարկել, գինովցած մի արաբ սկսեց վիճել նրա հետ այդ աղջկա համար: Արան մի քանի անգամ ներողություն խնդրեց տղամարդուց, սակայն նա շարունակում էր բարձրաձայն ինչ-որ բաներ ասել: Հենց այդ պահին մոտեցավ տարազով մի արաբ, ցույց տալով վկայականը` ասաց, որ ոստիկանությունից է. «Ի՞նչ պրոբլեմ ունեք»,- հարցրեց նա Արային:  

Արան ասաց, որ ոչ մի խնդիր չկա: Ոստիկանի ներկայությունը, սակայն, չէր խանգարում հայ եւ ուզբեկ կավատներին վաճառել իրենց աղջիկներին, ինչպես եւ տասնյակ այլ աղջիկներին, ովքեր հաճախորդ էին «որսում»: 

Թըհարիյաթը` Քրեական հետախուզության ծառայությունը (Criminal Investigation department), իր գործակալներն ունի ամենուր: Նրանք գիտեն` որտեղ է աշխատում եւ ապրում այս կանանցից յուրաքանչյուրը, սակայն չեն խոչընդոտում, որովհետեւ սեքս-բիզնեսը այս երկրի տնտեսության բաղկացուցիչ մասն է: Եւ եթե ընդհանուր համակարգից հանվի այդ մասը, հնարավոր է` այս երկրում ամեն ինչ փուլ գա: «Դուբայի հմայքը այս կանանց մեջ է»,-ասաց «Մուվենպիկ» հյուրանոցում ապրող, բիզնես-ճամփորդության եկած վաթսունին մոտ մի հոլանդացի: 

Վճարելով` հաճախորդները երբեմն մտածում են, որ մարմնավաճառների հետ կարող են վարվել ինչպես մտքներով անցնի. «Պատահում է, որ ծեծում են, իհարկե: Ստիպում են անել բաներ, որոնք դու չես ուզում»,-պատմում է քսանմեկամյա Բ-ն, որը Դուբայի ամենագեղեցիկ հայ մարմնավաճառներից մեկն է: 

Բ.-ն Արարատյան դաշտավայրի գյուղերից մեկում է ապրում: Ունի մի տղա, որին թողել է ծնողների մոտ, իսկ ինքը «եկել է փող աշխատելու»: «Ամուսնուցս բաժանվել եմ: Չէի կարողանում գործ գտնել, որտեղ գնում էի, ինձ նախ առաջարկում էին իրենց հետ լինել, նոր աշխատանք տալ: Մեր հայերն այդպիսին են, եթե բաժանված ես, վերջ, ուրեմն քո մասին ամեն ինչ կարող են մտածել»,-շարունակում է Բ-ն: Նա փախստական է, Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից: 

«Սեն Ջորջ» հյուրանոցը (St. George Hotel) 

Սուրբ Գեւորգի անունը կրող այս հյուրանոցում հայ մարմնավաճառները հնաբնակ են: Արդեն 5 տարի է նրանք սպասարկում են այս հյուրանոցի հաճախորդներին: 

Մեր աղբյուրներն ասացին, որ «Սեն Ջորջ»-ի տերն ազգությամբ տաջիկ է, անունը` Իլյաս: Նա Շեյխ Մուստաֆայի եղբայրն է: Իսկ Մուստաֆան «Մետրոյի»` ամենամեծ տաքսի-ընկերության ( 3000 մեքենա) տերն է: 

«Սեն Ջորջ»-ում կան ռեստորաններ, գիշերային ակումբներ, դիկոտեկներ, բարեր: 

Այս հյուրանոցում են գործում «Բաքու բայ նայթ» ադրբեջանական ռեստորանն ու գիշերային ակումբը: 

Առավոտյան չորսին մտանք հյուրանոց: Մեզ ընդառաջ եկավ անվտանգության աշխատակիցը: Բարեւելուց հետո հարցրինք` որտե՞ղ կարող ենք աղջիկների շրջապատում ժամանակ անցկացնել: Նա մի պահ անակնկալի եկավ, հետո, ցույց տալով բարի ուղղությամբ, ասաց. «Ահա այնտեղ, բայց հիմա ուշ է, արդեն գնացել են»: Մենք մտանք բար: Երկու հայ կանայք նստած էին մի ծեր արաբի հետ: Նրանք անընդհատ ծերուկի ձեռքն էին շոյում: Կանանցից մեկն անգլերենով վարժ խոսում էր, մյուսը երբեմն ինչ-որ բառեր էր արտաբերում: Մենք սուրճ էինք խմում, երբ սկսեցին ներս ու դուրս անել ինչ-որ կանայք: Անվտանգության աշխատակիցները նրանց տեղեկացրել էին, որ երկու հաճախորդներ են հայտնվել բարում: 

«Սեն Ջորջ» մենք այցելել էինք նաեւ 2004թ.-ին` Դուբայ կատարած մեր երկրորդ այցելության ժամանակ: Հունիսի 23-ին կեսգիշերին «Սեն Ջորջ»-ի դիսկոտեկում էինք: 

Դիջեյը ողջունեց Ուզբեկստանից, Տաջիկստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից եկած հյուրերին` մարմնավաճառներին: Հայ ու ադրբեջանցի կանայք այստեղ մտերիմ են: Իրենց հայրենիքներից հեռու` միմյանց նկատմամբ թշնամանք ունեցող երկու ազգերին անապատի գիշերներում ամենից առաջ միավորում է մարմնավաճառությունը, ապա` նախկին ընդհանուր հայրենիքը եւ, իհարկե, ռուսերենը: 

Երբ հնչում է արաբական մեղեդին, պարահրապարակում հայտնվում են գինովցած տղամարդիկ եւ կանայք: Ցանկացած պար այս դիսկոտեկում շուտով վերածվում է պորտապարի: Հայ, տաջիկ, ադրբեջանցի, ուզբեկ կանայք երգչին զուգահեռ ձայնակցում են արաբերենով: Այս կանանցից յուրաքանչյուրն անգիր գիտի արաբական երգերը, որովհետեւ նրանց բոլոր գիշերները լի են արաբական մեղեդիով: 

Մեկնաբանություններ (2)

andranik
Hetq is blocked in Dubai, but do you know why??? Because the UAE police is directly involved into the sex trade in Dubai, information of Hetq causes them not to have Armenian girls in Dubai, it is that simple, the security forces in Dubai can track down any one in less than two hours, they know every thing about every one in Dubai, they even know how many times you flush you toilet per day. The most amazing thing is that they are an Islamic country, how do they have sex & prostitution in broad day light??? This is how the country makes money & this how Dubai was build, but people are amazed about Dubai with out knowing any thing of what is going on, they call it the attraction of Dubai, not for the biggest tower of the world but for the sex trade.
andranik
Tkac unem ayd Dubai vra vor mardkanc khapuma pogh shahelu hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter