HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Միդոյան

Վերաիմաստավորելով լքված տարածքները

ՄԱԶԾ «Կոլբա» նորարարական լաբորատորիա

Չերչիլն ասել է՝ սկզբում մենք ձեւավորում ենք շենքերը, հետո շենքերն են ձեւավորում մեզ։ Ելնելով մարդակենտրոն քաղաք կառուցելու գաղափարից՝ նույնը կարելի է ասել հանրային տարածքների մասին։ Երեւանի երբեմնի խնամված հանրային տարածքները, որոնք ձեւավորել էին քաղաքային տարածության նոր ընկալումներ, նոր քաղաքային մշակույթ եւ քաղաքականություն, ցավոք, ներկայումս լքված եւ անխնամ են։ Հոդվածը նվիրված է Երեւանի կորսված պատմությանը, իրականությանն ու մասնակցային ապագային։

«Մեծ քաղաքների համար տարածությունն էական նշանակություն ունի։ Դրանք կառուցված են համեմատաբար փոքր ֆիզիկական տարածքում սոցիալական մեծ տարածություն ստանալու սկզբունքով։ Սոցիալական մեծ տարածությունն առաջին հերթին հաղորդակցության հոսքեր են»,- ասում է սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը։

Հանրային տարածքները հանդիսացել են հավաքների, շուկաների, փառատոնների, արդարության, թատրոնի, հանդիպումների, քննարկումների, երաժշտության եւ ցանկացած գործողության, միջոցառման թատերաբեմ՝ հնարավոր դարձնելով սոցիալական փոխազդեցությունը եւ սոցիալական կապիտալի հարստացումը, իսկ երիտասարդության դեպքում՝ դառնալով սոցիալականացման հիմքը։ Մարդն իր առօրյայում կատարում է երկու խումբ գործողություններ՝ անհրաժեշտ եւ այլընտրանքային. երկուսի դեպքում էլ հանրային տարածքների հետ հարաբերվում է անհրաժեշտ եւ հավելյալ գործողությունների իրականացման ընթացքում։ Այսպիսով, հանրային տարածքներն իրենց խորհրդանշական բնույթով քաղաքային կյանքի անբաժանելի մասն են։ Հանրային տարածքները պատմության հետ «հարաբերվելու», կոլեկտիվ պատմություն կերտելու եւ նորարարության հարթակներ են։

Դր. Ջոան Կլոս, ՄԱԿ Հաբիթաթի գործադիր տնօրեն. «Քաղաքի բնութագրիչը հանրային տարածքներն են, ոչ թե՝ մասնավոր տարածքները»

Քանի դեռ Երեւան քաղաքի կառուցման տրամաբանությունը մարդկային հոսքի արդյունքում չի փոխվել՝ դառնալով ավելի ֆունկցիոնալ երթեւեկության համար, եւ քանի դեռ քաղաքը չի դարձել գերբնակեցված՝ պահանջելով ավելի լայն տարածքներ շենքերի կառուցման համար, ժամանակն է գնահատել եւ պահպանել չմասնավորեցված տարածքները, ժամանակն է` պնդել, որ քաղաքի կառուցման համար չափման միավորը մարդն է, ժամանակն է` դադարեցնել հանրային տարածքների կոպիտ մասնավորեցումը, քանի որ քաղաքաշինության մեջ անցյալի սխալների շտկումը չափազանց բարդ է, լավագույն դեպքում՝ շատ ծախսատար, որոշ դեպքերում՝ նույնիսկ անհնար։

Նկարազարդումների մարդուկը շենքերի ոգին է, ով մնացել է մենակ, անխնամ եւ ունի բոլորիս ընկերակցության կարիքը։

Ռաֆայել Իսրայելյանի նախագծած «Արագիլ» ռեստորանը Երեւանի խորհրդանիշերից մեկն էր։ Դեպի Երեւան բացվող ֆանտաստիկ տեսարանը, ալյումինե ամանով պաղպաղակն ու շեֆ-խոհարար Ստյոպայի պատրաստած ուտեստները «Արագիլի» այցեքարտն էին։

Այն ներկայումս կիսաքանդ է, «հյուրընկալում է» թափառական շներին կամ զուգարան փնտրողներին։ Կառուցապատման նպատակով մինչև 2015 թ. «Արագիլ» ՍՊԸ-ին տրամադրված է եղել ընդհանուր 3025.7 քմ` տվյալ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով: Աղբյուրը՝ այստեղ։ 

Ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի եւ Հովհաննես Մարգարյանի նախագծած Երեւանի ճոպանուղին ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք` օրական տեղափոխելով մոտ 500 ուղեւոր։ Ճոպանուղին աշխատում էր նույնիսկ 90-ականների ծանր տարիներին եւ, կարելի է ասել, միայն դրական հիշողություններ էր առաջացնում քաղաքացիների մոտ` որպես մոդեռնիստական հետաքրքիր կառույց։ Ներկայումս այն անխնամ է, լքված եւ ծառայում է որպես անօթեւանների կացարան։

«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը նախագծել է Ջիմ Թորոսյանը (համահեղինակ՝ Մկրտիչ Մինասյան)։ Այս կառույցը խորհրդային տարիներին արժանացել է պետական մրցանակի: Ներկայումս քաղաքի սրտում գտնվող մետրոյի կայարանի շրջակայքն անխնամ եւ քանդված է։

1898 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով (Ի. Վագապովի հեղինակած շինության շարունակությունը) Ամիրյան փողոցի այս երկհարկանի կառույցը Հռիփսիմյան գիմնազիայի կենտրոնական մասնաշենքն էր: Սեփականատերը պարբերաբար խնամում էր շենքը, բայց 1996 թվականից մինչեւ օրս այդ կառույցի դռները փակ են, այն ուրվականի պես տեղակայված է Ամիրյան փողոցի եռուզեռի կենտրոնում։ 

1935 թվականին անվանի գիտնականներ Ա. Կ. Մաղաքյանի, Ա. Ա. Հախվերդովի և Ն. Վ. Միրզոևայի ստեղծած բուսաբանական այգին էկոկրթական, գիտական հաստատություն է, որտեղ մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն՝ արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակներով։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։ Այգու տարածքը մոտ 80 հա է, որից 5 հա տարածք այրվել է 2015 թ.-ին։ 

 

Նորք տանող ճանապարհին է գտնվում «մառոժնիանոցը», որի մասին, ցավոք, տեղեկություններ չկարողացանք հավաքել, բայց ուրախ կլինենք լսել այդ տարածքի մասին ձեր հիշողությունները։

Հաշվի առնելով երկրի արագ ինդուստրիալացումը՝ դրանից բխող բնակչության կուտակումներով, կենցաղավարության նոր ձևերով, տրանսպորտի քանակական և որակական փոփոխություններով՝ 30-ականներին Ալեքսանդր Թամանյանը ձեռնամուխ է լինում «Մեծ Երեւան» անունով գլխավոր հատակագծի մշակմանը՝ 500.000 բնակչի համար։ Անչափ կարևոր էր «քաղաքի թոքերի» ստեղծումը, որը կազմելու էր ընդհանուր տարածքի 1/6-րդ մասը:

«Կարելի էր քաղաքի զանազան մասերում շինել մեծ թվով փոքր պարտեզներ, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ առանձին պարտեզներն ավելի քիչ դեր կխաղան քաղաքի զովության և խոնավության պահպանման գործում, քան ամփոփված կանաչը, որն իրենից ներկայացնելու է զբոսայգիների մի շղթա՝ ընդգծելով քաղաքի կանաչի խոշոր մասը»,- ասել է Ալ. Թամանյանը 1932թ.-ին:

 

Ցավոք, Օղակաձև այգին այլևս նախկին տեքսը չունի եւ չի կատարում իր հիմնական` քաղաքի օդը մաքրելու, առողջ միկրոկլիմա ստեղծելու գործառույթը եւ չի համապատասխանում Թամանյանի պատկերացումներին։ 

Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում ստորգետնյա անցումն իր տիպաբանությամբ առաջին բազմաֆունկցիոնալ կառույցներից էր, որտեղ ստորգետնյա անցման հիմնական գործառույթը համատեղվել էր առևտրային հավելյալ գործառույթի հետ։ Ստորգետնյա անցումը «Երևաննախագիծ» ինստիտուտում 1977-78թթ. նախագծել են ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Յուրի Դադալյանը և Ալբերտ Շաքարյանը։ Գետնանցման ապագա ծրագրերի մասին՝ շուտով։

Ապագայի քաղաքի մասին պատկերացումներ ունենալը՝ լինի հակաուտոպիական գիտական ֆիլմ, թե տնտեսության զարգացման նոր մոտեցում, կարող է ուղղորդել քաղաքի ձեւն ու գործառույթները։ «Կոլբա» նորարարական լաբորատորիան պատրաստ է համագործակցել քաղաքացիների հետ` մասնակցային մեթոդով քաղաքը ձեւավորելու համար։

Ֆոտոպատմությունը՝ Գոռ Կռոյան

Նկարազարդումը՝ Գոռ Սահակյանց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter