HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պրն. Փաշինյան,

Մենք՝ Երևան քաղաքի Աբովյան 11, 13 և Թումանյան 30, 32, Աբովյան փակուղի 5/1 շենքերի ներքոստորագրյալ բնակիչներս, նամակ էինք հղել նախկին վարչապետ Կ. Կարապետյանին, վարչապետի վերահսկողության պետ Ս. Գրիգորյանին (ումից դեռևս պատասխան չենք ստացել) և Քաղաքապետ Տ. Մարգարյանին, որտեղ հայտնել էինք  մեր խորին մտահոգությունները Թումանյան 30/1 հասցեի բակային տարածքում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման կապակցությամբ։

Առանց այն էլ «խեղդված» բակային տարածքում բազմահարկ շենքի կառուցումը լուրջ անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում․անհրաժեշտ չի ունենալ մասնագիտական կարողություններ, որպեսզի պատկերացնենք, թե ինչի կարող է վերածվել նշված տարածքը բազմահարկ շենքի կառուցման արդյունքում։

Մեր դիմումին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից ստացել ենք 50/ 1- 4 - 624 գրությունը (22.03.18թ.), որտեղ կցկտուր տեղեկությունների հաղորդմամբ քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ Թումանյան 30/1 հասցեում կառուցվող շենքի նախագիծը գտնվում է «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ» փուլում։

Չնայած վերը նշված հանգամանքին, կառուցապատողը ս.թ. ապրիլին, այնուամենայնիվ, սկսել է որոշակի աշխատանքներ՝ հատվել են ծառեր, իբրև թե քաղաքապետարանի թույլտվությամբ ցանկապատվել է «ենթադրվող շինհրապարակը», որի մեջ ներառվել են նաև հարակից տարածքները՝ այդ թվում միակ այգին, որը ժամանակին ստեղծվել է բնակիչների ուժերով և հանդիսանում է հանրային տարածք (վերջինս չգտնվելով կառուցապատողի կողմից ձեռք բերված բնակելի հին տների հողատարածության մեջ՝ հասկանալի չէ, թե ինչպես այն օտարվեց և հայտնվեց նրա տնօրինման ներքո)։

Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի «Հասարակայնության մասնակցությունը քաղաքաշինական գործունեության իրականացմանը» գլուխ 6-ում  (հոդ. 12, 13) նշված է, որ յուրաքանչյուր քաղաքաշինական գործունեություն իրականացվում է հասարակայնության ակտիվ մասնակցությամբ և նրանց նախապես իրազեկմամբ։ Դա չի արվել. նշված շենքերի բնակիչները չեն իրազեկվել և չեն մասնակցել որևէ քննարկման։   

Հասկանալի չէ, թե ավելացնելով բնակեցման խտությունը մի տարածքում, ուր շենքերի մուտքերը դուրս են գալիս դեպի բակ, ինչպես կարելի է ապահովել մարդկանց տարհանումը հրդեհի կամ այլ խոշոր աղետների դեպքում՝ խուսափելով խուճապային իրավիճակից, հնարավոր վնասներից և զոհերից:

Ի դեպ Թումանյան 30 և Աբովյան 11 շենքերի բակ մուտք գործելու միակ հնարավոր ճանապահը ունի մոտավորապես 4-4,5մ լայնություն, ինչը գործնականում մեկ մեքենայի տեղ է ապահովում: Բազմաֆունկցիոնալ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի (ըստ տվյալների 90 ավտոկայանատեղ) կառուցման դեպքում  մուտք գործել շենքերի տարածք, մեկ ավտոմեքենայի խափանման պարագայում, դառնալու է անհնար, էլ չենք խոսում հրդեհի կամ շտապ օգնության հասանելիության դեպքում առաջացող բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների մասին:

Մյուս կողմից հասկանալի է նաև, որ սեփականատերը իրավունք ունի իրեն պատկանող տարածքում իրականացնել կառուցապատում, բայց դա չի նշանակում, որ նա այդ ամենը պետք է իրագործի ծածուկ, զարտուղի ճանապարհներով՝ հաշվի չառնելով շրջակա միջավայրի պատճառահետեւանքային վնասները եւ ծանր վիճակը, բնակիչների պահանջները, քաղաքաշինական խնդիրները, սեյսմիկ ու հակահրդեհային անվտանգության հարցերը և այլն։

Ըստ հավաստի տվյալների (Ճ.Ն. N 01/18-05/1-Ղ-2023-941 բացատրագիր՝ տրված 14.11.2017թ) նախատեսված և մեզ հրամցված 3 ստորգետնյա և 8 վերգետնյա հարկայնությամբ շենքի փոխարեն «Պատվիրատուի պահանջով, շենքի կոնստրուկցիաների հաշվարկը կատարված է 3 ստորգետնյա և 12 վերգետնյա (մասնակի տեխնիկական հարկով) հարկերի համար», մինչդեռ շրջակա շենքերը չեն գերազանցում 6 հարկը, որոնք կառուցվել են դեռևս 60-ական թվականների սկզբին և արդեն կոմունիկացիաների խնդիրներ ունեն։

Բացի այդ, շենքերի ստորգետնյա մասով անցնում է մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի և Հանրապետության հրապարակը կապող գիծը, և դա նույնպես անհանգստացնող հանգամանք է:

Հաջորդիվ, N 01/18-Ղ-2023-1121 շինարարության թույլտվության համաձայն կառուցվող շենքը համարվում է բարձր ռիսկայնության 4-րդ կատեգորիայի  օբյեկտ։  Ըստ ՀՀ Կառավարության 04.09.2003թ N 1530-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի, ՀՀ Կառավարության 19.09.2001թ N 882 որոշման հավելված 2-ի 4-րդ կետի, ՀՀ Կառավարության 19.03.2015թ N 596-Ն որոշման 75-րդ կետի, չորրորդ կարգի օբյեկտների մասով պահանջվում է  անցկացնել համալիր փորձաքննություն` մասնավորապես ինժեներաերկրաբանական փորձաքննություն: Սակայն ցայսօր մեր կողմից պատկան մարմիններին կատարված բազմաթիվ հարցապնդումները` համապատասխան եզրակացություն ներկայացնելու մասին չեն բավարարվել և չեն ներկայացվել։

Բացի վերոնշյալը, կոպտորեն խախտվել է ՀՀ Քացաքաշինության նախարարի 14.10.2014թ. N 263-Ն հրամանի 79-րդ կետի պահանջները, այն է «Շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունները (կենցաղային խզումներ) հարկավոր է ընդունել. 2-3 հարկանի շենքերի համար` 18 մ, 4 հարկի` 24 մ-ից ոչ պակաս, իսկ շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև` 10 մետրից ոչ պակաս»:

Ավելին, 28.11.2007թ. Երևանի քաղաքապետի N 5074-Ա որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտավորման նախագծում» (Պետական պատվեր N ԱՇ 2Բ-06/312-1(1)) հստակ պատկերված է, որ նշված տարածքում պետք է կառուցվեր ստորգետնյա կայանատեղի, սակայն մեզ համար անհասկանալի պատճառներով այն վերածվել է բազմաֆունկցիոնալ շենքի։

Նշված փաստաթղթի առնչությամբ  քաղաքապետարանից (23.04.2018 N50/1 - Կ - 906  գրությունը) ստացվել է, մեղմ ասած,  տարօրինակ և ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի 6-րդ գլխի հոդ. 141 , 142, 143 –ին հակասող պատասխան: Ըստ այդմ նշված է, որ  «գոտիավորման նախագծի կառուցապատման էսքիզը չի կարող դիտարկվել պարտադիր պայման թաղամասի վերակառուցման համար, այլ կարող է հանդիսանալ որպես տարբերակային լուծում, հետևաբար թաղամասում շինարարական նորմերի պահպանմամբ նոր շենքի կառուցումը չի հակասում նաև գոտիավորման տվյալ տարածքի հաշվարկային ցուցանիշներին»։

Հարց է ծագում՝ ինչ նորմատիվ ակտի հիման վրա է նման պնդում արվում․ կարո՞ղ ենք եզրակացնել, որ դա քաղաքապետարանի քմահաճույքն է, եւ, այս դեպքում, ինչպես ցանկանա, այնպիսի որոշում էլ կարող է կայացնել։

Հավելենք, որ Քաղաքապետարանից իրար հակասող պատասխաններ են ուղարկում մեզ, իսկ բազմաթիվ հարցումներին պարզապես չեն անդրադառնում, չեն տրամադրում անհրաժեշտ փաստաթղթեր, օրինակ` այդ կառույցի վերաբերյալ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի եզրակացությունը, քննարկվող վերգետնյա հատվածի նախագծի պատճենը, աշխատանքների կազմակերպման նախագիծը, շինթույլտվություն տալու ժամանակ հանրային քննարկումը հավաստող փաստաթղթի պատճեն, ծառերի ու թփերի հատման և բուսաշերտի տեղահանման իրականացման վերաբերյալ լիազորված մարմնի կողմից թույլտվությունը և այլն:

   Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնկալում ենք.

  1. 1)       Ձեր կողմից հետամուտ լինել մեր հիմնավորված դժգոհությանը և վերադասության կարգով չեղյալ համարել N 01/18-Ղ-2023-1121 շինթույլտվությունըՃ.Հ.Ա N 01/18-07/1-1980-45 առաջադրանքն ու Ճ.Ն. N 01/18-05/1-Ղ-2023-941 նախագիծը,
  2. 2)       պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր թույլ են տվել վերը նշված խախտումները, վերականգնել բակի նախկին տեսքը, ապամոնտաժել շինհրապարակի ցանկապատերը, վերականգնել վնասված ասֆալտե ծածկը,

Միաժամանակ խնդրում ենք Ձեզ մեր դիմումը չվերահասցեագրել Քաղաքապետարան, քանզի նրանց պատասխանները հակասական են, երբեմն անհեթհեթություններով լի, հարցադրումներն այդպես էլ անպատասխան են մնում՝ նյարդայնացնելով բնակիչներին։

Հարգելի պրն. Փաշինյան, պատրաստ ենք ավելի մանրամասն ներկայացնել անօրինականությունների այն շղթան, որի արդյունքում նշված բակը վերածվել է շինհրապարակի։

 

Հարգանքներով՝

Աբովյան 11, Թումանյան 30, 32/1,Սայաթ Նովա 4,Աբովյան 5 նրբանցքի շենքերում  ներկայումս բնակվող 185 քաղաքացի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter