HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գործարարի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին. «Տպավորություն է ստեղծվում, որ գլխով անընդհատ խուլ պատի ես խփվում»

Հյուսիսային պողոտայի 10 շենքի թիվ 3 տարածքի սեփականատեր Նիկոլայ Դանիելյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ Նիկոլայ Դանիելյանը պնդում է, որ հարակից հանրային տարածքում սրճարանի գործունեությունը խախտում է իր սեփականության իրավունքը, որը ճանաչվել է նաև դատարանով:  Նիկոլայ Դանիելյանի նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: 

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ձեզ եմ դիմում ստիպված ՝ որպես վերջին ինստանցիա, որովհետև մինչ Ձեզ եղած բոլոր ինստանցիաները զարմանալի հետևողականությամբ միայն փորձում են խոչընդոտել արդարադատության վերահաստատմանը:

Խոսքը վերաբերվում է Երևանի սրտում ՝ Հյուսիսային պողոտայի 8֊րդ և 10-րդ շենքերի արանքում գտնվող տարածքին:
Ես ՝ Դանիելյան Նիկոլայս (10-րդ շենքի բնակիչ), ունեմ կոմերցիոն տարածք, որի մուտքը և լուսավորությունը փակել են իրենց անօրիանական սրճարանով՝ խախտելով գործող օրենքները: Երկու տարի պայքարելուց հետո վարչական դատարանը բավարարեց իմ հայցը, և սրճարանը ապամոնտաժվեց:

Վճռի մեջ նշված է՝ սրճարանին տրված փաստաթղթերը ապօրինի են և չունեն օրենքի ուժ։

Սակայն չանցած երկու օր նույն մարդիկ, միայն ընկերության անունը փոխելով, ոստիկանության և Կենտրոն համայնքի թաղապետի հովանու ներքո նորից սկսեցին մոնտաժել սրճարանը: Իմ բողոքներին ի պատասխան միայն հնչեց՝ «Դիմի՝ր դատարան»։
Ընդ որում` այս չակերտավոր նոր ընկերությունը օգտագործում է նույն կեղծ փաստաթղթերի ցուցակը, որը դատարանը արդեն անօրինական էր ճանաչել (փաստաթղթերի տակ քաղաքապետարանի առևտրի բաժնի պետ Էդոյանի և Կենտրոն համայնքի ղեկավար Սադոյանի ստորագրություններն են)։

Տպավորություն է ստեղծվում, որ պարոն Սադոյանը և իր գործընկերները արհամարհում են օրենքը և այլ մարդկանց իրավունքները՝ ամեն ինչից վեր դասելով իրենց անձնական շահը։ Եվ սա միակ դեպքը չէ։ Պարոն Սադոյանը հովանավորում է նաև Կասկադի տարածքում գտնվող այն կաֆեն, որը փակել է «Ռուսական արվեստ»֊ի թանգարանի պատուհանները, անտեսելով բազմաթիվ բողոքները։
Հարգելի վարչապետ, ես շատ լավ հասկանում եմ, որ այս բախտորոշ ժամանակահատվածում Դուք շատ ավելի կարևոր գործեր ունեք, բայց այն բանից հետո, երբ քաղաքապետարան ներկայացրած իմ դիմումը, որտեղ ես առաջարկել էի իմ հաշվին բարեկարգել տվյալ տարածքը (շատրվաններ, հուշարձան, կանաչապատում), մնաց անպատասխան, ինձ այլ ելք չէր մնում:

Հ.Գ. Այս հարցը նաև բազում անգամներ բարձրացրել են մի շարք լրատվամիջոցներ: Բայց ամեն ինչ ապարդյուն է անցել: Այն տպավորությունն է ստեղծվում, որ գլխով անընդհատ խուլ պատի ես խփվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter