HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետը կոչ է անում շրջանավարտներին զերծ մնալ համակեցության կանոնների խախտումներից

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Վերջին զանգի կապակցությամբ շնորհավորել է շրջանավարտներին՝ միևնույն ժամանակ կոչ անելով բացառել անգամ ամենաչնչին  իրավազանցությունը:

Ոստիկանապետի ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ շրջանավարտներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ:

Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց և լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը:

Մաղթում եմ, որ ձեր որոշումները լինեն հավասարակշռված ու դիպուկ, իսկ պատասխանատվությունը` արժանապատիվ և արժանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:

Մաղթում եմ, որ քայլը, որն այսօր անում եք, ձեզ հասցնի նախանշված նպատակներին, և այս օրը ձեր ողջ կյանքում հիշվի որպես լուսավորի, բարու, հաղթանակի ծննդյան օր:

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք, որովհետև ձեր ջանադիր ու հետևողական ինքնակատարելոգործումից են կախված մեր երկրի գալիք հաջողությունները, ձեր կայացումով է պայմանավորված այն տեղն ու դերը, որ կունենա Հայաստան պետությունն աշխարհում:

Սիրելի՛ շրջանավարտներ:

Մաղթանքներիս հետ ընդունեք նաև հորդորս. հենց այսօրվանի՛ց ձեզ դրսևորեք որպես երկրի տեր ու քաղաքացի, հենց այսօ՛ր` ձե՛ր օրը եղեք կարգապահության օրինակ, զերծ մնացեք համակեցության կանոնների խախտումներից, բացառեք ամենաչնչին իրավազանցությունն անգամ, որպեսզի «Վերջին զանգի» այս օրը լուսավոր ու տոնական մնա ձեր ու բոլորիս հիշողության մեջ:

Կրկին շնորհավորում եմ ու բարի ճանապարհ, սիրելի շրջանավարտնե՛ր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter