HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անմեղը քար չի նետի

Աստղիկ Սիմոնյան

«Թավշյա հեղափոխությունից» հետո տիրող ցնծության և տոնի մթնոլորտից հետո խիստ կարևոր է ճիշտ քայլեր անել և ապահովել, որպեսզի չհայտնվենք 1988թ. ազգային վերելքին հաջորդած իրավիճակում։ Խոսքս վերաբերում է իրական փոփոխությունները լոկ իշխանափոխությամբ չքողարկելուն և մեր ազգը չպառակտելուն՝ մերոնքականների և օտարների, քանի որ մեզ բոլորիս միավորող ընդհանուր համամարդկային արժեքներից բացի՝ մեզ միացնում է նաև սերը միևնույն ազգի, մշակույթի, լեզվի, «ցնորական երկիր Նաիրիի» ու նաև՝ իր բացակայությամբ առավել ներկա, Արարատ լեռան հանդեպ։

Գոյություն ունեցող համակարգի կոռումպացված լինելը հանրահայտ փաստ է, սակայն դժբախտաբար մենք բոլորս ենք միավորված պատասխանատվությամբ, որ կրում ենք այդ համակարգի համար։ Մենք բոլորս, նույնիսկ մեզնից լավագույնները, այս կամ այն չափով լուռ վկաներն ենք և ակամա մեղսակիցները այդ համակարգի, և այս կամ այն կերպ ծնել և սնել ենք այն՝ անտարբերությամբ կամ ձեռնպահությամբ, լռությամբ կամ արտագաղթով, շողոքորթությամբ կամ հարմարվողականությամբ։ Համոզված եմ, որ եթե մեզնից յուրաքանչյուրն իր ներսում, իր ինքնագիտակցությամբ՝ առանց կոչերի, «մերժեր Սերժին»՝ մերժեր համակարգին իր չպատկանելով, իր տեղում իր գործը անշահախնդրորեն և առավելագույնս անելով, ապա այդ անմարդկային համակարգն ինքնաբացարկ կհայտարարեր և անվավեր կդառնար յուրաքանչյուր՝ թող «ամենաթավշյա» հեղափոխություն։

Գլխավոր հարցն է, որին յուրաքանչյուրս պետք է պատասխանենք մեր ներսում՝ ինչո՞վ եմ ես՝ ինքս, պատասխանատու այս կոռումպացված, օլիգարխիկ համակարգի համար, որին դատապարտված ենք ազգովի անկախության հաստատումից ի վեր, և ինչպես կարող եմ մերժել այն իմ ներսում։ Այս պահին հեշտ է մեղավորներ գտնելը և նրանց դասակարգելը որպես «ազգի թշնամիների», սակայն դժվար է ինքներս մեզ խոստովանելը, թե արդյոք մեզ «ազգի թշնամիներից» չի՞ բաժանում զուտ այն փաստը, որ հնարավորություն չենք ունեցել զբաղեցնել նրանց գրաված պաշտոնները, այլապես մենք ևս վարված կլինեինք նույն կերպ։ Հնարավորություն՝ ոչ թե ցանկություն․․․․ Եվ հետևաբար, թող ցանկություն չունեցած, իրենց ներսում իրենց անմեղ համարող մարդիկ առաջինը «քար նետեն» մեղավորների վրա, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ Սերժի համակարգի մեծագույն շողոքորթներն են առաջին քար նետողները և Նիկոլի պաշտամունք սերմանողները։ Անձի պաշտամունք, որը միևնույն հին համակարգի մնացուկներից է և որը պետք է անհապաղ մերժել, այլապես կրկին կհայտնվենք կոտրած տաշտակի առջև։ Ի վերջո՝ այն ինչ միավորեց մարդկանց «թավշյա հեղափոխությունում» առավելապես ցասումն էր ընդդեմ տիրող անարդար համակարգի, և Սերժ Սարգսյանի վարչապետության հաստատմամբ՝ այդ համակարգի անհաղթելիության։ Եվ հետևաբար՝ այս հեղափոխությունn առավելապես «մերժման հեղափոխություն» էր, որին մեր ազգը նախապատրաստվել էր մարտի մեկով և հանուն որի անհուսությունից՝ դոնկիխոտյան ռոմանտիզմով իրենք իրենց անմնացորդ զոհասեղանին են մատուցել Սասնա Ծռերը և հաց բերող Արթուր Սարգսյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը դեռ քննություն ունի անցնելու, և եթե անձի գերակայությունը չփոխարինվի օրենսդրական մեխանիզմների գերակայությամբ, որտեղ անձի դերը նվազագույնի է հասցված, ապա կրկին կպարտվենք․․․

Համոզված եմ, որ այն փոքրաթիվ «անմեղները», որոնց ներսում է սկիզբ դրվել իրական «արարման հեղափոխությունը», որովհետև յուրաքանչյուր ճշմարիտ մերժում հանուն արարման է, քար չեն նետի և կոչ չեն անի քար նետել։ Նրանք լուռ կշարունակեն իրենց գործն անել սիրով և նվիրումով՝ մաքրագործելով իրենց մերձավորներին և ինչու չէ նաև «ազգի թշնամիներին»։ Ի վերջո, եթե «օտարները» ընտրում են ապրել նոր Հայաստանում, մենք պետք է նրանց, և հատկապես՝ նրանց սերունդներին, ովքեր չպետք է պատասխան տան իրենց նախնիների մեղքերի համար, ընդունենք իբրև՝ «յուրային» և հնարավորություն տանք իրենց սխալների համար զղջալու և փոխվելու։ Չէ՞ որ նոր Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիս ներսում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter