HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային կինոկենտրոնը պարզաբանում է

Ազգային կինոկենտրոնը պարզաբանում է տարածել վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող, Կաննի կինոշուկայում (մայիսի 8-17) այս տարվա հայկական տաղավարին վերաբերող  հրապարկումների, նյութերի, մեկնաբանությունների վերաբերյալ.

«Ներկայացնում ենք վերջին երկու հրապարակումների վերնագրերն ու հղումները՝  «Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին. «Դա սարսափելի քայլ էր», «Ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային»։ Դրանցում, մասնավորապես, խոսվում է, որ Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկայում չի ունեցել առանձին տաղավար, որ հայկական պատվիրակության անդամները (3 պրոդյուսեր և 1 թարգմանիչ) աշխատել են մեկ այլ տաղավարում (հղումը՝  լրագրող Կարեն Ավետիսյանի ֆբ-էջից ), չեն կարողացել կազմակերպել պատշաճ հյուրասիրություն, հանդիպումներ և ֆիլմերի պրեզենտացիաներ․․․Եվ, թե ինչպե՞ս և ինչո՞ւ է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը իբր խոչընդոտել ու տապալել հայրենական կինոն Կաննի կինոշուկայում ներկայացնելու գործընթացը։

Բարձրացված  բոլոր հարցերին  լիարժեք պատասխանելու համար Ազգային կինոկենտրոնի կոմից ներկայացնում ենք պարզաբանում՝  հենվելով Կանն մեկնելու նախապատրաստական աշխատանքների փաստաթղթերի, գրությունների բովանդակության վրա։

2018 թ․ մայիսի 8-17-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության 07․04․ 2018 թ․ հրամանով հայտարարվեց կինոնախագծերի մրցույթ, ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով, որի կազմում  ընդգրկված էին Արսեն Բաղդասարյանը (նախագահ), Գուժ Թադևոսյանը, Կարեն Ղազարյանը, Արմեն Գրիգորյանը, Հայկ Սահակյանցը և Իննա Սահակյանը։ Արդյունքում,  ներկայացված 6 կինոնախագծից ժյուրիի որոշմամբ հաղթող էին ճանաչվել Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկի», Ելենա Արշակյանի «Հարճը» և Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները» նախագծերը։

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը բազմիցս գրավոր և բանավոր  դիմել է Կաննի շուկայի հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար և ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանին՝  տրամադրելու լիարժեք  տեղեկատվություն տարվող աշխատանքների, գործողությունների քայլերի մասին՝ ընդհուպ տեղում պայմանավորվածությունների ժամանկացույցի, ինչպես նաև կինոշուկայում տաղավարի վարձակալության պայմանագրի, պատվիրակության անդամների, նրանց զբաղվածության և այլ կարևոր հարցերի մասին։

Արսեն Բաղդասրյանը (06․04․2018թ․զեկուցագրով ) չի պատասխանում հարցումներին։ Կինոկենտրոնի տնօրենը 25․04․ 2018թ, նոր գրությամբ կրկին դիմում է Ա․Բաղդասարյանին՝  ներկայացնելու Կաննի կինոշուկայի հետ կապված բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ նաև  Կաննի կինոշուկայի տաղավարի վարձակալության պայմանգրում նշված Film commission of the Armenia  կազմակերպության իրավական փաստաթուղթը՝ վկայականը։  

Այդ օրերին, երբ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը , ապրիլի 19-22-ը մեկնում է Մոսկվա՝ գործուղման, կինոկենտրոնից ապրիլի 20-ին գրություն է ներկայացվում նախարարություն՝  Կաննի կինոշուկայի մասնակցության ամբողջական ծրագրով և նախահաշվով։ Վերադարձից անմիջապես հետո, տեղեկանալով գրության մասին, նախարարությանն ուղղված  ապրիլի 25-ի  մեկ այլ գրությամբ  խնդրում է կասեցնել և անվավեր  համարել 20․04․2018թ․ կինոկենտրոնի ներկայացրած գրությունը, քանի որ այն ամբողջովին սխալ  է իր բովանդակությամբ և հիմնավորող փաստաթղթերով։

Ստեղծված իրավիճակում, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շ․Միրզախանյանը 04․05․2018թ․ նախարարությանն ուղղված իր գրությամբ հայտնում է, որ  Արսեն Բաղդասարյանի կողմից ներկայացված Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մայիսի 8-17-ը  անցկացվող կինոշուկայի մասնակցության ծրագրի վերաբերյալ ունի առարկություններ, քանի որ դրանում բացակայում են  նախապես հաստատված աշխատանքային ժամանակացույցը, ամրագրված հանդիպումները և հրավերները այլ կազմակերպությունների հետ։

Նշենք, որ Արսեն Բաղդասարյանը կինոշուկայի ծրագրում պատրաստվում էր հանդիպումներ ունենալ Եվրոպական տեսալսողական դիտարանի և Եվրիմաժի  հիմնադրամի ներկայցուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանում կինոարտադրության պետական կառավարման նոր մոդելի և հանձնակատարի ինստիտուտի գործունեությունը, երիտասարդ կինոգործիչների բացահայտման և աջակցության ծրագրերը, ինչպես նաև Հայաստանը որպես նկարահանումների բարենապաստ վայր առաջարկելը։ Կինոկենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ այդ երկու եվրոպական կառույցները նման հարցերով չեն զբաղվում։  Ավելին, Կաննի փառատոնի շրջանակներում  անցկացվող Եվրիմաժի թեմատիկ խմբերի նախապես հաստատված աշխատանքներին կողմնակի անձինք չեն կարող մասնակցել։ Հավելենք, որ պատվիրակությունը պատրաստվում էր կինոշուկայում ներկայացնել նաև դեռևս քննարկումների փուլում գտնվող «Կինոյի մասին օրենքի» նախագիծը։

Ելնելով  այս իրավիճակից , Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը որոշում է կայացնում կինոշուկա ուղարկել երեք հաղթած կինոնախագծերի պրոդյուսերներին, և համաձայն նախարարության կողմից մրցույթի հաստատված կարգի՝ ապահովելով նրանց  կինոշուկայի հավատարմագրերով, ավիատոմսերով և ուղևորափոխադրումներով ։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը պայմանվորվածություն է ձեռք բերում ֆրանսաբնակ մեր հայրենակից, բարերար Ռայմոնդ  Եզեգելյանի հետ (նա տարիներ շարունակ աջակցել է հայկական պատվիրակությանը կինոշուկայում աշխատանքների կազմակերպական գործում), որպեսզի հենց նրանց տաղավարում էլ այս տարի աշխատի հայկական փոքրաթիվ պատվիրակությունը (այս պարագայում ողջամիտ որոշում էր, քանի որ մասնակիցները չունեին նախնական այնպիսի պայմանավորվածություններ և կարևոր հանդիպումներ, որը անհարմար իրավիճակ կստեղծեր նրանց և հյուրերի համար)։

Հ․Գ․Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա Կաննի կինոշուկայի արդյունքների մասին հարցումները մամուլում և մասնագիտական շրջանակներում այդպես էլ չստացան լիարժեք պատասխան։ Վերջին հարցումը այդ մասով հնչեցվել է 2018թ․ մարտի 6-ին՝ նախարությունում կայացած մամուլի ասուլիսում։ Ստորև ներկայացնում ենք հղումը, սակայն, պատասխանը նույնն էր, ինչպես  նախորդ տարվա հրապարակումներում՝

http://hetq.am/arm/news/80303/huyzh-gaxtni-kannum-hh-petakan-droshi-nerqo.html,  
http://m.aravot.am/2017/12/22/927878,
http://m.aravot.am/2017/05/11/884731:

Այս շարքը, թերևս, կարելի է շարունակել, սակայն բավարարվենք այսքանով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter