Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Պետգնումներով 2017-ի ամենախոշոր պայմանագիրը կնքվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընկերության հետ


2017-ին պետական գնումներով ամենախոշոր պայմանագիրը կնքվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սևան» ընկերության հետ: Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ 873 միլիոն դրամ։ 

Պետական գնումների խոշոր պայմանագրերը հիմնականում շահում են պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները:

2017 թվականին 5 ամենախոշոր պայմանագրերը կնքվել են «Արփա-Սևան», «Ֆլեշ», «Սուարդի», «Էյէմփիջի գրուպ», «Իայսիտելեկոմ» ընկերությունների հետ: Այս տեղեկատվությունը «Հետք»-ի գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել են  ֆինանսների նախարարությունից:

«Արփա-Սևան» ընկերության տնօրենը պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին է՝ Պարույր Հակոբյանը:  2017 թ փետրվարի 14-ին ընկերության հետ Ջրային տնտեսության պետական կոմիտեն է կնքել 1 միլիարդ 873 միլիոն դրամի պայմանագիր։ 

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել էր մինչ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել Արփա-Սևան N 2 թունելի վթարային հատվածներում:

Երկրորդ խոշոր պայմանագիրը պաշտպանության նախարարությունը կնքել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության հետ: 1 միլիարդ 864 միլիոն դրամ արժողությամբ այս պայմանագրով ընկերությունը ՊՆ-ին մատակարարել է «Պրեմիում», «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին, ամառային և ձմեռային դիզվառելանյութ: «Ֆլեշ» ընկերության հետ  պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին: Հիշեցնենք, որ 2016 թվականին «Ֆլեշ»-ի հետ ամենախոշոր պայմանագիրն էր կնքվել: Այդ տարի ընկերությունը պետական բյուջեից ստացել էր 2 միլիարդ 342 միլիոն դրամ և պաշտպանության նախարարությանը մատակարարել ավտոբենզին եւ դիզվառելիք: Պայմանագրի արժեքի գրեթե կեսը ուղղվել էր «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին ձեռք բերելուն:

Երրորդ խոշոր պայմանագիրը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կնքել է իտալական «Սուարդի» բաց բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ: Մոտ 1 միլիարդ 528 միլիոն դրամ է ստացել այս ընկերությունը  Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 103 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար: Ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը Ֆիլիպպո Դուզիոնին է, ով նաև հանդիսանում է սառեցված սննդամթերքի արտադրությամբ զբաղվող «Իտալգուստո Ֆուդ» ընկերության տնօրենը:

Հիշեցնենք, որ «Սուարդի» ընկերությունը 2016 թ.-ի դեկտեմբերի 5-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Սեւանի քաղաքապետարանից 70 մլն 674 հազար 756 դրամ բռնագանձելու պահանջով: Ընկերությունը 2015 թ.-ին ասֆալտապատման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Սեւան քաղաքում, որի դիմաց չի վճարվել: Սակայն հետագայում ընկերությունն ու Սևանի քաղաքապետարանը հաշտության համաձայնագիր էին կնքել, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ.-ի հոկտեմբերի 12-ին որոշել էր գործը կարճել:

Չորրորդ խոշոր պայմանագիրը կնքվել է Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «Էյէմփիջի գրուպ» ընկերության հետ: Պետական եկամուտների կոմիտեն հյուպատոսին պատկանող ընկերությանը փոխանցել է 1 միլիարդ 411 միլիոն դրամ՝ 37 միլիոն հատ «Ալկոհոլային խմիչք» և մոտ  296 միլիոն հատ «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար: Ընդհանուր առմամբ 1 միլիարդ 65 միլիոն դրամ  է հատկացվել ծխախոտի ակցիզների տպագրության համար, 346 միլիոն  դրամ էլ՝ ալկոհոլի ակցիզների տպագրության համար: 

Հավելենք, որ «Էյէմփիջի գրուպ»-ի 2016թ.-ի գործարքը երկրորդ խոշորն էր՝ «Ֆլեշ»-ից հետո: 2016-ին ՊԵԿ-ի հետ կնքած պայմանագրով ընկերությունը` ներմուծվող և տեղական ալկոհոլային խմիչքների (45 մլն հատ), ծխախոտի (259 մլն հատ) և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների (500 մլն հատ) պոլիմերային թաղանթի հիմքով «2017» թվագրությամբ և օրենքով սահմանված ստանդարտներով դրոշմապիտակներ էր տպագրել: Պետբյուջեի համար այս պայմանագիրը արժեցել էր 1 միլիարդ 891 միլիոն դրամ։

Խոշոր պայմանագրերի հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունը, որի հետ 960 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել կառավարության աշխատակազմը: Պայմանագիրը կնքվել է ապրիլի 2-ին կայացած ընտրությունների գործընթացը կազմակերպելու նպատակով: Ընկերությունն ընտրության օրը ընտրական բոլոր տեղամասերում իրականացրել է ընտրական գործընթացի ձայնային հաշվարկի տեսանկարահանում, տեսանյութի պահպանում, ըստ պահանջի՝ պատճենների տրամադրում: Իսկ ինտերնետային ծածկույթով ապահովված տեղամասերում նաև առցանց հեռարձակման և կենտրոնական պահոցում տեսանյութի պատճենի պահպանման համակարգի ներդրում, գործարկում: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության սեփականատերը Երվանդ Սիմոնյանն է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ անդրադարձել էինք նաև 2016 թվականի խոշոր պայմանագրերին և պարզել, որ պետական մարմինները այդ պայմանագրերը կնքել էին պաշտոնյաներին փոխկապակցված ընկերությունների հետ: Մասնավորապես՝ ամենախոշոր պայմանագիրը կնքվել էր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության, ապա հաջորդաբար՝ Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանի «Էյէմփիջի գրուպ», ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանին պատկանող «Գեվգրիգ», ՀԿԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի ազգական Ռուբեն Բաղդասարյանի «Խաչհար», պաշտպանության նախարարության աշխատակից Գաստելո Մկրտչյանի «Ավանգարդ» ՍՊԸ-ների հետ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (2)
1. Hagop01:34 - 27 մայիսի, 2018
Again. Corruption in Armenia. The first Christian nation. This is shameful and embarrassing. JAIL JAIL JAIL is where corrupt businessmen and officials must go. The Diaspora demands LAW AND ORDER in Armenia! Mr. Pashinyan, you have work to do and the world is watching. You will need more JAILS in Armenia for your corrupt officials.
2. sos14:46 - 30 մայիսի, 2018
I dont know why Suardi is even mentioned. They did not get that 103km job.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։