HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հրապարակվել է տուգանքների վերաբերյալ համաներման նախագիծը

Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» առաջարկությունը, որը վերաբերում է տեսախցիկների և արագաչափերի համար կուտակված տույժ ու տուգանքի համաներմանը: Նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում: Նախագծով առաջակվում է ամրագրել, որ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի մեկը վարչական իրավախախտումների համար տուգանքի ենթարկված և այդ տուգանքները չվճարած անձանց նկատմամբ համաներում լինի: Համաներումը տարածվելու է վարչական օրենսգրքի հետևյալ հոդվածների վրա.

123. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցներ վարելը:

Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը:

Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը:

Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը:

123.1 Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը:

123.3 Տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը:

123.4 Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը սահմանված տեղում չփակցնելը:

123.5 Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը:

 Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը:

Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը:

Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը:

123.6 Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի`

123.7  Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը:

124 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը:

Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաև լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը:

Երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը:

Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը:

Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը:

Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը:

Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը:

Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը:

Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ:

Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, և եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք:

Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի), ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը:

Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը:

124.1 Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք:

124.2 Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը:

124.3 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով:

124.4  Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը:

Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը:

124.6  Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ:

124.7 Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը:

125 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծերը երկաթուղային գծանցներով չհատելը, երկաթուղային գծանցներով անցնելիս ճանապարհը գնացքին (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չզիջելը:

Երկաթուղային գծանցին մոտենալիս գծանցի հերթապահի ցուցումներով, լուսացույցի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով չղեկավարվելը:

Փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (անկախ լուսացույցի ազդանշանից), լուսացույցի արգելող ազդանշանի (անկախ ուղեփակոցի առկայությունից և դիրքից), տեսանելիության սահմաններում գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) մոտենալու, գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքերում վարորդի կողմից գծանց մուտք գործելը:

Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդի կողմից ուղևորներին անհապաղ չիջեցնելը, գծանցն ազատելու համար միջոցներ չձեռնարկելը, տրանսպորտային միջոցի մոտ չմնալը, ընդհանուր տագնապի ազդանշան չտալը, ինչպես նաև գնացք երևալու դեպքում կանգառի (տագնապի) ազդանշան տալով ընդառաջ չվազելը:

 Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները շրջանցելը, ուղեփակոցը ինքնակամ բացելը, առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության դանդաղընթաց մեքենաներով 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ գծանցով երթևեկելը և տրակտորային քարշատափաններ քարշակելը:

Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հաջորդող տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես կանգառի (տագնապի) ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):

 Գծանցի հերթապահի արգելող ազդանշան են համարվում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:

128 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը:

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը:

Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը:

129.2 Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը:

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագրի ներկայացումը (ԱՊՊԱ պայմանագիր ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է:

131 Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը:

 Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը:

Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը:

Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը:

 Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը:

 Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը:

132 Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը:

Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը:

Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը:

Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու 
իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը:

135.2 Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը:

140 Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով):

Առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը:

Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը:

Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ E-draft.am-ում հայտնված նախագծերը նախարարությունների ներկայացրած աշխատանքային տարբերակներն են, և չի բացառվում, որ մինչ կառավարության օրակագում հայտնվելը այն լրամշակված ներկայացվի:

Լուսանկարում՝ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ներկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես անհնազանդության ակցիա` փակում է արագաչափը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter