Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Սարի թաղում տները սողանքից փլվում են


Սարի թաղի տասնյակ տներ օրեցօր վերածվում են աղետի օջախի՝ փլուզման վտանգի առաջ են։ Պատճառը ստորգետնյա ջրերն են, որոնք որոշ տներում ուղղակի դուրս են հորդում հատակից։  

Որոշ բնակիչներ տան ներսում բետոնից ջրատարներ են բացել ջուրը տնից դուրս հանելու նպատակով։

Սարի թաղի տարեց բնակիչները պատմում են, որ թաղամասի վերեւի հատվածում լճակ կար, որը1950-ական թվականներին հողով փակել են։ 1988 թվականի երկրաշարժից հողը ցնցվել է, որին հաջորդել է ստորգետնյա ջրերի հոսքը դեպի Սարի թաղ։

Արդեն մեր օրերում՝ սողանքը սպառնում է Սարի թաղի մի քանի փողոցների։ Բնակիչները որեւէ կերպ չեն կարողանում կասեցնել պատերի փլուզումը։ Վերանորոգումից հետո ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում պատերի վրա նոր ճեղքեր են առաջանում։

Այցելեցինք բակեր, որտեղ հենապատերը կամ հատակի բետոնը կեսից մինչեւ մեկ մետրի չափով նստվածք են տվել։ Որեւէ տուն այս թաղամասում վթարայինի կարգավիճակ չունի։

Բնակիչները համայնքային իշխանություններից որեւէ հստակ տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե ինչ է լինելու ապագայում։

Երեւանի քաղաքապետն անգամ չի պատասխանել «Հետք»-ի՝ ապրիլի 3-ին ուղարկված հարցմանն այն մասին, թե որքանով է քաջատեղյակ Սարի թաղում ստորգետնյա ջրերի պատճառով տների փլուզման վտանգի մասին, արդյոք քաղաքապետարանի մասնագետներն ուսումնասիրե՞լ են խնդիրը եւ դրա պատճառները:

Միակ տեղեկությունը, որ քաղաքապետարանից բանավոր փոխանցել են, հետեւյալն է՝ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ Սարի թաղ են այցելել հիդրոերկրաբաններ։

Քաղաքապետարանից չեն պատասխանել նաեւ այն հարցին, թե ինչու՞ որոշ տներ չեն սեփականաշնորհվել:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։