HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիսով չափ լիքը եւ կիսով չափ դատարկ բաժակի մասին

Ռուս-վրացական ցամաքային տարանցումների նոր ուղիների մասին

Մայիսի 24-ին Պրահայում տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում  ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի ԱԳ փոխխոսնակ Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Նրանց քննարկման թեմաների առանցքը Ռուսաստանից Վրաստան բացի Վերին Լարսից հավելյալ ուղիներով ցամաքային բեռնափոխադրումների հարցն էր, որը օրակարգ մտավ դեռեւս այն ժամանակներից, երբ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ դառնալու համար անհրաժեշտ էր ստանալ Վրաստանի համաձայնությունը, այդ հարցում բացի Վրաստանից ԱՀԿ բոլոր անդամ երկրներն արդեն դա արել էին։ տարիներ տեւող բանակցություններն ընթանում են ծանր, երբեմն՝ խզումներով։ Վրաստանը երկար ժամանակ դիմադրում էր, քանի որ դա անուղղակիորեն նշանակում էր Ռուսաստանի կողմից 2008 թվականին ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի (Վրաստանում այս հանրապետությունը անվանում են Ցխինվալիի շրջան) պետական սահմանների լեգիտիմացում։

Աբաշիձե-Կարասին այս վերջին հանդիպման չոր մնացորդը դիվանագետների հայտարարություններն էին այն մասին, որ որոշել են մինչեւ վերջ հասցնել  2011 թ․ պայմանավորվածությունների իրականացումը։ Նաեւ՝ որ այս անգամ էլ աբխազական երկաթգծի վերագործարկման մասին խոսք ոչ մի համատեքստում չի եղել։

Քաղաքականությունը մի կողմ, տնտեսությունը՝ մյուս կողմ

Որքան էլ ռուս-վրացական հարաբերությունները 2008 թ․ պատերազմից հետո այսօր էլ կարգավորված չեն, եւ չեն վերականգնվել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները, դրանք սուր ճգնաժամային անվանել չի կարելի։ Սկսած դեռ Սահակաշվիլիի կառավարման տարիներից աստիճանաբար ընդլայնվում են վրաց-ռուսաստանյան տնտեսական, հումանիտար համագործակցության ծավալները, ավելի ու ավելի մեծանում են Ռուսաստանից Վրաստան տուրիստական հոսքերը։ Սրան նպաստեց Մ․Սահակաշվիլիի կողմից միակողմանի Ռուսաստանի հետ անցագրային ռեժիմի չեղարկումը։ Այն ժամանակ (2012 թ․) շատերի համար ինքնատիպ վրաց գործչի այդ քայլը Վրաստանում տարակուսանք առաջացրեց, քանի որ դա դեմ էր գնում երկրում տարածված քաղաքական ընկալումներին․ Ռուսաստանն է հրահրել 2008 թ․ օգոստոսյան բախումները եւ օգնել է Աբխազիային ու Հարավային Օսիային դե յուրե ձեւակերպելու իրենց անկախացումը Վրաստանից։ Իսկ Ռուսաստանում գտնվեցին գործիչներ, որոնք գնահատեցին այդ քայլը որպես Սահակաշվիլու հերթական փիառ գործողությունը։  

Վրաստանը չգնաց նաեւ ռուսական կապիտալի բռնագրավման  ճանապարհով, որը տարեցտարի սկսեց կենտրոնանալ Վրաստանի էներգետիկ եւ բանկային համակարգերում, ծառայությունների բնագավառում, սկսած դարձյալ Ռուսաստանի նկատմամբ «Վրացական երազանքից» ավելի կոշտ քաղաքականություն վարող Սահակաշվիլիի հետպատերազմյան տարիներից (2008-2012 թթ)։ Վրաստանի Ազգային վիճծառայության՝ «Սաքստատ»-ի 2018 թ տարեսկզբին հրապարակած տվյալներով Ռուսաստանը մտել է Վրաստանի առաջին երեք գլխավոր առետրային գործընկեր պետությունների խումբը (ըստ ապրանքաշրջանառության ծավալների՝ առաջին տեղում Թուրքիան է՝ 112 մլն դոլար, հետո՝ Ռուսաստանը՝ 94,1  մլն դոլար, ապա՝ Ադրբեջանը՝ 91,1 մլն դոլար)։

Այս ամենը փաստում  է, որ վրաց-ռուսական հարաբերություններում տնտեսական պրագմատիզմը եւ քաղաքական տարաձայնությունները հիմնականում կողք-կողքի գործող հոսքագծերով առաջ գնացող իրողություններ են։ Որոնք սակայն կարող են եւ միախառնվել  պահի հրամայականից ելնելով։

Նույն տրամաբանության մեջ են նաեւ Ռուսաստանից Վրաստան ցամաքային բեռնափոխադրումների նոր ուղիների գործարկման հարցին ռուսաստանյան եւ վրաստանյան պաշտոնական մոտեցումները։ 2011 թվականից հետո, երբ կնքվեց այդ մասին ռուս-վրացական համաձայնագիրը, կազմակերպվեցին մի շարք բանակցություններ Աբաշիձե-Կարասին ֆորմատով։ Արդյունքում, գտնվեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի լեգիտիմացումը շրջանցող տարբերակը, ինչը վրացական կողմի առաջնահերթ պահանջն էր։ 2017 թ դեկտեմբերին Վրաստանը համաձայնագիր ստորագրեց շվեյցարական SGS ընկերության հետ երկու ուղղություններով տարանցվող բեռների մոտինորինգի համար։ Դրանից հինգ ամիս անց, Աբաշիձե-Կարասին պրահյան այս վերջին հանդիպուման նախօրեին՝ մայիսի 18-ին, նույն կարգի պայմանագիր SGS-ի հետ կնքեց նաեւ Ռուսաստանը։

Ձախից` Աբաշիձե, Կարասին

Փոխզիջումային ծրագրի մյուս կարեւոր բաղադրիչն այն է, որ համաձայնագրերում ռուս-աբխազական եւ աբխազա- վրացական, ռուս-հարավօսական ու հարավօսավրացական սահմանային մաքսակետեր չեն նշված, իսկ շվեյցարական ընկերությանը վերապահված է միայն դիտարկող- արձանագրողի, այլ ոչ թե մաքսային որեւէ գործառույթ։

Արդեն բազմիցս եւ ռուսաստանցի, եւ վրաց պաշտոնյաները նշել են, որ խոսքը երկու կողմերի միջեւ բեռնափոխադրման միջանցքներ բացելու մասին է, որոնց արդյունքում կթեթեւանա Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործող միակ ցամաքային անցակետը՝ Վերին Լարսը։ Գտնվել է նաեւ  վրացական կողմի համար զգայուն հարցի լուծումը։ Վրացական մաքսակետերն այդ միջանցքներում կտեղակայվեն այն հատվածներում, որոնք անմիջապես չեն գտնվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սահմաններին․ Կազբեգիի եւ Գորիի շրջաններում։

Քաղաքական-տնտեսական խնդիրներով շրջակա քայռակը

Որքան էլ որ ռուս եւ վրացի դիվանագետները հայտարարում են, թե բեռնափոխադրումների հավելյալ ուղիների գործարկման ծրագիրը չի ոտնահարում այլ երկրների շահերը, իհարկե, այն ունի նաեւ հավելյալ 4 այլ անմիջական կամ միջնորդավորված շահառուներ` ի դեմս Աբխազիայի, Հարավային Օսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի։

Վրաց-ռուսական քաղաքական-լոգիստիկ փոխզիջումը հարցեր է առաջացնում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում․ թեկուզեւ այսպես կոչված տարանցիկ միջանցքների սկզբնակետերը հնարավոր է եղել սահմանել ոչ աբխազական եւ ոչ հարավօսական սահմանների հենց վրա, բայց միեւնույն է, իրականում բեռներն այսպես թե այնպես անցնելու են Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներով։ Այս հանրապետությունները, բնական է, պահանջում են, որ իրենք էլ պետք է մասնակցեն բեռնափոխադրումների բանակցություններին։ Նրանց պահանջը չի կարող բավարարվել,  քանի որ այդպես դարձյալ իրեն զգացնել է տալու այս երկու երկրների պետական լեգիտիմացման զգացողությունը վրացական կողմում։

Ադրբեջանի համար սա, իհարկե, ունի բացառապես քաղաքական նշանակություն՝ կապված Հայաստանի որոշակի ապամեկուսացման հնարավորության հետ։ Դատելով, թե Ադրբեջանն ինչ դյուրագրգռվածությամբ է առհասարակ վերաբերվում բոլոր այն թեկուզեւ տեսական տարբերակներին, որոնցով Հայաստանը կարող է քիչ թե շատ շտկի իր տրանսպորտային մեկուսացման վիճակը, կարող ենք ենթադրել, որ էական առաջընթացի դեպքում այս երկիրն ավելի ակտիվ հակաքայլեր կձեռնարկի։  

Հայաստանի համար հարցն ի սկզբանե ուներ տնտեսական եւ քաղաքական շոշափելի նշանակություն։ Պարբերաբար, այս հարցով վրաց-ռուսական ամեն քննարկման  նախաշեմին մերոնք սկսում են տարբեր մակարդակներով անհիմն խանդավառություն արտահայտել։ Բաժակը կիսով չափ լցված, այլ ոչ թե դատարկ տեսնելու սինդրոմով։ Նախ, քանի որ դրա իրականացման դեպքում հնարավոր կլինի այլեւս կախված չլինել Վերին Լարսի պարբերական արգելափակումներից, մյուս կողմից՝ մեղմել երկրի շրջափակման խստությունը։

Հավանաբար միայն այդ սկզբունքային տրամադրվածությունը նկատի ունենալով էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վրաց-ռուսական բանակցություններից հետո իր ֆեյսբուքյան էջում մի տեսակ լավատեսորեն գրել, թե « կարող ենք արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար․․․ Համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ:

Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ»:

Դե եթե հաշվի առնենք, որ այս մասին մեր երկրի պատվիրակությունը զրուցել է Ռուսաստանի ղեկավարության հետ մայիսի 14-ին, իսկ դրանից 4 օր հետո Ռուսաստանը ստորեգրել է համաձայնագիրը, ապա կարելի է եւ արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար։ Ուր էր, թե այդպես լիներ։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter