HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինձ հաճախ հարցնում են՝ իրավաբանի մասնագիտություն ստանալով՝ ինչ եմ անելու

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այսօր կպատմեմ դիպլոմային աշխատանքիս պաշտպանության օրվա մասին: Ու քանի որ ամեն ինչ լուսաբանվել է, գրեթե առանց կրճատումների, Ձեզ կպատմեմ այն մասին, ինչը կադրից դուրս է մնացել՝ զգացողությունների ու որոշ հետաքրքիր մանրամասների:

Տեսաք, որ սև վերնաշապիկով էի, գրպանիս էլ փակցված՝ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ, ԵՆՈՔՅԱՆ ՄՀԵՐ ԴԱՎԹԻ: Բանտարկյալների հագուստի գույնն է: «Նուբարաշեն» բանտի վարչակազմից ասացին, որ անպայման այդ տեսքով պիտի ներկայանամ պաշտպանությանը: Անկեղծ՝ ինքս ինձ 22 տարի չեմ համարել դատապարտյալ, այս մռայլ պատերի մեջ ֆիզիկապես լինելով՝ շարունակել եմ մտքերս ու հոգիս պահել ազատության գույների մեջ: Չէի ուզում այդ տեսքով ներկայանալ: Նախօրոք պատրաստել էի, արդուկել կապույտ վերնաշապիկս, որով հաճախ դատական նիստերի եմ գնում: Բայց հակառակվելն անիմաստ էր:

Երբ ժամը 16:00-ին իջեցրին «Նուբարաշեն» բանտի վարչական շենք ու մտա հոգեբանների սենյակ, արդեն լրագրողներն այնտեղ էին: Հանձնաժողովն ուշանում էր: Լրագրողներն էլ տեղում արագ փոքր մամուլի ասուլիս կազմակերպեցին: Սիրով պատասխանեցի բոլոր հարցերին: Հետո որոշեցի մոտենալ լրագրողներին ու օպերատորներին: Բոլորի հետ ծանոթացա: Հետաքրքիր զգացողություն էր, ասես՝ ազատության մեջ ինչ-որ միջոցառում լիներ, որտեղ հյուրերին ներկայացնում են քեզ կամ ինքդ ես հարցնում դիմացինի անունը: Շատերին դեմքով ճանաչում էի իմ բազմաթիվ դատական վիճարկումներից: Ու այսպես մոտ 2 ժամ: Հանձնաժողովը դեռ չէր գալիս, մեկուսարանի մուտքն ու ելքն էլ առավելագույնը 18:00-ից հետո կանգնեցվում է:

Շնորհակալ եմ թե՛ ՔԿ վարչության պաշտոնյա կանանց, որ այդքան համբերատար էին, և թե՛ «Նուբարաշեն» բանտի վարչակազմին, որ աշխատանքային ժամը ավարտվելուն մոտ, այնուամենայնիվ, թույլ տվեցին հանձնաժողովի անդամների մուտքը բանտ: Աշխատանքային օրվա վերջում հանձնաժողովը ներս մտավ ՔԿՀ` ի դեմս ղեկավար Անատոլի Բարաբաշի, ով ներկայացնում էր Ռուսաստանում առաջին ֆեդերալ «Սիբիրյան» համալսարանը և մեր հանրությանը հայտնի փաստաբաններ`Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի: Պարզվեց՝ Սլավոնական համալսարանում պաշտպանությունը երկար էր տևել:

Հանձնաժողովը լսեց իմ դիպլոմայինի պաշտպանությունը, ասացի, թե ինչու եմ ընտրել «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայում. տեսական ու պրակտիկ խնդիրներ» թեման, խոսեցի դատական սխալների, մեր օրենսդրական առաջարկների մասին: Բարաբաշը զարմացած էր և ինչպես ինքը խոստովանեց`իր համար անհասկանալի էր, թե ինչ է նշանակում «հիմնարար» խախտում քրեական դատավարությունում  («ֆունդամենտալ» խախտում, ինքը օգտագործեց նաև «ֆատալ» բառը): Ռուսաստանում նման հասկացություն չկա, և ես լիովին համաձայնեցի ռուս գիտնականի հետ, որ եթե տեղի է ունեցել օրենքի խախտում, ապա դատավճիռը պետք է բեկանվի, և վերջ, այլ ոչ թե, ինչպես այժմ է անում Վճռաբեկ դատարանը`անիմաստ, չհիմնավորված ընկնում են բառախաղերի հետևից`էական, թե հիմնարար խախտում, ազդել է, թե չի ազդել գործի վրա: Ու այն էլ սուբյեկտիվ մոտեցմամբ՝ կարծում եմ՝ հաճախ նախագահականի հրահանգներով, այլ ոչ թե օրենքի պահանջից ելնելով: Երբ ներկայացնում էի դիպլոմային աշխատանքս, նայում էի մեր փաստաբաններին`մե՛կ Լուսինե Սահակյանին, մե՛կ`Երվանդ Վարոսյանին և գիտեի, որ նրանց համար ավելի քան պարզ է, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնած` այս առումով, առաջին հերթին, Վճռաբեկ դատարանի ոչ անկախ լինելու պատճառով:

Երբ դիպլոմային աշխատանքիս պաշտպանությունն արդեն ավարտված էր, շնորհակալություն հայտնեցի լրագրողներին. այս տարիներին հենց նրանք կարողացան հանրության առջև «բացել» բանտ կոչված փակ համարկարգի դռները, ցույց տվեցին`դատական սխալներն անխուսափելի են նաև Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում: Հանձնաժողովի նախագահ Անատոլի Բարաբաշը ցանկացավ հասկանալ, թե լրագրողներին ինչ եմ ասում հայերենով. թարգմանեցի նրա համար: Նա նշեց, որ այդ առումով Ռուսաստանում հասարակությունը քաջատեղյակ է ազատազրկման վայրերի մասին. այդպես է, քանի որ, ի տարբերություն, օրինակ, Շվեդիայի, Նիդեռլանդների, որտեղ արագ տեմպերով բանտերը փակվում են, Ռուսաստանում, վիճակագրության համաձայն, գրեթե յուրաքանչյուր ընտանիքում դատապարտված մարդ կա: Բայց, այդուհանդերձ, Ռուսաստանում նույնպես գործերի վերաբացման նախադեպեր չկան: Իմ օրինակները Եվրոպայից ու ԱՄՆ-ից էին, որտեղ ամեն շաբաթ ծանրագույն հանցանքների մեջ մեղադրված դատապարտյալների գործեր են վերաբացվում՝ անգամ 20-30 տարի անց, ու նրանք ճանաչվում են անմեղ: Եվ սա այն դեպքում, երբ Եվրոպայում ու ԱՄՆ-ում դատարանները հարյուրամյակների ավանդույթներ ունեն:

Ինձ հաճախ հարցնում են՝ իրավաբանի մասնագիտություն ստանալով՝ ինչ եմ անելու: Ասեմ՝ նպատակ ունեմ արդարության հասնել իմ, ապա նաև՝ այլ սխալ դատապարտվածների գործերով:

Իսկ հիմա մի փոքր հանգստանում եմ, քանի որ 5 տարի անընդմեջ սովորել եմ՝ չլսելով որևէ դասախոսություն: Սովորել եմ գրքերով, ինքս ինձ հարցեր տալով ու պատասխանելով: Սովորել եմ հավասարապես երկու պետությունների օրենսդրություն՝ Հայաստանի և Ռուսաստանի, քանի որ ստանալու եմ 2 պետությունների պետական նմուշի դիպլոմ: Սա իսկապես աննախադեպ քայլ էր Սլավոնական համալսարանի կողմից՝ ցմահ բանտարկյալիս տալ ուսման նման բացառիկ հնարավորություն, ինչի համար նորից շնորհակալությունս եմ հայտնում բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանին, իմ բոլոր դասախոսներին, ովքեր այս տարիներին քննություններ էին վերցնում՝ այցելելով ինձ այստեղ՝ բանտում: Շնորհակալություն իմ գիտական ղեկավար Արմեն Ղուկասյանին, ով իմանալով, որ համակարգչից օգտվելու իմ ժամերը խիստ սահմանափակ են բանտում, անձամբ էր կատարել կարևորգույն լրացումներ, ուղղումներ աշխատանքի մեջ:

Շուտով կսկսեմ աշխատանքս թարգմանել հայերեն, քանի որ ավարտված քրեական գործերի վերաբացման, դատական սխալների մասին գիտական աշխատանքներ Հայաստանում համարյա չկան:

Սիրելի ընթերցողներ, անչափ շնորհակալ եմ նաև ձեր շնորհավորանքների, բարեմաղթանքների և հույսի համար, որ շուտով կհանդիպենք արդեն ազատության մեջ: Շատերդ արդեն հարազատ եք դարձել. Ձեր գրառումների ֆեյսբուքյան քաղվածքները`նկարների հետ տեսնելով՝ թվում է՝ վաղեմի ծանոթներ ենք:

Հույս ունեմ, որ շատ շուտով Հայաստանում մեծ համաներում կլինի: Մարդիկ կվերադառնան ազատություն, որտեղ սոցիալ-տնտեսական-քաղաքական-հասարակական նոր պայմանները թույլ կտան արդարության մթնոլորտում աշխատել ու արարել:

Մեկնաբանություններ (3)

Լալա Բերնեցյան
Մհեր ջան շնորհավորում եմ ազատություն եմ մաղթում քեզ և թող հաղթանակի արդարությունը
Լուսինե
շնորհավորում եմ և հիացած եմ ՁԵՐ կամքի ուժով
Գագիկ
Մհեր ջան Եղբայր ջան, միանգամից երկու դիպլոմներդ ել շնորհավոր լինի, մաղարիչը իմ կողմից դու մենակ շուտ դուրս արի։ Լիքը նոր կենացներ են ավելանում դու զգումես չէ՞։ Սպասում ենք քեզզզզզզզ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter