HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մուդ» ՍՊԸ-ի ներկայացուցչի պատասխանը՝ սփյուռքահայ գործարար Նիկոլայ Դանիելյանին

Երեկ «Հետք»-ը հրապարակել էր սփյուռքահայ գործարար, Հյուսիսային պողոտայի 10 շենքի թիվ 3 տարածքի սեփականատեր Նիկոլայ Դանիելյանի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մուդ» ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պատասխանել է այդ նամակին։ Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք։

Հիշեցնենք, որ Նիկոլայ Դանիելյանը պնդում է, որ հարակից հանրային տարածքում սրճարանի գործունեությունը խախտում է իր սեփականության իրավունքը, որը ճանաչվել է նաև դատարանով: 

«Հետք» էլեկտրոնային թերթում 25.05.2018թ-ին հրապարակվել է Հյուսիսային պողոտա 10 հասցեի տարածքի սեփականատեր Նիկոլայ Դանիելյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին` «Տպավորություն է ստեղծվում, որ գլխով անընդհատ խուլ պատի ես խփվում» վերնագրով, որում հղում է կատարվում նաև 09.05.2018թ. հոդվածին:

Բաց նամակ անվանված այդ հոդվածում, ներառյալ դրանում արված հղումներում, խոսք է գնում այն մասին, որ Նիկոլայ Դանիելյանը Հյուսիսային պողոտա 10 շենք, հ. 3 կոմերցիոն տարածքի սեփականատերն է, որտեղ 2009թ-ից գործում է «Cinnabon» սրճարանը: Խոսք է գնում նաև այն մասին, որ «Մուդ» ՍՊԸ-ի կողմից Հյուսիսային պողոտա 10 շենքի հարակից տարածում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայության կազմակերպմամբ խախտվում է Նիկոլայ Դանիելյանի, սեփականության իրավունքը` փակվում է  «Cinnabon» սրճարանի լուսավորությունն ու մուտքի ճանապարը:

Հետաքրքրական է, որ «Cinnabon» սրճարանը որևէ բողոք չունի, իսկ արտերկրում բնակվող տարածքի սեփականատերը բողոքում է լուսավորությունից ու մուտքի ճանապարհից:

Իրականությունն այն է, որ «Մուդ» ՍՊԸ-ի կողմից  Հյուսիսային պողոտա 10 շենքի հարակից տարածում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայության կազմակերպմամբ նույն շենքի հ. 3 տարածքի սեփականատեր Նիկոլայ Դանիելյանի սեփականության իրավունքը չի խախտվում, լուսավորությունն ու մուտքի ճանապարհը, որն, ի դեպ, մուտքի 3 ճանապարհներից միայն մեկն է, քաղաքաշինական և այլ նորմերով սահմանված թույլատրելիության սահմաններում են:

Ի դեպ, Նիկոլայ Դանիելյանին պատկանող տարածքում գործող սրճարանը հաճախորդների սպասարկման համար ունի մոտ 45 սեղան, իսկ «Մուդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ժամանակավոր-սեզոնային սրճարանն ունի միայն 12 սեղան: Կարծում եմ, որ Նիկոլայ Դանիելյանն ընդամենը խնդիր ունի իր տարածքի հարևանությամբ գործող փոքր սրճարանի գործունեությունը դադարեցնել, որպեսզի առանց մրցակցության գերշահույթներ ստանա:

Հավելեմ, որ Նիկոլայ Դանիելյանը հայցով դիմել է դատարան ընդդեմ «Մուդ» ՍՊԸ-ի և վիճարկում է տարածքի վարձակալության ու առևտրային գործունեության թույլտվության պայմանագիրը:

Նման պայմաններում հարց է ծագում, Նիկոլայ Դանիելյանն ինչու է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վարչապետը միջամտի դատական գործին, թե դատական վեճի առկայության պայմաններում վարչահրամայական լծակներով արգելի «Մուդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բիզնեսը:

Վստահ եմ, որ վարչապետը չի միջամտի դատական գործընթացին, ինչպես նաև իր լծակները չի օգտագործի մրցակից սրճարաններից փոքրի գործունեությունը դադարեցնելու համար:

 

Հ․Գ

Գլխով պետք չէ պատին խփել, երբ պատն իր տեղում է:

«Մուդ» ՍՊԸ ներկայացուցիչ` Կարեն Մեժլումյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter