Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Կապանի կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել



Արդեն երկրորդ օրն է՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի և ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Նրանք ընկերության տնօրինությունից պահանջում են աշխատավարձերը բարձրացնել 40 տոկոսով:

Գործադուլի մասնակիցներից մեկը, ում անունը չենք հրապարակում նրա խնդրանքով, մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ ամիսների առաջ նույն հարցով  դիմել են տնօրեն Դմիտրի Ուշկովին, և միայն վերջերս է տնօրինությունը պատասխանել, թե հոկտեմբերին 5 տոկոսով կբարձրացնեն աշխատավարձերը, այսինքն՝ 8750 դրամով: Դա, գործադուլի մասնակիցների ձևակերպմամբ, ծիծաղելի թիվ է, քանի որ ընկերությունը գերշահույթներ է ստանում:

Հիշեցնենք, որ «Կապանի լեռնահարստացման կոբինատ» ՓԲԸ-ն պատկանում է  ռուսական «Պոլիմետալ» ընկերությունների խմբին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր գործադուլի մասնակիցներից 11 հոգի հանդիպել են Դ. Ուշկովին, որը, ըստ մեր զրուցակցին, վճռական է տրամադրված աշխատավարձերը չբարձրացնելու հարցում: Ըստ այդմ՝ հանդիպման ժամանակ Ուշկովն ասել է, որ եթե համաձայն չեն իր առաջակած պայմաններով աշխատելուն, կարող են աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն աշխատողները հրաժարվել են նման բան անելուց, միաժամանակ տնօրենն հայտարարել է, որ եթե գործադուլը չդադարեցնեն, ապա մայիսի 29-ին աշխատանքից կազատի բոլոր գործադուլավորներին:

«Բոլորս մի մարդու պես կանգնած ենք, որ մեր պահանջը կատարվի»,- մեզ հետ զրույցում ասաց գործադուլ անող աշխատակիցներից մեկը, ով 15 տարի աշխատում է հանքափոր: Նրա փոխանցմամբ՝ եթե իրենց պահանջը չկատարեն, ապա մայիսի 30-ին կոմբինատից  խտանյութ տեղափոխող մեքենայի ճանապարհը փակելու են (ըստ նրա՝ խտանյութը Վրաստան է տարվում):

Գործադուլի մասնակիցները նամակ են գրել «Պոլիմետալ» խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսին, որտեղ հայտնել են իրենց պահանջի մասին՝ ասելով, թե հասկանում են, որ գործադուլը հարցի լուծման լավագույն միջոցը չէ, սակայն իրենք ստիպված են դիմել այս քայլին: Ապա նշել են, որ պատրաստ են քննարկել ու ողջամիտ փոխզիջման հանգել, որպեսզի երկու կողմն էլ գոհ լինեն:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ