HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդկային ներուժի արտահայտումը՝ տեխնոլոգիայի միջոցով․ Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը

Լոռու մարզի Դեբետ համայնքում այսօր բացվելու է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը, որը նախատեսում է ոչ ֆորմալ կրթության և հմտությունների զարգացման հնարավորություն ընձեռել Հայաստանի գյուղական համայնքների բնակիչներին։ ՍՄԱՐԹ կենտրոնն անվճար ուսուցում կառաջարկի մի քանի ուղղություններով․ տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, հաղորդակցություն, բնապահպանություն, առողջ ապրելակերպ, բիզնես և քաղաքացիական հմտություններ։

Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ Արմենը ծնվել է Թուրքիայում, սակայն ապրել և բիզնես գործունեությամբ է զբաղվել ԱՄՆ-ում, որտեղ 2016թ․-ին արժանացել է «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին։ Գարո Արմենը նաև ֆիզիկական քիմիայի դոկտոր է, գիտական աստիճան ստացել է Նյու Յորքի համալսարանում։

ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) և ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար։ Ըստ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի տեղեկության՝ ՍՄԱՐԹ-ը կարող է օրական 250 մարդու ծառայել։

«Հետքի» հետ զրույցում Գարո Արմենը պատմեց, որ տատն իր հետ հաճախ է խոսել հայերի դժվարություններով լի կյանքի մասին։ Այդ պատմություններից երկար տարիներ անց, երբ դոկտոր Արմենն այցելել է Հայաստան, շրջել գյուղերով, հանդիպել երիտասարդների հետ, հասկացել է, որ գյուղական համայնքներում մարդկային մեծ պոտենցիալ է թաքնված։

«Եւ ես հասկացա, որ այդ տաղանդավոր երիտասարդներին եթե ռեսուրս տրամադրվի, նրանք ի վիճակի կլինեն ինքնուրույն ստեղծել ավելի լավ ապագա, ավելի ուժեղ համայնք»,- ասում է Գարո Արմենը։

Նրա հիմնադրած «Հայաստանի մանուկներ հիմնադրամն» արդեն 14 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանի գյուղական համայնքներում՝ իրականացնելով երեխաներին ուղղված առողջապահական, կրթական և սոցիալական ծրագրեր։ 


Լուսանկարը՝ Լուսինե Սաղումյանի

Ինչպես նշում է Գարո Արմենը, ՍՄԱՐԹ-ը հիմնադրամի դասական ծրագրերից չէ, այն շատ ավելի հավակնոտ և առաջադեմ նպատակներ ունի։ Գյուղական համայնքների երեխաներն ու երիտասարդները կենտրոնում սովորելու են ծրագրավորում, ռոբոտաշինություն, ստեղծարար արտահայտչաձևեր, նորարարական արվեստ, վերականգնվող էներգիա, սոցիալական պատասխանատվություն, կարիերայի զարգացում և այլն։ Միևնույն ժամանակ, այդ երեխաների ծնողները, տատիկներն ու պապիկները կարող են ՍՄԱՐԹ-ում ձեռք բերել հմտություններ՝ հողագործության, աղբի վերամշակման, սննդի, կանխարգելիչ խնամքի և այլ ոլորտներում։

Ուժեղ և զարգացած գյուղական համայնքի տեսլականը Գարո Արմենն ունի իր մտքում, բայց կարծում է, որ չպետք է ազդել գյուղաբնակ երիտասարդի մտածողության վրա, այլ պետք է միջոցներ հատկացնել, որ նա կարողանա իր մտածածն իրագործել։ Արմենի խոսքով՝ առաջիկա 5-10 տարիներին աշխարհի փոփոխությունների հետ մեկտեղ կփոխվի նաև համայնքների դրությունը։ Ներդրումների և բազմազան կրթական հնարավորությունների ստեղծմամբ՝ մարդկային ներուժն առավել արդյունավետ կօգտագործվի, ինչն էլ, ըստ Արմենի, կդառնա Հայաստանի համայնքների զարգացման և հզորացման գրավականը։

«Ապագան, ես կարծում եմ, որ պետք է երազ լինի։ Հիմա եթե ինձ հարցնեք, թե ես կարող եմ արդյոք այդ երազը հստակ նկարագրել, կասեմ՝ ոչ։ Այդ երազը գյուղում բնակվող մարդկանց միջոցով պետք է իրականացնենք, քանի որ նրանց ապրելակերպը մեր ապրելակերպի նման չէ։ Ես մինչև չտեղափոխվեմ գյուղ, այնտեղ չապրեմ, իրավունք չունեմ իրենց ասել, թե ինչպես պետք է ապրել»,- ասում է Արմենը։ 

Մեկնաբանություններ (2)

Shenorik Altun
Great work being done. Congratulations.
Mgrdich
While I applaud Garo Armen's commitment to improving the skills set of rural residents in Armenia, I would hope that one day, sooner rather than later, basic issues of citizenship will also be incorporated into such ventures like the SMART School and TUMO. Young people need to get a grasp on the rights and obligations they have as citizens and how their government works, or doesn't work. They must get basic info regarding the constitution and what it means. How does the current market economy work and what are some alternative ways of organizing social power. What is the role of trade unions, workers' cooperatives, student unions,etc...It's great to teach young people how to play chess or do computer programming, but let's get our priorities straight.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter