HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայաստանի վերամիավորման շարժում

սկիզբը

1967 թ. նոյեմբերի 25-30-ին Երեւանում կայացել է այդ տարվա ընթացքում երրորդ քաղաքական դատավարությունը: 2061 հոդվածով (սովետական պետական կամ հասարակական կարգը արատավորող ակնհայտ կեղծ հերյուրանքներ տարածելը) յոթ հոգանոց  խումբ  է  դատապարտվում:  Մինչ  այդ`  այս  նույն  տարվա  մայիսին  արդեն դատապարտվել էին Սերգեյ Մելքոնյանը եւ Ֆրունզիկ Մկրտչյանը, սեպտեմբերին` Զավեն Հարությունյանը: Այս անգամ մեղադրյալի աթոռին էին «Հայաստանի վերամիավորման շարժում» կազմակերպության անդամներ Մարտին Սարգիսի Նալբանդյանը,

Երեւանի պետհամալսարանի ավագ գիտաշխատող Ալբերտ Մկրտիչի Ղուբասարյանը, նույն համալսարանի ուսանող Սուրիկ Արտավազդի Սարգսյանը, ռուսաց լեզվի եւ

գրականության ուսուցիչ Մկրտիչ Ռուբենի Մովսիսյանը, ինժեներներ Արկադի Սերգեյի Հայրապետյանը, Ռուբեն Գուրգենի Սաֆարյանը եւ տնտեսագետ Իվան-Վանիկ Գրիգորի Ստեփանյանը:

Խմբի անդամներից կարողացել ենք գտնել միայն Սուրիկ Սարգսյանին։ Ապրում է Երեւանում։ Փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր է։ Բանաստեղծությունների ժողովածուների ու մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ է։ Դասավանդում է տնտեսագիտական համալսարանում։ Նրա անձնական արխիվից էլ ստացել ենք խմբի գործով կազմված մեղադրական եզրակացությունը եւ դատավճիռը։

Որպես տեղեկատվության աղբյուր օգտագործել ենք նաեւ Արմենակ  Մանուկյանի  «Քաղաքական  այլախոհությունը  Հայաստանում  1950- 1988թթ.» գիրքը, ինչպես նաեւ այլ քաղբանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռները, որոնց մեջ հիմնականում հիշատակվում է այս խմբի անդամ Մարտին Նալբանդյանը: Օգտվել ենք նաեւ Նալբանդյանի հետ առնչություններ ունեցած «Յոթ»-ի գործով դատապարտված Մերուժան Հովհաննիսյանի եւ ԱՄԿ հիմնադիրներից՝ Շահեն Հարությունյանի հուշերից:

Այս խմբի անդամները կալանավորվել են 1967 թ․ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, իսկ դատապարտվել են՝ նոյեմբերին։

1968 թ. ընդհատակում տպագրված «Հանուն Հայրենիքի» ամսագրում անդրադարձ կա այս գործով տեղի ունեցած դատավարությանը` «Դատական կատակերգություն» վերնագրով: Հոդվածի հեղինակը «Հանուն Հայրենիքի» խմբի անդամ  Հովիկ Վասիլյանն է: Ասվում է․  «Դարձյալ հայ ժողովրդի 3 ազնիվ ու հայրենասեր զավակներ դատվեցին հանուն այն բանի, որ քննադատել էին մի քաղաքականություն, որը բխելով ռուս-թուրքական հարաբերությունների շահերից բոլորովին հաշվի չէր առնում այդ առնչությամբ տուժող հայ ժողովրդի շահերը»։ Այնուհետեւ հեղինակը զուգահեռներ են տանում 1964թ․ կայացած «Յոթ Հայրենասերների» ու այս դատավարության միջեւ ու փաստում, որ այս դատավարությունը, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես բաց դատավարություն էր հայտարարված, իրականում դռնփակ է ընթացել։ Դատապարտվողների մի քանի հարազատներից բացի որեւէ այլ ցանկացող մուտքի իրավունք չի ունեցել։ Ապա խոսվում է ներկայացված մեղադրանքի մասին․ «Մեղադրական որեւէ լուրջ փաստի գոյությունը հնարավորություն չէր ընձեռում դատական կազմին գեթ ձեւականորեն մնալու օրինականության սահմաններում։ Ոտնահարելով իրավաբանական ամեն սրբություն նա ձգտում էր միայն մի բանի՝ դահլիճում ներկա գտնվողների մոտ ստեղծել գոյություն չունեցող մտքի պատրանք, ապացուցել, որ մեղադրյալների աթոռներին նստած անմեղ մարդիկ մեղավորներ են»։

Խումբը պատրաստել եւ տարածել է Ղարաբաղի ու Նախիջեւանի խնդիրներին, ընդհանրապես` հայկական հարցին անդրադարձող թռուցիկներ: Կարողացել են տպագրական միջոցներ հայթայթել, ինչպես նաեւ ռոտոտպագրական հարմարանք են պատրաստել եւ 1966-67 թթ. ընթացքում մեծ քանակությամբ թռուցիկներ տարածել։ Թռուցիկների հիմնական մասը գրել, տպագրել ու բազմացրել են խմբի անդամները։ Տարածել են նաեւ թռուցիկներ, որ ստացել են զուգահեռ գործող այլ կազմակերպություններից ու անհատներից։ Կան նաեւ այնպիսի թռուցիկներ, որոնք դեռեւս 60-ականների առաջին տարիներին էին տարածվում։ Խմբի անդամները դրանք ուղղակի բազմացրել ու վերատարածել են: Այդ թռուցիկներում հեղինակները մեղադրում են խորհրդային կառավարությանը` Հայկական հարցը միտումնավոր չլուծելու, այդ հարցը սովետա-թուրքական դիվանագիտության մեջ ի վնաս հայ ժողովրդի օգտագործելու եւ հայ ժողովրդի իրավունքներն ու նվիրական զգացմունքները ոտնահարելու համար:

Խմբի անդամներից Մարտին Նալբանդյանը, Արկադի Հայրապետյանը եւ Իվան-Վանիկ Ստեփանյանը ունեցել  է  երկար  տարիների  պայքարի  փորձ։ Նրանք սկսել են դեռ 1963-64 թվականներից։ 1965թ․ մարտ ամսին Նալբանդյանն իր ծավալած գործունեության կապակցությամբ պաշտոնապես նախազգուշացվել է պետական անվտանգության կոմիտեի կողմից, իսկ Հայրապետյանը եւ Ստեփանյանը նախազգուշացվել են 1966թ․ փետրվարին։ Չնայած այս  նախազգուշացումներին՝ շարունակել են իրենց գործունեությունը։

Մարտին  Նալբանդյանն ունեցել է բազմաբնույթ կապեր` գործող տարբեր ընդհատակյա կազմակերպությունների եւ անհատների հետ: Առնչություններ է ունեցել այդ շրջանում գործող Հայաստանի երիտասարդական միության հետ: «Յոթ հայրենասերների» դատապարտումից հետո, ապագա ԱՄԿ հիմնադիրներից մեկի` Շահեն Հարությունյանի հետ նախաձեռնել է 1965-ին Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ թռուցիկների տպագրության ու տարածման գործը: Թռուցիկներում 1965թ. ապրիլի 24- ին ցույցի դուրս գալու կոչ է արվել: Շահեն Հարությունյանը հիշում է, որ Մարտին Նալբանդյանի հեղինակած թռուցիկները` 1965-ի մարտ-ապրիլ ամիսներին, ապրիլի 24-ին ընդառաջ,  Մարտին  Նալբանդյանի  եւ  Մերուժան  Հովհաննիսյանի  մորաքրոջ  որդի Ստյոպա Հակոբյանի հետ միասին բազմացրել են Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի լաբորատորիայում: Մարտին Նալբանդյանն ապագա «Հանուն Հայրենիքի» խմբի անդամ Գեւորգ Հեքիմյանի միջոցով բազմացման ու տարածման նպատակով 1967-ին Հովիկ Վասիլյանին է փոխանցել երեք թռուցիկ` «Կրկին ռուս-թուրքական դիվանագիտության զոհասեղանին», «1921թ. մարտի 16-ին Մոսկվայում» եւ «Հայի հոգում գարունն արթնացավ…» վերնագրերով: Վասիլյանն` իր հերթին, իր համախոհներ Շիրակ Գյունաշյանի եւ Լեւոն Առուշանյանի հետ դրանք բազմացրել ու տարածել է Երեւան ու Աբովյան քաղաքներում:

 Չնայած այն հանգամանքին, որ Մարտին Նալբանդյանը եւ խմբի մյուս անդամներն ունեցել են կազմակերպություն, կարողացել են ծավալել երկարատեւ ու լուրջ գործունեություն, պատրաստել եւ տարածել բազմաքանակ թռուցիկներ, կապ են ունեցել այլ կազմակերպությունների  ու  անհատների  հետ,  իրենց  ծավալած  գործունեության  համեմատ  նրանք դատապարտվեցին նկատելիորեն մեղմ պատժաչափերի: Սուրիկ Սարգսյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով, Ալբերտ Ղուբասարյանը` 2 տարի, Մկրտիչ Մովսիսյանը` 1 տարի, Արկադի Հայրապետյանը` 2 տարի, Ռուբեն Սաֆարյանը` 2 տարի 6 ամիս, Իվան-Վանիկ Ստեփանյանը` 2 տարի 2 ամիս, Մարտին Նալբանդյանը 2 տարի 6 ամիս:

Խմբի անդամների նկատմամբ կիրառվեց նաեւ 1967 թ. հոկտեմբերի 31-ին սոցիալիստական հեղափոխության 50-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը, ինչի շնորհիվ նրանցից չորսն ազատվեցին պատժից, իսկ երեքի պատժաչափերը կրճատվեցին կիսով չափ:

Մարտին Նալբանդյանը հետագայում տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության, որտեղ էլ 1991 թվականին վախճանվել է: Ալբերտ Ղուբասարյանը պատմաբան էր, մասնակցում էր Հայկական հանրագիտարանի խմբագրական աշխատանքներին եւ Էրեբունիի ավերակների պեղումներին: 1987 թ. եղել է Երեւանում Հովիկ Վասիլյանի, Անդրանիկ Մարգարյանի, Շիրակ Գյունաշյանի եւ մի շարք այլ նախկին քաղբանտարկյալների կողմից հիմնադրված «Հայ դատի պաշտպանության ընկերության» նախագահության անդամ: Վախճանվել է 1990-ին: Խմբի մյուս անդամների մասին տեղեկություններ հայթայթել չկարողացանք։

Ստորեւ ներկայացնում են այս գործով դատավճիռը

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

1967թ․ նոյեմբերի 30-ին

  

                         Նախագահությամբ՝       Ն․ Մանուկյանի

                          Ատենակալներ՝              Ա․ Հովհաննիսյանի

                                                                     Ս․ Կոստանյանի

                          Քարտուղարությամբ՝    Ա․ Ավագյանի

                          Մասնակցությամբ պետական մեղադրող

                                          Դատախազ՝      Ա․ Շլեպչյանի

                           Դատապաշտպաններ՝  Մելիքյանի, Մարտիրոսյանի եւ

                                                                       Կիրակոսյանի

 

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի՝

1․ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳԻՍԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ, ծնված 1939թ․ Երեւան քաղաքւմ, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, անկուսակցական, ամուրի, չդատված,

2․ ԱՐԿԱԴԻ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ծնված 1939թ․ ՀՍՍՀ Մեղրու շրջանի Մեղրի ավանում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, անկուսակցական, ամուրի, չդատված, դեպքի պահին աշխատել է Կանազ գործարանի աշխատանքի եւ աշխատավարձի բաժնի ինժեներ,

3․ ՌՈՒԲԵՆ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ծնված 1934թ․ Ադրբեջանի ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, միջնակարգ տեխնիկական կրթությամբ, անկուսակցական, ամուրի, չդատված, դեպքի պահին աշխատել է Երեւանի փորձնական էլեկտրատեխնիկական գործարանի մեխանիկայի բաժնի ինժեներ-կոնստրուկտոր,

4․ ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏԻՉԻ ՂՈՒԲԱՍԱՐՅԱՆԻ, ծնված 1932թ․ Երեւան քաղաքում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, անկուսակցական, ամուսնացած, խնամքին ոչ ոք, դեպքի պահին աշխատել է Հայաստանի Հեղափոխության պետական թանգարանի ավագ գիտական աշխատող, չդատված,

5․ ԻՎԱՆ /ՎԱՆԻԿ/ ԳՐԻԳՈՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, 1935թ․ ծնված, Ադրբեջանական ՍՍՀ-ի Դաշքեսանի շրջանի Զոմղար գյուղում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, անկուսակցական, ամուրի, չդատված, դեպքի պահին աշխատել է Հայկոպում՝ որպես ապրանքագետ,

6․ ՄԿՐՏԻՉ ՌՈՒԲԵՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, ծնված 1938թ․ ՀՍՍՀ Թալինի շրջանի Ն․ Բազմաբերդ գյուղում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, անկուսակցական, ամուրի, աշխատում է Թալինի շրջանի Ակունար գյուղի դպրոցում որպես դասատու, չդատված,

7․ ՍՈՒՐԻԿ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ, ծնված 1946թ․ Կամոյի շրջանի Սարուխան գյուղում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, թերի բարձրագույն կրթությամբ, ՀամԼԿԵՄ անդամ, ամուրի, չդատված, սովորում է Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի 2-րդ կուրսում։

Մեղադրվում են Հայկական ՍՍՀ քրեական Օրենսգրքի 2061 հոդվածով։

Դատաքննությամբ, վկաների ցուցմունքներով, իրեղեն ապացույցներով, ինչպես նաեւ ամբաստանյալների խոստովանությամբ, դատական կոլեգիան ապացուցված գտավ հետեւյալը․

1965թ․ մարտ ամսին ամբաստանյալ Նալբանդյանը, իսկ 1966թ․ փետրվարին ամբաստանյալներ Հայրապետյանը եւ Ստեփանյանը բացարձակապես վտանգավոր հրահրիչ բովանդակությամբ թռուցիկներ պատրաստելու եւ Երեւանում տարածելու համար հրավիրվում են ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր պետական անվտանգության կոմիտե եւ նախազգուշացվում այդ արարքներին վերջ տալու մասին։

Ամբաստանյալներ Նալբանդյանը, Հայրապետյանը եւ Ստեփանյանը պետական անվտանգության կոմիտեում պարտավորվում են հետագայում չզբաղվել նման գործունեությամբ։

Չնայած դրան, որոշ ժամանակ անց նրանք վերսկսում են իրենց հանդիպումները եւ մտքեր են փոխանակում թռուցիկներ կազմելու եւ այդպիսիք տարածելու միջոցով հարց բարձրացնել Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը Հայաստանին միացնելու մասին։ Այդ հանդիպումներին մասնակցում է նաեւ ամբաստանյալ Ղուբասարյանը։

Թռուցիկները բազմացնելու համար ամբաստանյալներ Սաֆարյանը եւ Նալբանդյանը ձեռք են բերում տպագրական միջոցներ՝ գրամեքենաներ, մոմաթուղթ, գլան, տպագրական սեւ ներկ,  եւ թուղթ։ Ամբաստանյալ Ղուբասարյանը ձեռք է բերում եւ հանձնում Սաֆարյանին ու Նալբանդյանին տպագրական կարմիր ներկ ու թուղթ։

1966թ․ հոկտեմբերին ամբաստանյալներ Հայրապետյանը, Սֆարյանը, եւ Ղուբասարյանը կազմում են թռուցիկի տեքստ, որը հետո Սաֆարյանի կողմից վերակազմվում, բազմացվում եւ տարածվում է։

Թռուցիկը իր մեջ պարունակում է զրպարտիչ բովանդակություն այն մասին, որ Հայաստանը իբր դարձել է Սովետական դիվանագիտության զոհ։

1966թ․ դեկտեմբերին ամբաստանյալ Հայրապետյանը քննությամբ չբացահայտված անձից ստանում ու հանձնում է Ղուբասարյանին տարածելու համար շուրջ 400 օրինակ լուսանկարչական ձեւով պատրաստված թռուցիկներ, որոնց մեջ զրպարտություն է արվում Սովետական կառավարության հասցեին, որ իբր նա ոտնահարում է հայ ժողովրդի օրինական իրավունքները հօգուտ Թուրքիայի շահերի։

Նշված թռուցիկները 1967թ․ հունվար ամսին Ղուբասարյանը, ինչպես անձամբ, այնպես էլ ամբաստանյալներ Մովսիսյանի, Սարգսյանի, Սաֆարյանի եւ այլ անձանց միջոցով տարածում է Երեւան քաղաքում։

1967թ․ փետրվարին ամբաստանյալ Նալբանդյանը կազմում է քաղաքականապես վտանգավոր հրահրիչ բովանդակությամբ թռուցիկ, որի մեջ կա զրպարտիչ պնդում, որ իբր Սովետական կառավարությունը ոտնակոխ է անում հայ ժողովրդի ազգային զգացմունքները եւ իրավունքները։

Ամբաստանյալներ Սաֆարյանը եւ Նալբանդյանը այդ թռուցիկները բազմացնում եւ տարածում են Երեւան քաղաքում։

1967թ․ մարտ ամսին ամբաստանյալ Սաֆարյանը կազմում է մեկ թռուցիկի տեքստ, որ Ստեփանյանի հետ հանձնում է ամբաստանյալ Հայրապետյանին խմբագրելու համար։ Այն բանից հետո,  երբ թռուցիկի տեքստը Հայրապետյանի եւ Ղուբասարյանի կողմից խմբագվում է, Ստեփանյանը վերցնում է նրանից թռուցիկը եւ վերադարձնում Սաֆարյանին բազմացնելու համար։

Նույն այդ ժամանակ ամբաստանյալ Ղուբասարյանը կազմում է ՍՍՀՄ-ի ազգային քաղաքականությունը արատավորող մեկ ուրիշ թռուցիկի տեքստ, որը Հայրապետյանի կողմից խմբագրելուց հետո Ստեփանյանի միջոցով հանձնում է Սաֆարյանին բազմացնելու համար։ Երկու վերը նշված թռուցիկների  տեքստերը ամբաստանյալներ Սաֆարյանը եւ Նալբանդյանը 1967թ․ մարտին տպագրում են մոմաթղթի վրա։ Այնուհետեւ Նալբանդյանը իր տանը ռոտատորի ձեւով բազմացնում է մեծ քանակությամբ  այդ թռուցիկները եւ այդպիսիք պատրաստ լինելու մասին Ստեփանյանի միջոցով 1967թ․ մարտի 15-ին հայտնում է Հայրապետյանին, որը իր հերթին այդ մասին տեղյակ է պահում Ղուբասարյանին։ Նույն օրը Ղուբասարյանը վերցնում է Նալբանդյանից 1950 օրինակ թռուցիկ տարածելու համար։

1967թ․ ապրիլի 17-ին եւ 19-ին Հայրապետյանը եւ Ղուբասարյանը Նալբանդյանից ստացած թռուցիկների մի մասը հանձնում են ամբաստանյալներ Սարգսյանին եւ Ստեփանյանին Երեւանում տարածելու համար։

Ամբաստանյալ Սարգսյանը ստացած թռուցիկների մի մասը տարածում է Երեւանի պետական համալսարանի լսարաններում եւ միջանցքներում։ Նալբանդյանը եւ Ղուբասարյանը այդ երկու թռուցիկների մի մասը անձամբ տարածում են Երեւանում։

Նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Նալբանդյանը, Հայրապետյանը եւ Ստեփանյանը առաջադրված մեղադրանքում իրենց հանցավոր ճանաչեցին եւ բացատրեցին, որ իրոք զրպարտիչ հերյուրանքներ պարունակող թռուցիկներ տարածելու համար 1965թ․ պետական անվտանգության կոմիտեի կողմից նախազգուշացված լինելով հանդերձ, որոշ ժամանակ անց շարունակել են կազմել, բազմացնել եւ տարածել նույնանման թռուցիկներ։

Ամբաստանյալներ Սաֆարյանը եւ Ղուբասարյանը ընդունեցին, որ 1966թ․ հոկտեմբեր ամսից մինչեւ 1967թ․ մարտ ամիսը իրենք Հայրապետյանի եւ Նալբանդյանի հետ միասին մասնակցել են թռուցիկներ կազմելու, բազմացնելու եւ տարածելու գործում։

Ամբաստանյալներ Մովսիսյանը եւ Սարգսյանը ընդունեցին, որ 1967թ․ Ղուբասարյանի հանձնարարությամբ Երեւան քաղաքում զբաղվել են զրպարտիչ թռուցիկներ տարածելով։

Ամբաստանյալներ Նալբանդյանին, Հայրապետյանին, Սաֆարյանին, Ղուբասարյանին, Ստեփանյանին, Մովսիսյանին եւ Սարգսյանին մեղսագրված արարքը հիմնավորված է նաեւ նախաքննության ընթացքում հայտնաբերված թռուցիկներով, իրեղեն ապացույցներով եւ վկաներ՝ Լ․ Խաչատրյանի, Ղրչյանի, Մաղաքյանի, Պողոսյանի, Կազիմյանի ու Ս․ Խաչատրյանի ցուցմունքներով։

Այսպիսով դատաքննությամբ հիմնավորված է, որ ամբաստանյալներ Նալբանդյանը, Հայրապետյանը, Սաֆարյանը, Ղուբասարյանը, Ստեփանյանը, Մովսիսյանը եւ Սարգսյանը 1967թ․ գրավոր ձեւով տարածել են սովետական պետական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ։

Պատիժ սահմանելիս դատական կոլեգիան անհրաժեշտ է գտնում հաշվի առնել ամբաստանյալ Հայրապետյանի առողջական վիճակը, իսկ Ղուբասարյանի նկատմամբ այն հանգամանքը, որ նա նախաքննության սկզբից եւեթ ազնվորեն խոստովանել եւ զղջացել է իր հանցանքը։

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով Հայկական ՍՍՀ քրեական դատավարական Օրենսգրքի 293, 294 հոդվածներով, դատական կոլեգիան

 

                                                          Վ  Ճ  Ռ  Ե  Ց

 

Մարտին Սարգիսի Նալբանդյանին, Արկադի Սերգեյի Հայրապետյանին, Ռուբեն Գուրգենի Սաֆարյանին, Ալբերտ Մկրտչի Ղուբասարյանին, Իվան /Վանիկ/ Գրիգորի Ստեփանյանին, Մկրտիչ Ռուբենի Մովսիսյանին եւ Սուրիկ Արտավազդի Սարգսյանին ճանաչել հանցավոր Հայկական ՍՍՀ քրեական Օրենսգրքի 2061 հոդվածով եւ ենթարկել ազատազրկման՝ Նալբանդյանին երկու տարի վեց ամիս ժամանակով, Սաֆարյանին երկու տարի վեց ամիս ժամանակով, Ստեփանյանին երկու տարի երկու ամիս ժամանակով, Ղուբասարյանին երկու տարի ժամանակով, Հայրապետյանին երկու տարի ժամանակով, Սարգսյանին մեկ տարի վեց ամիս ժամանակով եւ Մովսիսյանին մեկ տարի ժամանակով։

Կիրառել 1967թ․ հոկտեմբերի 31-ի ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 50 ամյակի առիթով ներում շնորհելու մասին հրամանագրի 4-րդ հոդվածի 2-րդ մասը եւ ազատել սահմանված պատժից Սուրիկ Արտավազդի Սարգսյանին, Մկրտիչ Սուրենի Մովսիսյանին, Ալբերտ Մկրտչի Ղուբասարյանին եւ Արկադի Սերգեյի Հայրապետյանին։

Անհապաղ ազատել կալանքից Հայրապետյանին եւ Ղուբասարյանին։

1967թ․ հոկտեմբերի 31-ի ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ներում շնորհելու մասին հրամանագրի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ հանել սահմանված պատիժներից մինչեւ այդ հրամանագրի ուժի մեջ մտնելը Նալբանդյանի կրած կալանքը երկու ամիս 10 օր, Սաֆարյանի կրած կալանքից երեք ամիս 13 օր, Ստեփանյանի կրած կալանքը երեք ամիս 13 օր։ Նրանց վերաբերյալ մնացած պատիժը կիսով չափ կրճատել ու թողնել կրելու ազատազրկում ՝ Մարտին Սարգիսի Մալբանդյանին մեկ տարի մեկ ամիս 20 օր ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվել 1967թ․ նոյեմբերի 1-ից։

Ռուբեն Գուգենի Սաֆարյանին մեկ տարի մեկ ամիս ութ օր, ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվել 1967թ․ նոյեմբերի մեկից։

Իվան /Վանիկ/ Գրիգորի Ստեփանյանին տասնմեկ ամիս ութ օր, ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվել 1967թ․ նոյեմբերի մեկից։

Գործով իրեղեն ապացույցներ՝ մեկ գծագրական տախտակ, մեկ մետաղյա գլան, երկու կտոր թաղիք, մեկ տուփ տպագրական ներկ եւ մեկ փայտի կտոր ոչնչացնել։

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկ կարգով գանգատարկման եւ բողոքարկման ենթակա չէ։

 

                                            ՆԱԽԱԳԱՀ՝ Ն․ ՄԱՆՈՒԿՅԱՆ

                                            ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ՝ Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Ս․ ԿՈՍՏԱՆՅԱՆ    

                                                                 Ճիշտ է՝   

լուսանկարում՝ Սուրիկ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter