HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գյուղի բնակիչն առաջին անգամ հայտնվեց ավելի աղքատ վիճակում

«1996թ.-ի համեմատ գյուղական աղքատության մակարդակը փոփոխություն չի կրել եւ 2003թ.-ին կազմել է 47,5%, այսինքն՝ գյուղական բնակչության շուրջ կեսն աղքատ է: Այսպիսով, կարելի է ասել, որ մեր երկրում տեղի ունեցած տնտեսական աճը գյուղական աղքատության կրճատման գրավական չի հանդիսացել»,-նշված է ՄԱԿ-ի զարգացման երեւանյան գրասենյակի հրատարակած «Գյուղական աղքատությունը ՀՀ մարզերում» ուսումնասիրության մեջ:

Հետազոտողները նշում են, որ մինչեւ 2003թ.-ը գյուղական աղքատությունը զիջում էր քաղաքայինին:

Չնայած մարզերում աղքատության խորացմանը՝ Կառավարությունը 2005թ.-ին բոլոր մարզպետների աշխատանքը դրական գնահատեց:

Սկսած 1998թ.-ից՝ ՀՀ կառավարությունն ամեն տարի համայնքների բյուջեներին ֆինանսական հատկացումներ է անում։ 2004 թվականին այդ հատկացումները կազմել են 11 մլրդ 463 մլն դրամ: Բացի այդ, Կառավարությունը ընտրանքային կարգով կատարել է 723 մլն դրամի նպատակային հատկացումներ եւ 19 մլրդ դրամի այլ դոտացիաներ:

Դոտացիան տրվում է անհատույց եւ անվերադարձ՝ համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով։ Մինչդեռ, եւ՛ մարզպետների հաշվետվությունները, եւ՛ լրագրողների ու այլ կառույցների՝ այս ոլորտում կատարած ուսումնասիրություններն այլ բան են ասում: Համայնքապետերը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված «բնակչության բարեկեցության բարելավման նպատակով հատկացված դոտացիան» համայնքային խնդիրները լուծելու փոխարեն ուղղում են աշխատակազմի աշխատավարձի վճարումներին եւ աշխատավարձին հավասարեցված այլ պարտադիր վճարներին: Օրինակ՝ համայնքների 90%-ը Կենսաթոշակային ֆոնդին պարտքեր չունի:

Համայնքի բյուջեն ձեւավորվում է հողի հարկից, գույքահարկից, համայնքների սեփականությունը համարվող հողերի, դրանց տարածքում գտնվող պետական պահուստային հողերի վարձակալման եւ արոտի վարձավճարներից, նաեւ' պետության հատկացրած դոտացիայից: Հողի հարկի եւ գույքահարկի գանձման լիազորությունը տեղական ինքնակառավարման մարմիններին է տրվել 2003թ.-ին: Մինչ 2003թ.-ը այդ գործառույթն իրականացրել են հարկային մարմինները, որոնց համար այդքան էլ կարեւոր չէր տեղական բյուջեների կատարումը: Այդ իսկ պատճառով կառավարությունը որոշեց հարկահավաքման իրավունքը տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ) հանձնել' ենթադրելով, որ շահագրգռվածության գործոնը կարող էր դեր խաղալ: Սակայն, պարզվում է, որ համայնքապետերը նույնպես հետաքրքրված չեն վարձավճարները գանձելու հարցում: Անգամ այն դեպքում, երբ պետությունը համայնքներին շահագրգռելու համար առաջարկում է' որքան արդյունավետ լինի հարկահավաքումը, այնքան մեծ կլինեն դոտացիոն հատկացումները:

Հատկացվող գումարների արդյունավետ եւ նպատակային օգտագործման դեպքում, անշուշտ, տեղաշարժ կնկատվեր նաեւ գյուղում, սակայն անվերահսկելիության հետեւանքով բյուջեն ծառայեցվում է համայնքի ղեկավարին, գուցեեւ նրա շրջապատին, բայց' ոչ համայնքին։ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում է բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական տուրքեր եւ վճարներ»: Վերջինս իրավունք ունի ստուգելու յուրաքանչյուր գործողություն, դրա արդյունավետությունը եւ որակը, համայնքապետից պահանջել կատարված ծախսերի հաշվետվություն։ Ավելին, ավագանին կարող է համայնքապետի ներկայացմամբ սահմանել դոտացիոն գումարների օգտագործման ուղղությունները: Իրականում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ համայնքներում ավագանին կարող է նաեւ չհաստատել բյուջեն, սակայն դա չի խանգարի համայնքապետերին՝ այն միայնակ տնօրինելու ու անպատիժ մնալու: Կամ' համայնքապետն իրեն պարտավորված չի զգում ո՛չ ավագանուն, եւ ո՛չ էլ համայնքին իրազեկել բյուջեի պլանավորման ու կատարողականի մասին:

ԱԺ վերահսկիչ պալատը վերջին երկու տարիներին, ի թիվս այլ ոլորտների, ուսումնասիրում է նաեւ համայնքային բյուջեն' նպատակ ունենալով վերլուծել 2003թ.-ին համայնքներին ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների համապատասխանությունը ՀՀ օրենքներին: Պալատի փորձագետների համար այդպես էլ հասկանալի չէ, թե ինչպես են տրամադրում «այլ դոտացիաները», ո՞ր դեպքերում, ի՞նչ կարգով են մի գյուղին միջոցներ տրվում գազի անցկացման համար, մյուսին՝ ոչ: «Ման ենք գալիս, չենք գտնում, թե ինչ սկզբունքով են տրվում այդ գումարները: Ի՞նչ տրամաբանություն է գործում, երբ դրանք հատկացվում են ֆիզիկական անձանց գույքահարկի, հողի հարկի պարտքերը փակելու համար»,- հայտարարեց ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Փորձագետները հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային ցուցանիշներում արձանագրել են բազմաթիվ անճշտություններ, շեղումներ, ոչ հավաստի տվյալներ, որոնք էապես ազդել են նախատեսվող համահարթեցման դոտացիայի չափի վրա:

Վերահսկիչ պալատը վերջին երկու' 2003 եւ 2004թթ.-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ համայնքներում բյուջեների հաշվին կատարվել են վճարումներ դատական ակտերի հարկադիր կատարման տարածքային ստորաբաժանումների կողմից համայնքների բյուջեների հաշվին դրված արգելանքի դիմաց, որոնք նախատեսված չէին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով (նման բացահայտումներ կատարել է նաեւ «Հետքը» (Տե՛ս' «Համայնքներում ինչպես են ծախսվում պետական դոտացիաները», «Աղքատության ընտանեկան նպաստ՝ յուրայիններին» ):

Բացահայտվել են հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային ցուցանիշների անճշտություններ, որոնք, ըստ փորձագետների, հիմնականում պայմանավորված են հետեւյալ հանգամանքներով'

ա/ Հողը տրվել է վարձակալության, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների հետ հողի վարձակալական պայմանագրերը բացակայում են, եւ տարածքային հարկային տեսչություններին ներկայացվում են հողի հարկի հաշվետվություններ:
բ/ Ֆիզիկական անձանց հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների տարեկան գույքահարկը հարկման բազաներում ընդգրկված է մասնակի:
գ/ Ավագանիները որոշում են կայացրել պակասեցնել բյուջեով նախատեսված հողի հարկի գումարը:
դ/ Համայնքապետերը դոտացիայով փակում են նախորդ տարիների աշխատավարձի եւ պարտադիր այլ վճարումների պարտքերը:

Դոտացիոն գումարներից այդպես էլ ոչ մի լումա չի ծառայեցվում իր նպատակին հիմնականում այն պատճառով, որ գյուղական բնակչությունն անգամ տեղյակ չէ, որ պետությունը որոշակի նպատակով գումար է հատկացնում համայնքներին: Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով (ԱՀՌԾ) համայնքային բնակչության մասնակցությունը եւ համայնքի վերահսկողությունը ապահովելու համար կարեւորվում է «Համայնքային բյուջեների ձեւավորման գործընթացում հրապարակայնության ու թափանցիկության բարձրացումը, որի ապահովումը դրված է ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՏԻՄ-երի վրա: Նախարարությունից եւ ԱՀՌԾ քարտուղարությունից տեղեկացանք, որ այդ ուղղությամբ դեռեւս ոչինչ չի ձեռնարկվել: Այնուամենայնիվ, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է հրապարակայնության սկզբունքը: Դա նշանակում է, որ քաղաքացիներին պետք է տեղեկացնել պետական եւ համայնքային բյուջեների ձեւավորման եւ կատարման մասին' այդ փաստաթղթերը հրապարակելով «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կամ տեղադրելով նախատեսված ցուցատախտակներին: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածը ՏԻՄ-երին պարտավորեցնում է հրատարակել համայնքի զարգացման եռամյա ռազմավարական ծրագիրը: Համայնքի բնակիչներին այն ավելի մատչելի դարձնելու համար օրենքի նույն հոդվածը միաժամանակ պարտավորեցնում է տեղական մարմիններին պատրաստել եւ հրատարակել հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ եւ գրքույկներ: Գյուղական համայնքներում հրապարակայնության ոչ մի մեխանիզմ չի գործում, եւ Կառավարությունը չի շտապում պարտադիր կիրառում ապահովել դրա համար:

Քանի որ լրագրողները տարակուսած էին մարզպետների աշխատանքին տրված դրական գնահատականներից, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը փորձեց շտկել վիճակը: Նա տեղեկացրեց, որ թերացումների պատճառները պարզելու համար մարզպետներին հանձնարարվել է մարզային խորհրդի նիստի ժամանակ քննարկել համայնքապետերի աշխատանքը: Նախարարն, ի վերջո, համոզվել է, որ վատ աշխատող համայնքապետերին պետք է անվստահություն հայտնել (Սահմանադրությամբ այդ լիազորությունը կառավարությանն է տրված): «Վերջին երկու տարում ձեռնպահ ենք եղել, բայց հիմա ես կողմնակից եմ դրան»,-հայտնեց Հ. Աբրահամյանը մարզպետների հաշվետվությունից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նրա ասելով՝ 5% եկամուտ հավաքած համայնքապետը իր մանկապարտեզների, մշակույթի օջախների աշխատողների աշխատավարձն այդքան տոկոսով էլ կվճարի: Եթե պետությունը լիովին կատարում է իր պարտավորությունները, մարում նախորդ տարիներին կուտակած լրավճարի պարտքերը, ուրեմն համայնքապետերն էլ պարտավոր են իրենց գործն անել:

Համայնքապետերն, իհարկե, հենց այնպես չեն թերանում պահուստային հողերի վարձավճարները գանձելու հարցում կամ երբ արոտավայրերը շարունակում են շահագործման տալ առանց վարձակալական պայմանագրերի: Դա նշանակում է, որ համայնքապետը, առանց օրինական ձեւակերպումների, հարստացնում է սեփական գրպանը' դրանից մասհանելով ավագանուն: Միայն այդ դեպքում ավագանին բյուջեի հաշվետվություն չի պահանջի եւ անվստահություն չի հայտնի չաշխատող համայնքապետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter