HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի քաղաքապետարանը դրոշների գնման ու տեղադրման համար հատկացրել է մոտ 104 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը 2017-2018թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է դրոշների ձեռքբերման, դրոշակազարդման ծառայությունների պայմանագիր, ըստ որի վճարել է 103 մլն 634 հազար դրամ:

2017թ. փետրվարին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Ինտեր պարտներ» ՍՊԸ-ի հետ: Ձեռք է բերել 5000 հատ պետական դրոշ: Դրանցից 3500-ը եղել են 1x2 մետր չափսի, և յուրաքանչյուր միավորի գինը կազմել է 2650 դրամ, իսկ 1500 հատը՝ 1.5x3 մետր՝ յուրաքանչյուրը 3550 դրամ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 14 մլն 600 հազար դրամ:

Քաղաքապետարանը 3500 հատ տարբեր չափսերի դրոշ էլ գնել է 2017թ. մարտի 6-ին՝ «Ալֆա Թրեյդ» ՍՊԸ-ից: Դրոշներն ունեցել են Էրեբունի-Երևանի տարբերանշանը և ձեռք են բերվել «Էրեբունի-Երևան» միջոցառման շրջանակներում: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 7 մլն 850 հազար դրամ:

2017թ. փետրվարի 6-ին դարձյալ «Էրեբունի-Երևան» միջոցառման շրջանակներում քաղաքապետարանը «Ինտեր պրինտ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 3500 հատ Երևանի տարբերանշանով տարբեր չափսերի դրոշներ: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 7 մլն 990 հազար դրամ: Իսկ ապրիլի 18-ին կնքված պայմանագրի համաձայն «Ձևավորում» ՓԲԸ-ն «Էրեբունի-Երևան» միջոցառման շրջանակներում մատուցել է դրոշակազարդման և դրանց ապամոնտաժման ծառայություններ՝ 4 մլն 995 հազար դրամ արժեքով:

Դրոշներ են ձեռք բերվել նաև այս տարվա ապրիլի 7-ին, այս անգամ արդեն «Ինտեր պրինտ» ՍՊԸ-ի հետ: Գնված պետական դրոշների թիվն անփոփոխ է՝ 5000 հատ: Քաղաքապետարանն ընկերությունից ձեռք է բերել դարձյալ 3500 հատ 1x2 մետր չափսի դրոշ՝ հատը 2400 դրամ, իսկ 1500 հատը՝ 1.5x3 մետր՝ յուրաքանչյուրը 3840 դրամ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 14 մլն 160 հազար դրամ: Այս դրոշները պետք է մատակարարվեն մինչև հունիսի 30-ը:

126 հազար դրամի 30 հատ Երևան քաղաքի զինանշանով սպիտակ դրոշ էլ քաղաքապետարանը գնել է «Ձևավորում» ՓԲԸ-ից՝ հատը 4200 դրամով: Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի 1-ին:

Քաղաքապետարանը զգալի միջոցներ է ծախսում նաև դրոշների տեղադրման և ապամոնտաժման ծառայությունների համար: Մասնավորապես՝ 2017թ. փետրվարի 2-ին կնքված պայմանագրով «Ձևավորում» ՓԲԸ-ի կողմից մատուցվել է 6468 հատ հիմնային պատվանդանների դրոշների փոխման, մաքրման և սպասարկման ծառայություններ՝ 9 մլն 995 հազար դրամ արժեքով: Իսկ մինչև 4 օտարերկրյա նախագահների այցերի դրոշակազարդման ծառայությունները, որի մեջ մտնում են նաև համապատասխան երկրի և Հայաստանի դրոշների ձեռքբերումը, դրոշակազարդումն ու ապամոնտաժումը, արժեցել է 14 մլն 990 հազար դրամ:

Նշենք, որ դրոշակազարդման աշխատանքներն, ըստ արարողակարգի, իրականացվել են Իսակով, Մաշտոց, Բաղրամյան պողոտաներում, ինչպես նաև օդանավակայանից մինչև Արգավանդի խաչմերուկ հատվածը, Ամիրյան փողոցը, Հաղթանակ կամրջի հատվածը:

Նույն պայմանագրի շրջանակներում «Ձևավորում» ՓԲԸ-ն մատուցել է նաև ՀՀ անկախության օրվան նվիրված Երևան քաղաքի դրոշակազարդման ծառայություններ՝ 3 մլն 995 հազար դրամ արժեքով: Ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է 28 մլն 980 հազար դրամ:

«Ձևավորում» ՓԲԸ-ի հետ նմանատիպ ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքվել է նաև այս տարվա հունվարի 24-ին՝ ընդհանուր 24 մլն 933 հազար դրամ արժեքով: Այս դեպքում ներառված չեն անկախության տոնի դրոշակազարդման ծառայությունները:

Մեկնաբանություններ (3)

հրայր
Եթե քաղաքապետարանը այդքան գումար ունի թող կենցաղային հարցեր լուծի մենք առանց դրոշակ յոլա կգնանք. գումարները ուղղել բնակիչներին.
Լիանա Խառատյան
Միջոցների ինչպիսի վատնում (այլևայլ վատնումների հետ մեկտեղ) այն դեպքում, երբ երկրում 30 և ավել տոկոս աղքատություն կա և հազար ու մի առաջնահերթ կարիք, որ չի բավարարվում։ Խայտառակություն է։ Դրոշի՝ որպես խորհրդանիշի վարկն էլ են գցում։
Էդուարդ
Սովետին տվել անցել են, - կիրովականցի (Վանաձոր ) Ռուբենը մայիսի 1- ին շրջում է ձեքերը մեջքին պահած։ Հարցին ինչու , պատասխանում է . - Ինչ անցք գտնում ԴՐՈՇՆԵՐ են տնկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter