HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարմարաշենի նախրապանները

Ազիզ Հասանյանն ու Կորյուն Շահինյանն արդեն 10 տարի է` ամեն առավոտ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի կովերին տանում են արոտ: Առավոտյան` ժամը 07։00-ին, Կորյունը գյուղի մի ծայրից, Ազիզը՝ մյուս, գոմերից հանում են կովերին և նախիրը քշում դեպի Մարմարաշենի արոտավայր։

Կորյուն Շահինյանը նախրապան է  2002 թվականից, իսկ Ազիզի հետ այս գործով զբաղվում են մոտ տասը տարի։ Մինչ կովերն արածում են դաշտում, Կորյունն ու Ազիզը խաչբառ են լուծում, «էկրան» կոչվող ձուկ որսալու գործիքով կամ վրանի տակ հանգստանում։ Նրանք մինչ գյուղի նախրապաններ դառնալը,  խորհրդային տարիներին միասին նույն ֆերմայում են աշխատել։

Ամեն օր` մինչ օրվա վերջը, կա՛մ Կորյունն է մնում արոտավայրում, կա՛մ Ազիզը։ Բայց կովերին դաշտ բերելիս ու տուն տանելիս երկուսով են լինում, ասում են ՝«այսպես ավելի ապահով է»։

Ազիզը եզդի է։ Ասում է՝ իրենց ազգում գյուղատնտեսությունը, անասնապահությունը հիմնական զբաղմունք է, ինքն էլ մանկուց այս աշխատանքներով է զբաղված: «Երկու տարի, որ բանակում էի, մենակ էդ ժամանակ  գյուղատնտեսությամբ չեմ զբաղվել»,-պատմում է Ազիզը։ Ազիզը գյուղի անասունների հետ նաև իր անասուններին է արոտավայր տանում: Հիշում է, որ Խորհրդային Միության տարիներին իրենց ընտանիքը 200 կով է ունեցել, սակայն գյուղի արոտավայրերի մեծ մասը ժամանակի ընթացքում սեփականաշնորհվել է, իր ընտանիքն էլ արդեն արոտավայրի համար քիչ հող է ունեցել, ուստի՝ ընտանիքին պատկանող կովերի քանակը ևս քչացել է։ Ազիզը հիմա 3 կով է պահում։

Ազիզի համար նախրապան լինելը պատասխանատու աշխատանք է։ Ասում է՝ ուրիշի եկամտի հետ գործ ունեն, պետք է անասունին անվնաս դաշտ բերեն, անվնաս էլ հետ հասցնեն տիրոջը։ Պետք է ուշադիր լինեն, որ կովերը դուրս չգան երկաթգծի վրա կամ չընկնեն ջրանցքը։

Գյուղի նախրապանները հատկապես այս եղանակին քիչ են հանգստանում, ավելի ուշադիր լինում համագյուղացիների անասուններին։ Ազիզը հիշում է՝ մայիսի սկզբին կովերն արոտավայրում արածում էին, երբ ուժեղ քամի սկսվեց, անասուններին այս ու այն կողմ քշեց։ Ազիզն ու Կորյունը իրար խառնված վազել են անասունների հետևից, որ քամին չքշի։ Կարողացել են նախիրը մի թմբի մոտ տեղափոխել, երբ քամին դադարել է, կովերին գյուղ են հասցրել։

Նախրապաններն ամեն առավոտ կովերին հաշվում են մինչ արոտավայր հասցնելը։ Օրինակ՝ մեր նկարահանման օրը 49 կով կար, մնացածին գյուղում պիտի պատվաստեին հիվանդությունների դեմ։

Կովերն արոտավայրում են մնում մինչ երեկո։ Ամեն օր 50-60 կով են բերում արոտավայր։ Ամեն կովի համար ամսական  5000 դրամ են ստանում։ Ընկերներն ամսվա վերջում աշխատավարձը կիսում են՝ ամսական յուրաքանչյուրը մոտ 150 000 դրամ է ստանում։ Գոհ են աշխատանքից՝ ասում են կարողանում են զուգահեռ իրենց տնտեսություններում աշխատանք անել։ Այն օրը, երբ դաշտում չեն լինում, իրենց այգիներն են մշակում ու անասուններին տիրություն անում։ Ընկերներն այս գործին են տարվա մեջ յոթ ամիս` մայիսից մինչև նոյեմբեր։

Մեկնաբանություններ (1)

Armen
I’m an engineer making a lot. I’m not happy. I would like to be a cowboy like these guys. I was a little cowboy when I was a child. I’m missing my cowboy days and my village.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter