ՈՒրբաթ, 20 հուլիսի

«Կուսակցությունների մասին» նոր օրենքը հնարավոր ռեֆորմների անկյունաքարն է



Հայաստանում տեղի ունեցած կառավարափոխությունը քաղաքական համակարգի խորքային և անշրջելի ռեֆորմների վերածելու համար մի քանի նոր օրենքի անհրաժեշտություն կա: Դրանց շարքում «Կուսակցությունների մասին» նոր օրենքն է, որը կարևորագույն նշանակություն ունի, սակայն որի անհրաժեշտությունը այնքան էլ խորը չի գիտակցվում։

Սկսած 1995-ից` քաղաքական դիսկուրսի հիմնական թեման ազատ և արդար ընտրություններն են։ Ընտրությունների օրինականությունը կարևորագույն ինստիտուտ է, սակայն պետք է ընդունել, որ դա տեխնիկական հարց է։ Այն հարցադրումը, թե ովքեր իրավունք ունեն մասնակցել ընտրություններին և հաջողության դեպքում վճռել պետության ճակատագիրը, հանրային քննարկման առարկա չի դառնում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունների գաղափարախոսությունը, կառուցվածքը, պետության ապագայի մասին նրանց տեսլականն իրենց սուվերեն իրավունքներն են, և ստանալով իշխանության գալու իրավունք` նրանց առջև որևէ պարտականություն չի դրվում։

Վերջին տասնամյակների մեր քաղաքական տխուր փորձը հակառակն է ցույց տալիս, կուսակցություն կոչվելու և ընտրություններին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է համապատասխանեն շատ խիստ պարտավորությունների, որոնք նրանց առջև պետք է դնի նոր օրենքը։ Դա պետական հասունության ու հանրային գիտակցության բարձրացման բնական զարգացման արդյունքը պետք է լինի։

Հայաստանի Հանրապետության վերջին տարիների պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել իշխանությունը որևէ կուսակցությունում: Նման ավտորիտար մոդելով գործող կուսակցությունը, իշխանության մաս կազմելուց հետո, իր ավտորիտար ու ոչ ժողովրդավար կառուցվածքը տարածում է ամբողջ պետության ու տնտեսության վրա: Սա մեր պատմական փորձն է, որի համար մեր երկիրը թանկ գին է վճարել։ Իսկ շատ ընդդիմադիր կուսակցություններ, իրենց հերթին, իշխանության հետ ստվերային պայմանավորվածությունների գալու պատճառով նույնպես ստիպված են եղել նման ավտորիտար կուսակցություններ ստեղծել:

Էդուարդ Շարմազանովի հայտնի պնդումները, որ ՀՀԿ-ն ընտանիք է, իսկ Սերժ Սարգսյանն այդ ընտանիքի հայրն է, հենց այդ ամենաթողության հետևանքն են, որը թույլ է տալիս ոչինչ չասող, գործող օրենքը։ Չնայած Սերժ Սարգսյանի ձևավորած ավտորիտար իշխանությանը` «տարօրինակ» կերպով 2016-ին ծայրահեղ լիբերալ «Կուսակցությունների մասին» օրենք է ընդունել ԱԺ-ում, որը թույլ է տալիս ցանկացած տիպի և ցանկացած գաղափարախոսությամբ կուսակցություն ստեղծել և դրանց վստահել մեր երկրի ճակատագիրը։

Դիտարկենք ներկայիս խորհրդարանի 4 ֆրակցիաներից 3-ի կառուցվածքը։ Ավտորիտար ՀՀԿ-ն կառուցված է վերևից ներքեւ սկզբունքով, որտեղ շարքային և անգամ խորհրդի անդամները ընտրություններից առաջ սպասում էին, թե միանձնյա կերպով ինչպես է կազմվելու իրենց կուսակցական ցուցակը։ Որևէ ներկուսակցական ժողովրդավարության, որոշումների ընդունման թափանցիկության մասին անգամ խոսք չկա։ «Ընտանիքի հայրը» և´ կերակրողն է, և´ որոշումներ ընդունողը։

Նույնը կարելի է ասել ԲՀԿ-ի մասին, որը «Մուլտի Գրուպի», «Շանգրիլայի», Ծառուկյանին պատկանող տոնավաճառի հետ համատեղ ընտանեկան բիզնեսի օբյեկտներից է։ Բնականաբար, ներկուսակցական ժողովրդավարության, որոշումների ընդունման թափանցիկության մասին անգամ խոսք լինել չի կարող։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ի համեմատությամբ, ժողովրդավարության կղզյակ է հիշեցնում։

Որոշ ժողովրդավարական մեխանիզմների արտաքուստ պահպանությամբ ՀՅԴ-ն չի կարող համարվել ժամանակակից պառլամենտական կուսակցություն` իր փակ համագումարներով, զենքի վրա տրվող երդումներով և այլն։ Պառլամենտական երկրում փակ և երդումի վրա հիմնված կուսակցությունները մեծագույն խոչընդոտ են ժողովրդավարական հասարակությունների կայացման համար։

Քաղաքական համակարգ

«Կուսակցությունների մասին» օրենքը պետք է նպաստի Հայաստանի կայուն քաղաքական համակարգի ձևավորմանը` նրան զերծ պահելով քաղաքական ծայրահեղական ուղղություններից և գաղափարներից: Ցանկացած երկրի կայունությունը և զարգացման հնարավորությունը պայմանավորված է կայուն և կանխատեսելի քաղաքական համակարգի գոյությամբ, և ընտրությունների արդյունքում այս կամ այն կուսակցության հաղթանակը չպետք է հանգեցնի սոցիալական, ներքաղաքական ու արտաքին քաղաքական ցնցումների:

Լեգալ քաղաքական կուսակցությունները չեն կարող դիտարկվել որպես ինքնաբավ միավորներ, նրանք պետք է դիտարկվեն որպես ընդհանուր քաղաքական համակարգի մասնիկներ, որոնք գրանցվելիս պարտավորվում են ենթարկվել օրենքներից բխող խստագույն պարտավորությունների:

Այս առումով կարևոր է, որ օրենքի միջոցով կարգավորվի կուսակցությունների սոցիալական հայեցակարգի ու ծրագրերի համապատասխանությունը սահմանադրությանը և ՀՀ օրենսդրությանը:  

Կուսակցությունները երկրի համար պետք է լինեն ոչ թե վտանգների աղբյուր, այլ երկրի ժողովրդավարության հաստատման երաշխիքներ, ինչի համար հենց իրենք պետք է լինեն ժողովրդավարական կառույցներ, որոնց ներքին հակակշիռների մեխանիզմները լինեն իդեալական՝ ավելի համոզիչ, քան անգամ սահմանադրությունն է պարտադրում իշխանության տարբեր ճյուղերի համար։

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ