Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Նախարար․ «2017-ի բյուջեն արձանագրել է 1 տրիլիոն 237,8 միլիարդ դրամ եկամուտ, որը նախորդ տարվանից ավելի է 66,7 միլիարդ դրամով»



Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը։ Նիստին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ԱԺ նախագահ Արա Բաբոլյանը, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ։

Հիշեցնենք, որ այս հաշվետվությունը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության՝ 2017 թվականի իրականացրած գործունեությանն է վերաբերում։

Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Սկզբնական ծրագրային ցուցանիշները եկամուտների մասով հաստատված են եղել մեկ տրիլիոն 210 միլիարդ դրամ, արտաբյուջետային միջոցների համար եկամտային մասում կառավարության կողմից հաստատվել է 35,2 միլիարդ դրամի եկամտային մաս։ 6,6 միլիարդ դրամ են կազմել այն եկամտային միջոցները, որոնք կառավարության վերապահված իրավասության շրջանակում իրականացվել են առանց սահմանափակման ծախսերի և եկամուտների ձևակերպման ճանապարհով, և շուրջ 69 միլիարդ դրամով փոփոխվել է կառավարության լիազորությունների շրջանակում եկամտային մասը՝ արդյունքում արձանագրելով մեկ տրիլիոն 320,9 միլիարդ դրամի ծրագրային ցուցանիշ»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ բյուջեի ծախսային մասը սկզբնապես հաստատվել է մեկ տրիլիոն 360,1 միլիարդ դրամ, իրականացվել՝ մեկ տրիլիոն 561 միլիարդ դրամ։ Դեֆիցիտի ցուցանիշը ևս փոփոխության է ենթարկվել՝ 150 միլիարդից կազմելով 240,2 միլիարդ դրամ։

«Եկամուտների համար սկզբնապես հաստատված է եղել 1 տրիլիոն 320,9 միլիարդ դրամ, արձանագրվել է մեկ տրիլիոն 237,8 միլիարդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 66,7 միլիարդ դրամով»,- մանրամասնեց Ջանջուղազյանը։ Նախարարի վստահեցմամբ՝ եկամուտների մեջ մեծ կշիռ են ունեցել հարկային եկամուտները դրանք կազմել են 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ, իսկ սկզբնական ծրագրով հաստատված է եղել 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ։

Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղեկցությամբ, դուրս եկավ քննարկման սենյակից։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ