Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյան․ «ԱԺ նախագահը հրավիրված է եղել, ինչ վերաբերվում է հանձնաժողովների նախագահներին, ցավալի թյուրիմացություն է եղել»




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ԱԺ նախագահը հրավիրված է եղել Սարդարապատի հուշահամալիր։ Այս մասին խորհրդարանում «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված շքերթին, ըստ ՀՀԿ խոսնակի, հրավիրված է եղել ընդամենը երեք ՀՀԿ-ական պատգամավոր։

Մեր դիտարկմանը, թե երեկվանից շատ քննարկվեց այն հարցը, որ ՀՀԿ-ականները և մասնավորապես՝ խորհրդարանի նախագահը ներկա չէին տոնական միջոցառմանը, Փաշինյանը պատասխանեց։ «Ես հասկանում եմ՝ Հայաստանում ավանդույթ կա, որ ամեն ինչ, նույնիսկ՝ փողկապի գույնը քննարկվում և որոշվում է վարչապետի մակարդակով, բայց ուզում եմ արձանագրենք, որ այդ իրավիճակը չի շարունակվելու։ Ես ընդամենն ուզում եմ ասել, որ, ըստ ամենայնի, անցումային շրջանի տրամաբանությունից ելնելով՝ թյուրիմացություն է եղել։ Իհարկե, ԱԺ նախագահը հրավիրված է եղել, ինչ վերաբերում է հանձնաժողովների նախագահներին, կարծում եմ՝ ցավալի թյուրիմացություն է եղել․ երևի համակարգը գործում է այն տրամաբանությամբ, որ իշխանությունը պետք է անհարմարություններ ստեղծի ընդդիմության համար, բայց նոր Հայաստանում այդ տրամանությունը չպետք է աշխատի»։

Տեղեկացնենք, որ բյուջեի քննարկումներից հետո Փաշինյանը «Ելք» խմբակցությունում հանդիպման էր գործընկերների հետ։ Մինչ այս պահը խմբակցությունը ղեկավար չունի: Հետաքրքրվեցինք՝ արդյոք որոշվե՞լ է, թե ով է իրեն այդ պաշտոնում փոխարինելու:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Խմբակցության ղեկավարի հարցը, կարծում եմ, պետք է լուծվի ընդհանուր քաղաքական կոնտեքստում։ Նոր իրավիճակում «Ելք» դաշինքն իր անելիքները և ռազմավարական տեսլականը պետք է հստակեցնի, որից հետո այդ հարցը լուծում կստանա»։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ