Կիրակի, 23 սեպտեմբերի

ՊԵԿ նախագահ․ «Նախկինի համեմատությամբ «Նորֆոլկը» շատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել»



ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկմանը հետաքրքրվեց օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ-ում հայտնաբերված չարաշահումներից։ Մելքումյանը, դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, հիշեցրեց, որ նախորդ տարի դեռ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տոնավաճառների աշխատակիցները բարձրացրել են այդ հարցը, իսկ իրենք էլ ահազանգել են կառավարությանը։

«Ահազանգեցինք, որ մենաշհորհային մաքսային քաղաքականություն է և օդից վճար է գանձվում, Դուք որպես Ֆինանսների նախարարություն՝ նախկին ղեկավարության հետ նկատի ունեմ, որ պետք է պատասխանատվություն կրեիք որպես պետական կառավարման լիազոր մարմին, ի՞նչն է խնդիրը, որ չեք արձագանքել՝ կարգոների փոխարեն մեկ մարմին է ստեղծվել, որը օդից այդ վճարները տանում էր, ինչո՞ւ ձեր նախարարությունը չի արձագանքել այդ երևույթին»,- ասաց Մելքումյանը։

Ջանջուղազյանն առաջարկեց, որ հարցին պատասխանի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ ՊԵԿ նախագահ, Ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Դավիթ Անանյանն արձագանքեց, որ նախկին պաշտոնով պայմանավորված այդ հարցին որոշակիորեն առնչվել է։ Անանյանի խոսքով՝ մեխանիզմը, որը նախատեսվել էր, ճիշտ կլիներ իրականացնել պետական մասնակցությամբ՝ բաժնետիրական ընկերություն հիմնելով։

«Որովհետև այն գործառույթը, որն իրականացնում էր «Նորֆոլկը» նախկին ժառանգած մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի որոշակի շտկում անելու նպատակադրում է ունեցել։ ԱԱԾ հաղորդագրության մեջ ևս հստակ ասվում է, որ նախկինում 8-9 կազմակերպություն կային, որոնք կարող էին իրականացնել և՛ մաքսազերծում, և՛ բեռնափոխադրում։ «Նորֆոլկը» բացվել է այն նպատակով, որ բեռնափոխադրումները մաքսազերծումից տարանջատվեն»,- ասաց Անանյանը։

Անանյանը ձեռնպահ մնաց խոսել այն մասին` արդյոք ընկերությունը հարկերը թաքցրել է, թե ոչ, ասաց՝ քննությունը կպարզի։

«Բայց արձանագրենք, որ «Նորֆոլկը» ստեղծվել է որոշակի կարգավորումներ անելու նպատակով, ինչքանով է հաջողվել, քննությունը ցույց կտա, որպես մասնագետ կարծում եմ, որ նախկինի համեմատությամբ «Նորֆոլկը» շատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաև որոշակի շեղումներ անելով իր գործունեության մեջ»,- ասաց ՊԵԿ նախագահը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ