Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Անվտանգության սերտիֆիկատ՝ վտանգավոր մթերքին․ ՍԱՊԾ օրինախախտումները



«Հետք»-ը օրերս ներկայացրել էր, թե ինչպես են սալմոնելայով հավի սառեցված մսի խմբաքանակները մտել հայկական շուկա։

Այս անգամ ներկայացնում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով Հայաստան է ներմուծվել առանց փորձաքննության անվտանգության հավաստագիր ստացած կամ վտանգավոր ճանաչված սննդամթերք, որը կրկնակի փորձաքննությամբ՝ անվտանգ է ճանաչվել։

Հայաստան ներմուծվող ապրանքներին առաջինն առնչվում է սահմանային տեսուչը. նա է գնահատում ապրանքի ռիսկայնությունը, այն լաբորատոր փորձաքննության ուղարկելու որոշում կայացնում։ Փաստացի, նրան է վերապահված բեռի զննման և փաստաթղթավորման պահանջների ապահովումը և ապրանքի հետագա ճակատագրի որոշումը։ Այս բոլոր գործողություններից հետո է միայն, որ արտադրողը ստանում է կամ չի ստանում ներմուծման հավաստագիր: Սակայն ՍԱՊԾ խախտումների վերաբերյալ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապրանքի վտանգավոր լինելու փաստը, երբեմն, լուրջ պատճառ չի դառնում ներմուծումը կասեցնելու համար։ Կամ նշանակվում է կրկնակի փորձաքննություն, որով վտանգավոր մթերքն անվտանգ է ճանաչվում:

Օրինակ, 2017թ․ ապրիլի 2-ին ուկրաինական «Պտիցեկոմպլեքս Գուբին» ընկերության կողմից ներկրված 15 տոննա սառեցված հավի մսում «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան N 491 արձանագրությամբ  սալմոնելա էր հայտնաբերել։

Միսը, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, վտանգավոր էր ճանաչվել, և խմբաքանակը պետք է ոչնչացվեր։

Սակայն  ՍԱՊԾ-ն «Պտիցեկոմպլեքս Գուբին» ընկերությանը տվել է N 00007217 անվանգության սերտիֆիկատ՝ թույլ տալով ներկրել վտանգավոր ճանաչված խմբաքանակը։

 

Ժամկետանց BRC սերտիֆիկատի հիման վրա ապրանքն անվտանգ է ճանաչվել

2017թ․ հունիսին ամերիկյան «Պիլիգրիմ Պրայդ» ընկերությունը ներմուծել է 102 տոննա հավի սառեցված միս։

Ներմուծման ժամանակ ընկերությունը ներկայացրել է BRC սերտիֆիկատ  (սննդամթերքի անվտանգության միջազգային սերտիֆիկատ, հեղ․), որի ժամկետն ավարտված է եղել, սակայն ՍԱՊԾ սահմանային տեսուչն այն ընդունել է ՝ նվազեցնելով բեռի ռիսկայնությունը 15 միավորով (մսի ռիսկայնությունը բարձր է, կառավարության որոշում՝ 21 փետրվարի 2013 թ․ N 218-Ն), ինչի արդյունքում հավի միսը չի ուղարկվել փորձաքննության և առանց լաբորատոր զննման՝ հունիսի 20-ին ստացել է անվտանգության հավաստագիր (N00008089), և ներմուծումը թույլատրվել է։

«Վերահսկիչ պալատն» իր 2017թ. հաշվետվության մեջ ևս փաստում է, որ «լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անվտանգության չափանիշներին չհամապատասխանող սննդամթերքը չի ոչնչացվել կամ հետ չի ուղարկվել»։

Վերը նշված վտանգավոր ապրանքներին տրվել են անվտանգությունը հաստատող սերտիֆիկատներ, փորձաքննությունների բացասական արձանագրությունները չեն կցվել ներմուծվող ապրանքների փաստաթղթային փաթեթին․ կցվել են միայն կրկնակի փորձաքննության դրական արդյունքները։

 

Ներմուծման հավաստագիր՝ առանց լաբորատոր փորձաքննության

2017թ. փետրվարի 9-ին Բրազիլիայից ներկրվել է թռչնամիս։ Գնահատելով ապրանքի ռիսկայնության աստիճանը՝ ՍԱՊԾ տեսուչներն այն ուղարկել են փորձաքննության։

Սակայն արդեն 4 օր անց՝ փետրվարի 13-ին, երբ փորձաքննության արդյունքները դեռևս պատրաստ չէին, ՍԱՊԾ-ն նշված հավի մսին տվել է ներմուծման սերտիֆիկատ (N00006717): 

Այնինչ, լաբորատոր փորձաքննության արդյունքերը ստացվել են միայն 11 օր անց՝ փետրվարի 24-ին։

2017թ․ հունվարի 11-ին, նախքան փորձաքննությունն իրականացնելը,  ՍԱՊԾ-ն ներմուծման հավաստագիր է տվել նաև 103,8 տոննա մսամթերք ներկրող մեկ այլ ընկերության (N00006457)։ Փորձաքննության արդյունքները ստացել է ընդամենը 5 օր հետո՝ հունվարի 16-ին։

Նմանատիպ դեպք է եղել նաև մարինացված վարունգների դեպքում. 2016թ. նոյեմբերին 22 տոննա մարինացված վարունգի անվտանգության սերտիֆիկատը (N026248) տրվել է նոյեմբերի 24-ին, իսկ փորձաքննության արդյունքները պարզ են եղել միայն դեկտեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ վերջերս «Հետք»-ի ընթերցողներից ահազանգ-բողոքներ ենք ստացել մարինացված վարունգներից՝ «Lutik» ընկերության արտադրանքի հետ կապված, որտեղ փորձաքննությամբ որդեր էին հայտնաբերվել։

Այսպիսով, ՍԱՊԾ-ն խախտել է կառավարության՝ 2010թ. հոկտեմբերի 21-ի N1442 Ն որոշումը, որի 17-րդ և 18-րդ կետերը սահմանում են, որ «բեռի հետագա օգտագործման հնարավորությունը որոշվում է լաբորատոր փորձաքննության արդյունքներով» և «բեռը բաց է թողնվում բեռի նկատմամբ պետական վերահսկողության արդյունքների հիման վրա` լիազոր մարմնի կողմից տրված` բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթի հիման վրա»։

 

Կենդանիների հաշվառման և համարակալման համակարգեր չկան

Օրեր առաջ «Հետք»-ը հոդված էր հրապարակել Տավուշի մարզում 509 գլուխ խոզերի ոչնչացման վերաբերյալ։ ՍԱՊԾ-ն որևէ հիմնավորում չի ներկայացնում այդ դեպքի համար՝ հայտնելով, որ կենդանիների սպանդը տեղի է ունեցել սեփականատիրոջ նախաձեռնությամբ՝ հերքելով, որ Տավուշի մարզում ժանտախտի վարակ կա: Սեփականատերը, սակայն, նշում է, որ իր կենդանիները փաստաթղթավորված չեն և երբևէ չեն պատվաստվել:

«Վերահսկիչ պալատ»-ի՝ 2017թ. հաշվետվության մեջ նշված է, որ անասնահամաճարակային հետազոտությունների արդյունքում հիվանդությունների վերաբերյալ ստացած փաստաթղթավորումը և հիվանդությունների հայտնաբերումը չի արտացոլում առկա իրավիճակը, քանի որ բացակայում են կենդանիների հաշվառման, համարակալման, կենդանիների տեղաշարժման մեխանիզմները։

Այս համակարգի բացակայությունը, ըստ էության, թույլ չի տալիս վերացնել կենդանիների հիվանդությունները և հետևաբար՝ մեծացնել պետբյուջեի հաշվին իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը․ պատշաճ պատվաստման գործընթաց կազմակերպելու համար կենդանիները պետք է լինեն համարակալված, ունենան անասնաբուժական անձնագրեր:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ