HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի Վրաստան կատարելիք այցի շուրջ

Վահե Սարգսյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ.

ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իշխանափոխությունից  հետո անհրաժեշտ է վերբեռնել նաև ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների անչափ կարևոր ոլորտը: ՀՀ-Վրաստան հարաբերությունների վերաիմաստավորումն օրվա հրամայականն է, և ՀՀ նորընտիր վարչապետ Ն. Փաշինյանի` մայիսի վերջին Վրաստան կայանալիք այցն ունի բավարար նախադրյալներ, որպեսզի բովանդակային առումով ունենա շրջադարձային նշանակություն: Այդ իմաստով՝ այցով պայմանավորված սպասելիքները մեծ են, իսկ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ, ՈՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ, Ի ՎԵՐՋՈ, ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆԱՑՆԵՐԻ ՀԱՐԹԱԿԻՑ ՎԵՐՋՆԱԿԱՆՈՐԵՆ ԿՏԵՂԱՓՈԽԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ-ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԴԱՇՏ, քանի որ նրանք վաղուց ձանձրացել են հայ-վրացական բարձրաստիճան հանդիպումների անարդյունավետությունից եվ զուտ արարողակարգային բնույթից:

Ն. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ` ՆՈՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԴՐԱ ԱՄԵՆԱԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ Է: Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները, մեծամասամբ հանդիսանալով գործարարներ, բիզնես ոլորտում խորքային կապվածություն և բազմաթիվ մութ պայմանավորվածություններ ունենալով Վրաստանի հետ, բարձրաստիճան հանդիպումներում առավել շատ տեղ են տվել այս հարցերի քննարկումներին, իսկ պետական-ազգային շահերին առնչվող հարցերը հաճախ են անտեսվել` կրելով դեկլարատիվ բնույթ: Ն. Փաշինյանն այդ իմաստով ազատ է բանակցություններում, նախկին իշխանության պատասխանատու ղեկավարության օրինակով կապված և կախված չէ վրացական իշխանություններից, չունի վերջիններիս հետ տարաբնույթ բիզնեսներ կամ այդ ոլորտներին առնչվող տարաբնույթ գործարքներ: Այստեղ պետք է նաև շեշտել, որ բարձրաստիճան քննարկումներում ազատ են և' անձամբ ինքը` վարչապետը, և' նրա պատվիրակության անդամները` փոխվարչապետեր, նախարարներ, այլևայլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և այլն: Փաստենք, որ նախկին իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ շատ հանդիպումներում քննարկվել են առավել շատ անձնական – բիզնեսային հարցեր, քանի որ նախորդ տարիներին պաշտոնավարած անձանց ծանրակշիռ մասն ուներ խոշոր բիզնես նաև Վրաստանում կամ, հանդիսանալով խոշոր ներկրող, կրկին Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների օրակարգում առաջնային տեղ էին տալիս սեփական խնդիրներին: Իսկ առավել մտահոգիչն այն էր, որ Վրաստանից խոշոր բիզնեսային կախվածություն են ունեցել հենց այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատուի կամ անդամի դերում տասնամյակներով հանդիսացել են միջպետական հարաբերությունները համակարգող կառույցների մաս: Պարզորոշ է, որ լավագույն ցանկության դեպքում անգամ վերջիններս, կաշկանդված լինելով գործարար կապերով, ի զորու չէին առաջադրելու և լուծելու որևէ պետական կամ ազգային նշանակության խնդիր: Իրականում այդպիսի խնդիրներ չեն էլ առաջադրվել, քանի որ, առաջնորդվելով բիզնես շահերով,  պատասխանատու պաշտոնյաներից շատերը չեն էլ ըմբռնել այդ խնդիրների կարևորությունը: Փաստենք նաև, որ Կ. Կարապետյանի կառավարությունն իբր փորձեր արեց լուծելու Վրաստանի հետ կապված որոշ խնդիրներ, բայց շուտով պարզվեց, որ, ինչպես ՀՀ ներքին ոլորտներում, այստեղ ևս հայտարարությունները գերակա գտնվեցին գործնական քայլերի նկատմամբ:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԸՆԿԱԼԵԼՆ Է: Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները վրացական միջավայրում ընկալվել են որպես խորհրդային արժեհամակարգի լուռ վկաներ և ռուսական դրածոներ, և վերջիններիս հետ Վրաստանի ազատական և արևմտամետ ուժերը գրեթե չեն բանակցել կամ եղած ձևական բանակցություններում իրենց պահել են որոշակի հեռավորության վրա: Այժմ վրացական կողմի մոտ ևս մթնոլորտը փոխվել է, վերացել են բանակցություններին խոչընդոտող մի շարք հոգեբանական գործոններ, և Ն. Փաշինյանն արդեն ընկալվում է ոչ թե նախկինների նման «ռուսական ուսադիրների» տակ հանդես եկող ՀՀ պաշտոնյա, այլ՝ «Պուտինին լարվածության մեջ պահած», ժողովրդավարական արժեքներ դավանող, «անգլերեն խոսող», արևմուտքում կրթություն ստացած, վստահելի և երիտասարդ գործիչների թիմի առաջնորդ:

Խնդիրները, որոնք  մեր կարծիքով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի Վրաստան կատարելիք այցի օրակարգում պետք է առաջնային լինեն, հետևյալներն են.  

  1. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ-ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՐՑԵՐ: Չնայած նախկին վարչապետ Կ. Կարապետյանի խոստումներին, որ այո, լինելու է Վերին Լարս անցակետին այլընտրանք, այն այպես էլ չեղավ, և այժմ ՀՀ-ի համար ՌԴ-ի հետ ցամաքային տրանսպորտային եզակի անցակետ շարունակում է մնալ նշյալ անցակետը` իր բոլոր խնդիրներով ու թերություններով: ՀՀ անվտանգության համար շարունակում է սպառնալիք մնալ մեկ անցակետից կախված տարանցիկության խնդիրը:

Օրերս ՌԴ-ի հետ բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զ. Աբաշիձեն հայտարարեց, որ պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և ՀՀ տանող «առևտրային միջանցքների» բացմանը:

Խոսքը, բնականաբար, վերաբերում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով անցնող վրաց-ռուսական տարանցիկ համակարգերի վերականգնմանը, որոնք առաջնահերթ կարևորություն ունեն նաև ՀՀ-ի համար:

Բնականաբար, իդեալական կլիներ, որ խոսվեր նաև Աբխազական երկաթուղու վերաբացման մասին, բայց այս փուլում դեռևս խոսքը գնում է Շվեյցարական միջնորդական ընկերության կողմից ռուսական և վրացական տարածքներում (ոչ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքներում) հատուկ անցակետերով  վերահսկվելիք ճանապարհային ուղիների մասին: Փաստենք, որ 2011 թ. կնքված ռուս-վրացական հատուկ պայմանագրից ելնելով՝ 2017 թ. ավարտին շվեյցարական SGS ընկերության հետ հատուկ պայմանագիր կնքեց Վրաստանը, իսկ վերջին շրջանում` նաև Ռուսաստանը: Այժմ գործընթացը գտնվում է մի շարք հարցերի և տեխնիկական կանոնակարգերի համաձայնեցման փուլում: 

Բնականաբար, եթե ամեն ինչ բարեհաջող ստացվի, ապա ապագայում խոսք կարող է լինել նաև աբխազական երկաթուղու վերագործարկման մասին, չնայած, որ այն կապված է բավականին լուրջ ներդրումների հետ. ներկա դրությամբ ամբողջովին ավերված է երկաթուղու Զուգդիդ-Օչամչիր շուրջ 50 կմ-ոց հատվածը, ինչպես նաև վրաց-աբխազական շփման գիծ հանդիսացող Ինգուրի գետի վրայի կամուրջը:  

Հիշեցնենք, որ, չնայած տեխնիկական բազմաթիվ խնդիրներին, մինչ 2006 թ., այն է`  Սահակաշվիլու ռեժիմի կողմից վրաց-ռուսական հարաբերությունների ծայրահեղ սրումը և Վերին Լարս անցակետի փակումը (վերաբացվեց 2009 թ.)  այս կամ այն կերպ շարունակում էր գործել Ռոքի թունելը, և բազմիցս քննարկվում էր Ռուսաստանի հետ այս կարևոր անցակետը Վրաստանի և Հարավային Օսեթիայի կողմից համատեղ շահագործման մասին հարցը: Ի դեպ, Ռոքի թունելին հարող ռուս-վրացական (հարավօսեթական) «Ներքին Զարամագ-Ռուկ» սահմանային անցակետի  հիմնման մասին որոշումը կայացվել է 1993 թ.: 

Ն. Փաշինյանի այցի առանցքային քննարկումներից մեկը հենց պետք է հանդիսանա տարանցիկության մասին հարցը, առավել ևս, որ այս օրերին Վրաստանից այս ուղղությամբ եղել են դրական ազդակներ:

Փաստենք նաև, որ նշյալ տարածքներով տարանցիկ համակարգերի վերաբացումը ոչ միակերպ է ընկալվում վրացական շրջանակներում: Վրաց ակտիվ հասարակության և բարձրաստիճան շրջանակների մի մասը կարծում է, որ դա մեծ վնաս կհասցնի Փոթիի նավահանգստով իրականացվող բեռնափոխադրումների ծավալին, որից մեծապես կտուժի Վրաստանի տնտեսությունը: Մի լայն հատված էլ, որոնք հիմնականում ներկայացնում են Մ. Սահակաշվիլու թրքամետ թիմը, կարծում են, որ պետք է զարկ տալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարանցիկ հարաբերությունների խորացմանը, և հյուսիս – հարավ տրանսպորտային առանցքը հակադրվում է հորիզոնական (թյուրքական) առանցքին: 

Խոսելով Վրաստանով անցնող թյուրքական (թուրք-ադրբեջանական) տարանցիկ համակարգերի մասին` պետք է փաստել, որ շուրջ մեկ տասնամյակից ավել տևած շինարարական աշխատանքներից հետո արդեն սույն թվականից լայնորեն գործարկվելու է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին (ԲԹԿ): Ճիշտ է` մինչ օրս եղել են որոշ հետաձգումներ, որոնք ունեցել են քաղաքական հիմքեր և կապված են եղել Թուրքիայի կողմից շինարարական աշխատանքների արհեստական ձգձգման հետ: Պատճառը երկու երկրների միջև առկա տարաձայնություններն էին, և Թուրքիան մշտապես իր դժգոհությունն է հայտնել Ադրբեջանին` ազատ առևտրի և վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրեր չստորագրելու համար: Խնդիրը մասնակի լուծվեց 2017 թ., երբ Թուրքիան ազատ առևտրային գոտի ստեղծեց իր հետ ցամաքային կապ ունեցող Նախիջևանի հետ: Արդյունքում` արդեն լայն գործարկման փուլում է ԲԹԿ երկաթուղին: Ավելին, այսօր ինտենսիվ կերպով քննարկվում է Կարս-Իգդիր-Նախիջևան (ԿԻՆ), որը Նախիջևանը կապելու է մի կողմից Եվրոպայի, մյուս կոմից` Իրանի միջոցով դեպի Պարսից ծոց և Մերձավոր Արևելք: Եթե կառուցվի ԿԻՆ-ը (որը խիստ հավանական է), Նախիջևանն էլ իր հերթին երկաթուղով կապ հաստատի Իրանի հետ, ապա Թուրքիան կդառնա Մերձավոր Արևելք – Եվրոպա տարանցիկ միջանցք:

Վերլուծելով տարածաշրջանային – տարանցիկ զարգացումները` պետք է փաստել, որ Ն. Փաշինյանի առջև ծառացել է այնպիսի առանցքային հիմնահարց, ինչպիսին է  Ռուսաստան-Վրաստան-ՀՀ-Իրան տարանցիկ առանցքի ձևավորմամբ թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելը: ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԴՆԻ ԻՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼ ՉՏԱ, ՈՐ ՀՀ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՐԱԾՎԻ ՄԻ ԼԵՌՆԱԿՂԶՈՒ, ՈՐԻՆ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅՈՒԹՅԱՆ (ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ) ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ: ՀՀ նախորդ իշխանությունները Վրաստանում ապրող հայության մասով ևս Ն. Փաշինյանին են թողել խնդիրներով հարուստ ժառանգություն, և ինչպես ջավախահայության շրջանում, այնպես էլ Թիֆլիսում և այլուր ապրող հայության մոտ կուտակվել են մի շարք ազգային հիմնահարցեր: Էթնոձուլման քաղաքականության դրսևորումներ (այստեղ առկա են մի շարք բաղադրիչներ), ՀՀ-ի հետ հոգևոր կապի խզման վտանգ, թուրք-ադրբեջանական տարանցիկ, էներգետիկ, տնտեսական և մարդուժի ներկայության օրավուր ավելացում և փոխարենը հայկական կապիտալի բացակայություն Ջավախքում` ահա առանցքային խնդիրներ, որոնք պոտենցիալ վտանգ են ինչպես ջավախահայության, այնպես էլ ՀՀ-ի համար: Այստեղ մենք շարունակում ենք պնդել, որ հայաբնակ (քրիստոնեաբնակ) Ջավախքը հանդիսանում է Վրաստանի հարավի թրքացման և, ի վերջո, Վրաստանից անջատման եզակի խոչընդոտներից մեկը` մի կողմից, և մյուս կողմից` ՀՀ-ի արտաքին աշխարհ և նավահանգիստներ ելքի ցամաքային ամենաանվտանգ և կարճ ուղին:

Արդյունքում` տարածարջանային զարգացումները հանգեցրել են նրան, որ ՋԱՎԱԽՔԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴՐԻՑ ՎԵՐԱՃԵԼ Է ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ, որի գոյությամբ է պայմանավորված հայկական և վրացական քաղաքակրթության շարունակականությունը համապատասխանաբար ՀՀ-ում և Վրաստանում:

Փաստենք, որ Ս. Սարգսյանի նախագահության հենց առաջին տարում` 2008-09 թթ., Վրաստանի իշխանություններն առավել խիստ ռեժիմ սահմանեցին ՀՀ-ից անցկացվող գիրք – գրականության և մշակութային առարկաների նկատմամբ, և այսօր գրեթե հնարավոր չէ ոչ միայն Վրաստանի հայկական դպրոցներին հայատառ դասագիրք հասցնելը, այլև սահմանային անցակետերով ընդհանրապես հնարավոր չէ որևէ հայատառ գիրք անցկացնելը:

Տեղի ունեցող զարգացումները մեծապես վտանգել են ջավախահայության ազգային ինքնության պահպանման և զարգացման գործընթացը, և բնավ պատահական չէ, որ ինչպես ջավախահայությունը, այնպես էլ թիֆլիսահայությունն ու Վրաստանի այլ հատվածներում ապրող հայությունը ևս, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ջավախքում, Թիֆլիսում և այլուր  միահամուռ կերպով պաշտպանում էր համաժողովրդական շարժմանը և Ն. Փաշինյանին` ակնկալելով նոր մոտեցումներ հին հարցերին:

Այժմ, երբ հաղթանակել է իրենց թեկնածուն, Վրաստանում ապրող մեր հայրենակիցները ևս սպասում են տարիներով կուտակված և ՀՀ իշխանությունների կողմից մշտապես անտեսված խնդիրների ձևակերպումներին և լուծումներին: 

Իր հերթին` Ն. Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում պատասխանելով ջավախահայ պատգամավորների հարցերին, նշեց, որ «ինքնության նկատմամբ փոխադարձ բացառիկ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի հզորանա հայ-վրացական բարեկամությունը: Ընդ որում` հարգանքը ոչ միայն մեկ ուղղությամբ»: Այս ձևակերպումը, կարծում ենք լավագույնն է, այն նման է սահմանադրական ձևակերպման, և եթե Ն. Փաշինյանի կողմից խնդիրների ձևակերպումները, ինչպես և հետագա բոլոր քայլերը բխեն այս հայեցակարգային սահմանումից, ապա կարճ ժամանակում տեսանելի կլինեն դրական տեղաշարժեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter