HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ենոք Ազարյանը կգլխավորի Հայաստանի փաստաբանների պալատը Փաստաբանները պատրաստ չեն բարեփոխումների

Մարտի 19-20-ը «Մարիոթ» հյուրանոցի դահլիճում հրավիրված ՀՀ փաստաբանների ընդհանուր ժողովում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի բնորոշմամբ «դատական իշխանության շարժիչ ուժը», 7 ձայնի առավելությամբ փաստաբանների պալատի ղեկավար ընտրեց Ենոք Ազարյանին: Դիտորդներից եւ փաստաբաններից շատերի կարծիքով, կատարված ընտրության արդյունքում «փաստաբանությունը եւս չորս տարով հետընթաց ապրեց»:

Պալատի նախագահի համար առաջադրված 4 թեկնածուներից 2-ը՝ Տիգրան Ջանոյանը եւ Գագիկ Սոլոմոնյանը, ինքնաբացարկ ներկայացրին: Պալատի նախագահի երկու հիմնական մրցակիցները՝ Ռուբեն Սահակյանն ու Ենոք Ազարյանը գործընկերներին ներկայացրին իրենց ծրագրերը:

Քառասնամյա Ազարյանն իբրեւ իր թեկնածության առավելություն շեշտադրեց իրավաբանության դոկտորի գիտական աստիճանը, ՀՀ փաստաբանների միության ուսումնական կենտրոնի ղեկավարումը: Նախընտրական 16 կետից կազմված նրա ծրագրի մյուս բաղկացուցիչները վերաբերում էին փաստաբանական ատրիբուտների ստեղծմանը՝ դատավորներից ու դատախազներից հետ չմնալու համար:

Ռուբեն Սահակյանը ի հակակշիռ ներկայացրեց իր բազմամյա եւ հարուստ փորձը, որը դրսեւորվել է ոչ միայն վստահորդի շահերի պաշտպանության հարցում, այլեւ մասնագիտական խիզախության, մասնագիտական պատվախնդրության, նաեւ ինքնզոհողության վառ օրինակ է հանդիսացել: Նա հանձն է առել ամենադժվարին գործերի պաշտպանությունը՝ թե արտաքին քաղաքական հակամարտությունների, թե ներքաղաքական լարվածության շրջանում: Ռ. Սահակյանը 1988թ.-ին անգամ պաշտպանել է մեր հայրենակիցներին Սումգայիթում, Բաքվում ընթացող դատաքննությունների ժամանակ: Փաստաբանը մարտահրավեր է նետել ժամանակի իշխող վարչախմբին, նրա որդեգրած քաղաքականությանը, նրա պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ներքաղաքական մթնոլորտը կտրուկ շրջադարձ է ունեցել մի քանի անգամ՝ «Դրո» գործի դատաքննություն, «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննություն եւ այլն: Եվ վերջապես նրա աշխատաոճն ընդունելի ու ուսանելի է եղել երիտասարդ փաստաբանների մի մեծ խմբի համար: Հանրահայտ փաստաբանն իր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացրել փաստաբանի պատվախնդրությանը, նրա էթիկային ու շահերի պաշտպանությանը՝ մարտահրավեր նետելով դատախազությանն ու դատարանին կամ տասնամյակներ հաստատված փաստաբանության պահպանողական, ծառայամիտ ոճին:

Մրցակցի՝ Ե. Ազարյանի, նախընտրական դրույթին՝ կարիքավոր փաստաբանի համար ստեղծել հիմնադրամ, Ռ. Սահակյանը հակադարձեց պարզ մի հաշվարկով. տարեկան ավելի քան 7000 քաղ. գործ է քննվում դատարաններում եւ լավ աշխատանքի դեպքում այն նյութապես կապահովի բոլոր փաստաբաններին: Եվ վերջապես, անհասկանալի է, թե ինչպես կարող է շուկայական մրցակցության այս պայմաններում փաստաբանը կարիքավոր լինել: Ռ. Սահակյանն իր նախընտրական ծրագրի առանցքում դրել էր փաստաբանի հեղինակության բարձրացումը: «Ես դա ունեմ իմ աշխատանքով եւ թույլ չեմ տվել իմ իրավունքները ոտնահարեն, ես դա թույլ չեմ տա նաեւ ձեր նկատմամբ: Երազել եմ փաստաբանական դպրոց հիմնել եւ արդեն 3 մլն. եվրոյի ծրագիր եմ ապահովել դրա համար»:

Քվեարկությունը կատարվեց ընդհանուր ժողովի երկրորդ օրը, ժամը 5-ին: Ժողովի եւ ընտրությունների կազմակերպումն ստանձնած Ամերիկյան իրավաբանների միության Հայաստանի գրասենյակը ընտրությունների գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու համար քվեաթերթիկները տպագրեց նույն օրը՝ ժողովականների կողմից դրանց գույնը հաստատելուց հետո: Քվեարկության ողջ ընթացքը տեսաձայնագրվում էր եւ վերահսկվում: Դիտորդներն ու լրագրողները արձանագրեցին մի շարք էական խախտումներ: Վաղ առավոտյան պալատի նախագահի թեկնածուների կողմնակիցները շրջանառության մեջ էին դրել երկու ցուցակ փաստաբանական մյուս հանձնաժողովների թեկնածուների հարցում իրենց համախոհներին ուղղորդելու համար: Քիչ հետո աղմուկ էր բարձրացել, քանի որ ցուցակները հուշել էին Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի թեկնածուի հարցում ձեռք բերված բանակցային պայմանավորվածությունը խախտելու մասին: Ռ. Սահակյանի կողմնակիցներն անթույլատրելի համարելով ընտրողներին կարծիք պարտադրելը՝ արգելել էին ցուցակը տարածել: Մինչդեռ Ե. Ազարյանի համախոհներից փաստաբան Է. Չինարյանը այն տրամադրեց նաեւ լրագրողներին: Քվեախցիկներից տեսանելի էր, որ փասատաբաններից շատերը ընտրությունը կատարում են նշված ցուցակի հետ համեմատություն կատարելով:

Ժամը 20:00-ին քվեարկությունն ընդհատվեց Ենոք Ազարյանի կողմնակիցների բարձրացրած աղմուկի հետեւանքով, որոնք պահանջում էին դադարեցնել քվեարկությունը, քանի որ, ըստ նրանց, 30 փաստաբան մանդատ է ստացել քվեարկությունն սկսվելուց հետո: Կրքերը շիկացան այնքան, որ պարկեշտության սահմանները ոտնակոխ արած հիշյալ թեկնածուի համախոհների մի խումբ, որ կուչ է գալիս դատախազ ու դատավոր տեսնելիս, վիրավորանքներ ու հայհոյանքներ չխնայեց գործընկերներին: Նրանցից մեկը նույնիսկ հարբած վիճակում ծեծկռտուք սարքեց: Դիտորդների կարծիքով այդ ամենը միմիայն ընտրությունները ձախողելու նպատակ ուներ, որովհետեւ ոչ ոք չկարողացավ փաստել, որ քվեարկությունն սկսվելու ընթացքում ներկայացած փաստաբանը իրավունք չունի ընտրությանը մասնակցելու, երբ նրա անունը ցուցակում կա: Հատկապես, երբ որոշում չկար քվեարկության ժամը սահմանափակելու մասին, չկար նաեւ ապացույց, որ իրոք, փաստաբանը մանդատ է ստացել քվեարկությունն սկսվելուց հետո: Այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողովը բորբոքված կրքերի ազդեցության տակ ընդհատեց քվեարկությունը, նիստ գումարեց, արձանագրեց փաստը եւ մեկ ժամ ընդմիջումից հետո վերսկսեց քվեարկությունը:

Ակնահայտ էր, որ խուճապային տրամադրություն ստեղծելով փաստաբանների այն խումբը, որոնց անունները հաճախակի են շեշտվել քաղաքացիների վստահությունը չարաշահելու, կեղծիքներ կատարելու մեջ եւ կատարած խաբեությունների համար առավել հաճախակի են հայտնվել քրեական գործեր հարուցելու պահանջով դատախազությանն ուղղված բողոքներում, նպատակ ուներ նոսրացնել արդեն իսկ հոգնած ընտրողներ շարքերը կամ ընդհատել ընտրությունները: Նրանց հաջողվեց այդ անել: Որոշ հաշվարկներով երկու տասնյակից ավելի փաստաբաններ, հատկապես մարզերում բնակվողները, պարտադրված եղան հեռանալ առանց քվեարկելու:

Այդուհանդերձ, ընդհանուր ժողովը կազմավորեց միասնական փաստաբանական միությունը, ընտրեց փաստաբանների պալատի նախագահ 4 տարի պաշտոնավարման ժամկետով, ընտրեց տասնմեկ անդամի կազմով պալատի խորհուրդ, որում ընդգրկվեցին առաջադեմ փաստաբաններ՝ Մարինե Ջանոյան, Ռոբերտ Գրիգորյան, Հայկ Ալումյան եւ այլք: Երկու տարի ժամկետով ընտրվեցին նաեւ կարգապահական, որակավորման հանձնաժողովի անդամներ: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար ընտրվեց ՀՀ փաստաբանների միության նախկին նախագահ Միշա Փիլիպոսյանը չորս տարի ժամկետով: Հանձնաժողովների կազմի ընտրությունն անգամ փաստեց, որ փաստաբանները պահպանողականությունը գերադասեցին փորձառությունից ու պրոֆեսիոնալիզմից:

Ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո Ռուբեն Սահակյանի կողմնակիցները հայտարարեցին, որ ընտրություններն ընթացել են խախտումներով եւ լուրջ հիմքեր կան դատարանում այն վիճարկելու համար: Պարզել են, որ 15 անձանց անօրինականորեն փաստաբանական արտոնագիր են տվել, բացի այդ հաղթանակած թեկնածուն ընտրվելու համար անհրաժեշտ ձայների քանակ չի ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter