HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանե Թանդիլյանն առաջարկել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար, պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող Դ!ԵՄ ԵՄ շարժման համակարգող անդամ Մանե Թանդիլյանն առաջարկել է մեկ տարի ժամկետով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

Նման առաջարկ հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։

Ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ անձն իրավունք ունի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից (բացառությամբ պետական համակարգի աշխատողների), եթե սահմանված ժամկետում  ներկայացրել է համապատասխան դիմում։ Սակայն 2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճար կատարելը կամ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար՝ անկախ նրանից վերջինս պետական, թե մասնավոր համակարգի աշխատակից է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել նախորդ բոլոր խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։

«Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։ Նախագիծն ընդունվելու դեպքում կհետաձգվի պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը, ինչը հնարավորություն կտա կատարել համապատասխան վերլուծություններ և հիմնարար լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին»,- ասված է նախագծում։

Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային տարբերակների հրապարակման միասնական հարթակն է, և փոփոխությունները կարող են ընդունված համարվել, եթե նախ Կառավարությունն ընդունի առաջարկությունը, ապա խորհրդարանը համապատասխան փոփոխություններ կատարի օրենքում։

Տեղեկացնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի, համակարգը տնօրինող կառավարիչների գործունեության և մի շարք այլ հարցերով «Հետք»-ն ավելի վաղ գրավոր հարցումներով դիմել է վարչապետին և կառավարության ու խորհրդարանի այն անդամներին, որոնք կամ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության անդաներն են եղել կամ էլ իրենց իրավական և քաղաքական աջակցությունն են ցուցաբերել շարժմանը։ Պատասխաններն ամբողջական լինելու դեպքում կհրապարակենք։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է 2014 թվականի հունվարի 1-ից: Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ: Ըստ օրենքի 7-րդ հոդվածի՝ մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500 000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի օգտին վճարվում է պետական բյուջեից։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Ես մեծ հաճույքով կհրաժարվեի կուտակայինից,, ենել պառտադիրից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter