Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը
Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և հայտարարել ինքնահռչակ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Հարավային Օսիայի արտգործնախարարության և Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքերում նշված է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն դեսպանների մակարդակով:
Ի պատասխան այս ամենի՝ Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթաց է սկսել: Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն Դամասկոսի քայլը որակել է որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում.
«Ռուսաստանի կողմից մանիպուլյացիայի արդյունքում Վրաստանի երկու պատմական տարածաշրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը ճանաչելով, Ասադի ռեժիմը միջազգային իրավունքի հերթական կոպիտ խախտումն է թույլ տվել: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի այս փաստը»,- գրել է Ջանելիձեն իր թվիթերյան էջում:
Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչ Յանոշ Հերմանը հայտարարել է, որ Եվրամիությունը դատապարտում է Սիրիայի կողմից ինքնահռչակ պետությունների ճանաչումը և աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել էին նաև Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, ինչպես նաև Օվկիանիայում գտնվող երեք պետություններ՝ Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն:
Լուսանկարը՝ AFP 2018 / STR
Մեկնաբանել