Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կապանի կոմբինատի աշխատակիցները դադարեցրել են հացադուլը. բանակցող պատվիրակներ են ժամանել Ռուսաստանից



Կապանի լեռնահարստացման կոմբինատի 6 աշխատակիցները դադարեցրել են երեկ սկսած հացադուլը, սակայն գործադուլը, որը մեկնարկել է ամսի 25-ին, շարունակվում է: Այս մասին քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց կոմբինատի աշխատակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել անուն-ազգանունը:

Հիշեցնենք, որ կոմբինատի աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի 40 տոկոս բարձրացում:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այսօր գործադուլի մասնակիցները 13-հոգանոց հանձնաժողով են կազմել, որն էլ հանդիպել է Սանկտ Պետերբուրգից Կապան ժամանած «Պոլիմետալ» ընկերությունների խմբի ներկայացուցիչներին: Հանդիպումը տեղի է ունեցել կոմբինատում: Աշխատակցի ձևակերպմամբ՝ բանակցությունները մի քանի փուլով են ընթացել: Առաջին փուլում ընկերությունը հայտնել է, որ աշխատավարձերը 10 տոկոսով կբարձրացնի: Գործադուլի մասնակիցները չեն համաձայնել այս առաջարկին, հայտնել են, որ պետք է լսեն նաև հացադուլավորների պահանջը: Ընկերության ներկայացուցիչները ուղիղ կապով խոսել են հանքի ներսից հացադուլի մասնակից 6 անձանց հետ: Դրան հաջորդել է  քննարկումների երկրորդ փուլը:

Գործադուլի մասնակցի ասելով՝ իրենց հետ հանդիպել է «Պոլիմետալի» արտադրության գլխավոր պետը: Գործադուլավորները նրան առաջարկել են վերանայել գիշերային հերթափոխի վարձատրությունը, հանքում աշխատանքի վտանգավորության համար  վարձատրության չափը և բոնուսները: «Մենք հանքում ենք աշխատում, որտեղ շատ թունավոր գազեր կան, թթվածնի պակաս, աշխատող մեքենաներ և այլն, բացի աշխատավարձից, «վրեդնոստի» համար ստանում ենք 30 տոկոս: Դա նվազագույն շեմն է՝ 30 տոկոսից 150 տոկոս է վճարվում, մեզ վճարում են 30: Բացի դրանից՝ մենք ասացինք, որ կրճատումներ պետք է չանեն, և դրա համար գրավոր պատասխան ենք պահանջել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց կոմբինատի աշխատողը: Նրա փոխանցմամբ՝ պատվիրակության ներկայացուցիչների պահանջն է եղել, որ հացադուլը դադարեցվի, հակառակ դեպքում  միայն 10 տոկոս կբարձրացնեն աշխատավարձը:

Հիշեցնենք նաև, որ այսօր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել գործադուլի և դրա պահանջի մասին: Դրանում նշվում է, որ  իրադրությունը փակուղի չտանելու ակնկալիքով ընկերությունը պատրաստակամություն է հայտնում բանակցելու աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ և քննարկելու աշխատանքային հարաբերությունների պայմանների փոփոխության իրատեսական հնարավորությունները:

Վաղը՝ ժամը 10-ին, կոմբինատում դարձյալ հանդիպելու են «Պոլիմետալի» ներկայացուցիչներն ու գործադուլի մասնակիցները: Ըստ մեր զրուցակցի՝ այդ հանդիպումից կախված կլինի՝ շարունակելու են գործադուլը, թե ոչ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ