Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայկական ստարտափ. CodeTrace՝ ընկերությանը համապատասխան ծրագրավորողներ գտնելու հարթակ


CodeTrace-ի միջոցով հնարավոր է ծրագրավորողի գրած կոդի հիման վրա մի քանի րոպեում պարզել նրա գիտելիքներն ու փորձը և հասկանալ՝ արդյոք ծրագրավորողը համապատասխանո՞ւմ է տվյալ ընկերության թափուր հաստիքի պահանջներին, թե՞ ոչ։

Ստարտափի համահիմնադիր և ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը երկար ժամանակ ապրել, սովորել և աշխատել է Սան Ֆրանցիսկոյում, 1.5 տարի առաջ վերադարձել է Հայաստան ու որոշել հիմնել սեփական ստարտափը, որը կօգնի միջին և մեծ ընկերություններին հեշտ և արագ գտնել իրենց պահանջներին համապատասխան ծրագրավորողներ։ Ռաֆայելը աշխատել է Google-ում, Codefights-ում, ինչպես նաև հեռակա աշխատել է տարբեր կազմակերպություններում ու շատ հաճախ հենց ինքն է ստանձնել ինքնակենսագրականների հիման վրա հարցազրույցի փուլի համար նոր աշխատակիցներ ընտրելու պատասխանատվությունը։

Ռաֆայել Մկրտչյան

Այդ ընթացքում Ռաֆայելը երկու բան է նկատել։ Առաջին՝ կան մարդիկ, որոնք ինքնակենսագրականում հաճախ չափազանցնում են իրենց հմտությունները, եւ հարցազրույցի ժամանակ պարզվում է, որ գրվածն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդ՝ շատերը չեն կարողանում ճիշտ ինքնակենսագրական գրել ու ամբողջությամբ ներկայացնել իրենց փորձն ու հմտությունները։ Առաջին դեպքում կանչում ես հարցազրույցի ու ժամանակ կորցնում, իսկ երկրորդ դեպքում չես կանչում հարցազրույցի, բայց հետո պատահաբար պարզում ես, որ տվյալ մարդն այդ հաստիքի համար շատ լավ թեկնածու էր։

Երբ Ռաֆայելը վերադառնում է Հայաստան ու հանդիպում Հայկ Հովհաննիսյանին (ստարտափի համահիմնադիր), պարզում է, որ Հայկն էլ է առնչվել նույն խնդրին, հատկապես, երբ նկատել է, որ LinkedIn-ի էջում մարդկանց՝ իրար տրված «գնահատականները» շատ հաճախ կեղծ են և ոչինչ չեն ասում տվյալ մարդու իրական հմտությունների մասին։

Հայկ Հովհաննիսյան

Ծրագրավորման ոլորտում ունեցած երկարամյա փորձի հիման վրա որոշում են ստեղծել CodeTrace SmartHire գործիքը, որը կհեշտացնի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների աշխատանքը, մի քանի անգամ կկրճատի նոր ծրագրավորողներ աշխատանքի վերցնելու ժամանակն ու ծախսվող ռեսուրսները։ Այս գործիքի շնորհիվ նոր աշխատակիցներ կարող են ընտրել նույնիսկ ծրագրավորման գիտելիքներ չունեցող մարդիկ։ Ինչպե՞ս։
Գործատուն ստանում է տարբեր ինքնակենսագրականներ, ու համապատասխան աշխատակիցը CodeTrace-ում տեղադրում է յուրաքանչյուրի GitHub-ի անձնական էջն ու ստանում տեղեկություն տվյալ մարդու փորձի մասին։ GitHub-ն աշխարհում ամենամեծ առցանց հարթակներից է, որտեղ ծրագրավորողներն ունեն իրենց հանրային էջերը եւ տեղադրում են իրենց գրած կոդերը։ Այսինքն՝ CodeTrace-ը վերլուծում է ծրագրավորողի արդեն իսկ գրած կոդն ու դրա հիման վրա որոշում, թե ծրագրավորման որ լեզուներին է տիրապետում ու ինչ խորությամբ, դրանց կից ինչ տեխնոլոգիաներով է աշխատում ու որքան փորձ ունի, այդ տեխնոլոգիաներն արդյունավե՞տ է կիրառում, թե՞ ոչ, կոդն ընթեռնելի՞ է, հնարավո՞ր է այն մասերի բաժանել, համապատասխանո՞ւմ է կոդ գրելու ստանդարտներին, թե՞ ոչ։ Այս ամենի արդյունքում ծրագիրը ընդհանուր թիվ է ներկայացնում՝ որպես ծրագրավորողի վարկանիշ ու նաև նշում՝ քանի տարվա փորձ ունի տվյալ ծրագրավորողը, սկսնա՞կ է, միջի՞ն, թե՞ ավագ մասնագետ։

Տվյալների վերլուծության չափանիշները համապատասխանեցված են Սան Ֆրանցիսկոյի աշխատաշուկայի պահանջներին, հետևաբար` խիստ են։ Դա, իհարկե, արված է գործատուին չհիասթափեցնելու և նրա պահանջներին չբավարարող մասնագետ չառաջարկելու համար։ Զուգահեռաբար նախատեսում են, որ առաջիկայում CodeTrace-ում մեքենայական ուսուցման կիրառման շնորհիվ կկարողանան յուրաքանչյուր տարածաշրջանում ծրագրավորողների հմտությունները վերլուծել տվյալ շուկայի չափանիշներին համապատասխան։

Այժմ CodeTrace-ն ունի ավելի քան 60.000 օգտատեր։ Այն մի կողմից օգտագործում են գործատուները՝ նոր աշխատակիցներ գտնելու համար, մյուս կողմից ծրագրավորողները՝ իրենց փորձն ու գիտելիքը փաստող ապացույց ունենալու և ինքնակենսագրականի փոխարեն կամ միասին այն գործատուին ներկայացնելու համար։ Այսինքն՝ կամ ծրագրավորողն է իր տվյալներով մուտք գործում CodeTrace ու ստանում իր գրած կոդի հիման վրա վերլուծություն, կամ գործատուն է ցանկության ու անհրաժեշտության դեպքում ծրագրավորողի GitHub-ի էջի հղումը դնում CodeTrace-ում ու պարզում՝ իր պահանջներին բավարարու՞մ է, թե՞ ոչ։

Մոտ ապագայում գործատուի համար հնարավորություն կստեղծվի պարզապես նշել այն պահանջներն ու չափանիշները, որոնց պետք է բավարարի ծրագրավորողն ու որոնման համակարգի միջոցով միանգամից գտնել բոլոր համապատասխան թեկնածուների էջերը։ Այսինքն՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը համակարգում նշում է, որ իրենց անհրաժեշտ է JavaScript-ի իմացությամբ, Angular 4-ի գիտելիքներով ավագ ծրագրավորող, իսկ համակարգը գտնում է այդ բոլոր պահանջներին առավելագույնս բավարարող մասնագետներին ու ներկայացնում գործատուին։

Վճարող կողմը ծրագրավորող փնտրող ընկերությունն է։ Կախված ընկերության մեծությունից, պահանջվող ծրագրավորողների քանակից, թիրախային շուկայի մասշտաբից` հարթակից օգտվելու գումարը կազմում է տարեկան 1.000 -ից 15.000 դոլար։ Ռաֆայելի խոսքով՝ մոտեցումն անհատական է, հաշվի են առնում, թե տվյալ ընկերությունը դասական ճանապարհով որքան գումար է ծախսում նոր ծրագրավորողներ գտնելու համար և առաջարկում են ավելի մատչելի ու արդյունավետ տարբերակ։ Գոյություն ունեն նաև փաթեթներ` նախատեսված ոչ թե ընկերությունների, այլ անհատների համար, որոնց արժեքը 450 դոլար է։

CodeTrace-ը Luys Start Armenia Fund մրցույթում գրավել է առաջին տեղը և 20 հազար դոլար մրցանակային ներդրում ստացել, ընդգրկվել է STEP 2017 վենչուրային կոնֆերանսի «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի հաղթող 5 թիմերի կազմում, իսկ Seedstars-ի համաձայն` այն համարվում է Հայաստանի ամենախոստումնալից ստարտափներից մեկը։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։