Երկուշաբթի, 18 հունիսի

Վարդան Մինասյանը պիտի լուծի հավաքականի խաղային ճգնաժամը



Երեկ կայացած Հայաստան-Մալթա ընկերական հանդիպումը ցույց տվեց, որ մեր ազգային հավաքականը շարունակում է նահանջ ապրել: Այս տարի ընտրանին անցկացրել է արդեն 3 ընկերական խաղ, որոնցից եւ ոչ մեկում երկրպագուներին ուրախանալու առիթ չի տվել: Խոսքն առաջին հերթին խաղի որակի եւ, իհարկե, արդյունքի մասին է: Մանավանդ լիտվացիների ու մալթացիների հետ վերջին երկու հանդիպումները մտահոգվելու մեծ հող են ստեղծել:

Երեկվա խաղը նախորդ հանդիպումների տրամաբանական շարունակությունն էր, այսինքն՝ թիմում կա խաղի ճգնաժամ, որը շուտափույթ չլուծելու դեպքում կարող ենք ուղղակի մոռանալ Ազգերի լիգայի խմբային փուլն անցնելու մասին:

Ի՞նչ ասել մի թիմի վերաբերյալ, որն իրենից մի քանի անգամ ցածր կարգ ունեցող (Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում այս պահին 98-րդն է, Մալթան՝ 185-րդը) ընտրանու դեմ ընդամենը մեկ խաղակես է նորմալ ֆուտբոլ խաղում:   

Վարդան Մինասյանն, անշուշտ, միանգամից չի կարող փոփոխություններ մտցնել հավաքականում, բայց խնդիրն այն է, որ երեկ մեր ընտրանին հանդես էր գալիս ոչ նորարարական կազմով:

Երկու նորեկներից մեկը Կոլումբիայից ժամանած Ժորդի Արարատն էր: Պաշտպանության աջ եզրում խաղացող ֆուտբոլիստը չնայած անընդհատ միանում էր գրոհներին, ինչը կախված էր մրցակցի թողտվությունից, բայց մյուս կողմից՝ մի քանի պարզունակ սխալներ թույլ տվեց պաշտպանվելիս: Եղավ դրվագ, երբ նա ու դարպասապահ Հայրապետյանը սովորական իրավիճակում չհասկացան միմյանց: Թերեւս ոչ միայն խաղային համագործակցության, այլեւ լեզվի խնդիր կա: Բացի արագությունից՝ թիմի նորեկն առանձնապես ոչ մի բանով աչքի չընկավ: Սեփական տուգանայինում նրա անզգույշ խաղի պատճառով ստեղծվեց խառնաշփոթ իրավիճակ, ու մրցակիցը չեղած տեղից 11-մ վաստակեց եւ առաջին կեսի հենց ավարտին կարողացավ հավասարեցնել հաշիվը: Այս ամենի արդյունքում Արարատը երկրորդ կեսում դաշտ դուրս չեկավ՝ փոխարինվելով Համբարձումյանով:

Առաջին խաղակեսի հատկապես մեկնարկային 20 րոպեներին մեր թիմը լավ տեսք ուներ: Վտանգավոր էր թիմի մյուս նորեկը՝ Իվան Յագանը, որն էլ 13-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո դարձավ գոլի հեղինակ՝ առաջին իսկ խաղում բացելով իր գոլերի հաշիվը: Առանձնացնենք Մխիթարյանի գործողությունը, որը կարող էր ինքը մեն-մենակ դուրս գալ դարպասապահի դեմ, սակայն ժլատություն չարեց եւ գնդակը փոխանցեց ավելի լավ դիրքում գտնվող Յագանին: Վերջինս եւս մի քանի լավ հնարավորություններ ուներ առաջին կեսում, մասնավորապես՝ գոլի դրվագից առաջ նրա դիպուկ հարվածը շեղեց դարպասապահ Հոգը:

Երեկ Հայաստանի հավաքականի խնդիրներից մեկը պաշտպանությունից գրոհի անցնելն էր: Նկատելի էր, որ թիմն առաջադրանք էր ստացել խաղալ կարճ եւ միջին, արագ, մեկ հպումով փոխանցումներով, բայց այդպիսի խաղարկումները հաջող էին ստացվում միայն առանձին դրվագներում: Փոխանցումների խոտանը հատկապես երկրորդ կեսում հսկայական էր, անիմաստ, անհասցե փոխանցումները պարզապես զարմանք էին առաջացնում: Մրցակիցն առանձնապես ոչնչով աչքի չընկավ. միակ բանը, որ մալթացիները լավ էին անում, սեփական կիսադաշտում մերոնց պրեսինգի դիմելն էր, անընդհատ «ոտքերի վրա» խաղալը: Հագեցնելով պաշտպանական ու կիսապաշտպանական գիծը՝ նրանք ազատ տարածություններից կարողացան զրկել նաեւ Մխիթարյանին: Հենրիխն իր ուսերին կրում է հսկայական բեռ՝ հենակետայինի պարտականություններից (սա՝ հարկ եղած դեպքում. չենք խոսում տուգանայինների ու անկյունայինների ժամանակ թիմային պաշտպանությունում խաղալուց) մինչեւ գրոհի կազմակերպում ու եզրափակում: Նրա կողքին չկա մեկը, ով գոնե կիսով չափ կթեթեւացնի թիմի ավագի ծանրաբեռնվածությունը, որն անընդհատ հերկում է դաշտը:

Ընդ որում՝ ավարտված մրցաշրջանի ընթացքում մեր ֆուտբոլիստներից ամենամեծ ծանրաբեռնվածության ենթարկվել է հենց Հենրիխը, ով «Արսենալի» կազմում շաբաթական մեկ-երկու լարված խաղ է անցկացրել: Բայց այդքանով հանդերձ, նա ավելի թարմ տեսք ունի, քան շատերը, որոնք, եթե 20-30 րոպե խաղալու հնարավորություն էլ ստանում են, ուղղակի մարդաքանակ են ապահովում:

Մխիթարյանից ու Յագանից վատ իմաստով տարբերվում էր Տիգրան Բարսեղյանը, որը չնայած առաջ քաշված հարձակվողն էր, անընդհատ մի բանում թերանում էր. մեկ՝ խաղից դուրս վիճակում էր հայտնվում, մեկ՝ սխալ դիրքի պատճառով բաց էր թողնում վճռական հարվածը կատարելու հնարավորությունը, մեկ՝ հարվածելու կամ պայքարելու փոխարեն նախընտրում էր ընկնել մրցակցի տուգանայինում: Պատահական չէ, որ դեռ մինչեւ Հարոյանի հեռացումը, որից հետո Բարսեղյանը փոխարինվեց պաշտպանով, առաջ քաշված գրոհայինի դիրքում սկսեց խաղալ Մխիթարյանը. պատճառը հարձակման գծում սրության բացակությունն էր: Տարբեր առիթներով նշել ենք, որ չնայած Բարսեղյանն ունի արագություն, հարձակվողին բնորոշ ֆիզիկական ու մտավոր ճկունությունը, ոչ ստանդարտ գործողությունները նրա պարագայում բացակայում են: Այս պահին էլ կարող ենք շարունակել պնդել, որ նա չի կարող լինել թիմի հիմնական հարձակվողը: Տիգրանի լավագույն դիրքը, թերեւս, եզրային գրոհայինի օղակն է:

Հանդիպման երկրորդ կեսում մերոնք ավելի շատ պաշտպանվում էին, մրցակիցն էլ երկու վտանգավոր հարված կատարեց Հայրապետյանի դարպասի ուղղությամբ: Պաշտպանվելիս էլ հայ ֆուտբոլիստները գնդակը պարբերաբար հեռացնում էին անհասցե, ու այն նորից հայտնվում էր մալթացիների մոտ, որոնք միայն գոհ կարող էին լինել նման սցենարից, քանի որ 1-1 հաշիվը միանգամայն ձեռնտու էր նրանց: Թող կոպիտ չհնչի, բայց հատկապես երկրորդ կեսում հայ ֆուտբոլիստների գործողություններն առավելապես «քուչի» ֆուտբոլ էին հիշեցնում:  

Մինասյանը հենակետային օղակում դաշտ դուրս բերեց Կառլեն Մկրտչյանին ու Գոռ Մալաքյանին, որոնք չնայած պայքարող ֆուտբոլիստներ են, համեմատաբար ցածրահասակ են ու օդային պայքարում չեն կարող արդյունավետ մրցակցություն ցույց տալ: Հավաքականում այս առումով առանձնանում է Ռումյան Հովսեփյանը, ով այդպես էլ խաղաժամանակ չստացավ: Գլխավոր մարզիչը նախկին խաղերի համեմատ վստահել էր «հին գվարդիային»՝ հանձին կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի ու հենակետային Մկրտչյանի: Վերջիններս տեւական ժամանակ դուրս էին ազգային թիմից:

Հիմա եթե արդյունք պիտի ստացվի հին ու նոր կադրերի համաձուլումից, այն կարող է լինել բացառապես թիմի խաղային օղակների միջեւ համագործակցության բարելավմամբ, որն այսօր շատ ցածր մակարդակի վրա է՝ համեմատած նույն Վարդան Մինասյանի «ոսկե շրջանի» (2010-2013 թթ.): Ազգերի լիգայի մեկնարկից առաջ ազգային թիմի հավաքներն ու ընկերական խաղերը միայն ողջունելի կլինեն: Մալթայի նման թիմերի դեմ այսպիսի խամրած խաղերն ու տխուր ոչ-ոքիները (առավել եւս պարտությունները) կարող են մոռացվել միայն այն դեպքում, եթե դրանցում վերհանված սխալներն ու թերությունները (ճիշտ կլինի ասել դրանց գերակշիռ մասը) պաշտոնական առաջիկա խաղերում այլեւս շտկված լինեն:          

Հ.Գ. Հունիսի 4-ին Հայաստանի ընտրանին Ավստրիայում երկրորդ ընկերական խաղն է անցկացնելու արդեն Մոլդովայի հետ: Վաղը նախատեսված է Մոլդովա-Կոնգո ընկերական մրցավեճը:  

Լուսանկարը՝ ffa.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ