HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ըստ նախկին աշխատակիցների` կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում պրոֆեսիոնալ կրթությունը վտանգված է

Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի գործունեությունից շարունակում են բողոքել նախկին աշխատակիցները: Արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին դասախոս Հասմիկ Հարությունյանի համոզմամբ, կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում վտանգված է պրոֆեսիոնալ կրթությունը:

«Գյումրու կոնսերվատորիան բովանդակախեղված հաստատություն է: Ես ուղղակի հորդորում եմ Կարինե Ավդալյանին հեռանալ: 16 տարի կառավարելուց հետո, երբ պատկերը զրոյական է, երբ դու կադր չունես, այո, պիտի գնաս եւ ռազմավարությունն էլ հիմնահատակ պետք է փոխվի»,- ասում է Հասմիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության շարունակությունը պետք է արտացոլվի նաեւ կրթական համակարգում:

Հասմիկ Հարությունյանն իրեն համարում է կոնսերվատորիայի հիմնադիր դասախոսներից մեկը: Աշխատել է 1997-2012թթ-ին, հեռացել է սեփական կամքով 5 տարի առաջ: «Կարինե Ավդալանի հետ աշխատել եմ 11 տարի: Միակ երաժշտագետն եմ եղել, որ իր տնօրեն նշանակվելուց երեք տարի անց ստացել եմ գիտական աստիճան, դրանից հետո նույնիսկ հրամանով դոցենտի կոչում չեմ ստացել, իսկ մյուսներին տրվել է եւ դոցենտի կոչում, եւ պրոֆեսորի: Երբ մագիստրատուրա բացվեց կոնսերվատորիայում, պարզվեց, որ միակ գիտական աստիճան ունեցող անձը չի կարող այնտեղ դասավանդել: Շատ վիրավորական էր ու ես որոշեցի ինքնակամ հեռանալ: Դիմում գրելուց նշել եմ, որ գնում եմ Արցախ աշխատելու, քանի որ հրավեր ունեմ, թեպետ ոչ մի հրավեր էլ չկար: Դուրս եմ եկել, որովհետեւ էլ չէի կարող տանել նվաստացումները: Եթե գիտական կոչում ունեցող անձին բուհում չի տրվում առաջնահերթութուն՝ նշանակում է այնտեղ կան այլ առաջնահերթություններ»,- մեկնաբանում է Հասմիկ Հարությունյանը,- ես ոչ մի վայրկյան անաշխատանք չեմ մնացել: Ինձ անմիջապես հրավիրեցին աշխատելու մանկավարժական ինստիտուտում, ես դասավանդում եմ երաժշտական ուսումնարանում նաեւ»:

Նա մեղադրում է բուհի տնօրեն Կարինե Ավդալյանին կրթական համակարգը բարձիթողի վիճակի հասցնելու եւ ողջ ուշադրությունը երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» փառատոնի վրա սեւեռելու վրա: «Նա ունի ՀԿ, որի միջոցով կարող է զբաղվել իր փառատոնի գործերով, սական չի կարելի բուհի շահը ստորադասել փառատոնի շահերին: Կարինե Ավդալյանը չգիտես ինչու բուհի առաջընթացը տեսնում է փառատոնի մեջ: Անձամբ ես այդ փառատոնի մեջ չեմ տեսնում ոչ մի խթան, թեպետ ինքս տարիներ շարունակ, անվարձահատույց, կամավորության սկզբունքով մասնակցել եմ կազմակերպչական աշխատանքներին, ինչպես բուհի մյուս դասախոսները»,- նշում է զրուցակիցս:

Հասմիկ Հարությունյանը դժգոհեց նաեւ ցածր աշխատավարձից՝ աշխատել է կես դրույքով, ստացել 17 հազար դրամ, թեպետ եղել է ժամանակ, որ այն հասել է մինչեւ 35 հազար դրամի: Նշում է, որ երբեք չեն իմացել, թե ինչ բան է 13-րդ աշխատավարձ կոչվածն ու պարգեւավճար հասկացությունը:

«Գոհար» երաժշտանոցի խմբավար Ռուզաննա Շախպարոնյանը, որ մեկ տարի աշխատել է «Իմպրոռիթմ» վարժարանում 10 հազար դրամ աշխատավարձով, պնդում է, որ կոնսերվատորիան ավարտած ուսանողների մեծ մասը չունեն համապատասխան գրագիտություն: «Ունենալով դիպլոմ ձեռքերին` գալիս են ինձ մոտ ու ես չեմ տեսնում համապատասխան ոչ գիտելիք, ոչ զարգացած երաժշտական ինտելեկտ, ոչ երաժշտական կուլտուրա եւ տարրական գրագիտություն: Գալիս են մարդիկ կարմիր դիպլոմով, բայց նոտա կարդալ չգիտեն, էդ նորմա՞լ է,- հարցնում է Ռուզաննա Շախպարոնյանը,- իմ համար սարսափելին էն է, որ համապատասխան չեն գիտելիքները նույնիսկ դպրոցական ծրագրին: Ինձ հիմնականում դա է հուզողը: Կոպիտ ասած` ես իմ գործը թողած անում եմ էն աշխատանքը, որ պետք է անեին կոնսերվատորիայի դասախոսները ժամանակին: Բարդ է, հասկանու՞մ եք, մարդիկ հոգեբանորեն տրամադրված են, որ իրենք ունեն բարձրագույն կրթության դիպլոմ, իրենք մտածում են, որ ունեն համապատասխան գիտելիքներ եւ հետո, երբ ուզում են ընդունվել աշխատանքի ինչ-որ տեղ, զգում են որ համապատասխան չեն. դա մեկ այլ սթրես է բոլորի համար»:

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Խռխռյանը եւս բարձրաձայնում է բուհում առկա խնդիրների մասին, ու դրանք չեն վերաբերում «կաշառակերություն» կոչվող երեւույթին: «Ես այդ մասին չեմ էլ կարող խոսել, որովհետեւ ինքս ոչ տվել եմ, ոչ էլ որեւէ մեկն ինձնից գումար է ուզել,- ասում է Լենան,- բայց ինձ անհանգստացնում է պետպատվերով եւ վճարովի սովորող ուսանողների նկատմամբ եղած խտրական վերաբերմունքը դասախոսական կազմի կողմից»: Լենա Խռխռյանը երկրորդ կուրսում է, սովորում է ակադեմիական երգեցողություն բաժնում, ուսխորհրդի նախագահ է ընտրվել մոտ երեք շաբաթ առաջ:

Ասում է, որ մի քանի օր առաջ եղել է Կարինե Ավդալյանի մոտ, ներկայացրել խնդիրները: «Վճարովի համակարգում սովորող ուսանողին դիտմամբ բարձր չեն գնահատում, որ հանկարծ չհայտնվի անվճար համակարգում: Անձամբ ինձ հետ պատահածն եմ պատմել: Հունվարի քննությունների ժամանակ քաշել եմ տոմսս, որ 3 հարցից է բաղկացած եղել, լրիվ պատասխանել եմ, ամբիոնի վարիչը զարմացած ասել է՝ շատ լավ է, հարցրել է` անվճար եմ, ասել եմ՝ չէ, վճարովի եմ, բա դե որ վճարովի է 15 միավորից բարձր չդնեք՝ ռոտացիայի կգնա, այսինքն ես պիտի անվճարից բարձր չստանայի: Նույն բանը եղել է անցած տարի հունիսին` հարմոնիայի քննության ժամանակ, երբ բոլորը 3 հարցի պատասխանեցին, ես՝ 4 հարցի ու մի թերություն ունեի, որի համար մտածում էի, թե 2 միավոր կհանեն: Երեկոյան զանգում եմ դասախոսիս, ասում է կներես Լենա ջան, 16 միավորից ավելի թույլ չեն տվել դնեմ: Փաստորեն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, որ լավ սովորող ուսանողը բարձր գնահատական չստանա: Բացի դրանից, տեսնում եմ կոնկրետ ուսանողների, ովքեր պետպատվերով են սովորում, մտնում են քննության, ոչ մի բառ չեն խոսում, ու իրենց բալերը լրիվ ապահովված են: Ես ինձ վատ եմ զգում, որովհետեւ գիշերները չեմ քնում, 40 տոմսն էլ սովորում եմ, որ հանկարծ չլինի մի հարցի պատասխան չիմանամ ու ստանում եմ ավելի ցածր գնահատական»:

Լենա Խռխռյանին նաեւ վիրավորել էր այն հանգամանքը, որ մասնաճյուղ այցելած մայր բուհի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ հանդիպման հրավիրել են միայն պետպատվերով սովորող ուսանողներին եւ լսել միայն նրանց: Նաեւ նշեց, որ բուհում իրոք կազմակերպվել է ստորագրահավաք ի պաշտպանություն մասնաճյուղի տնօրենի, սակայն ինքը հրաժարվել է ստորագրել:

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն առաջարկում է բոլոր հարցերի պատասխանը ստանալու նպատակով փորձել ուսումնասիրել իր ղեկավարման տարիներին բուհի անցած ճանապարհը, ձեռքբերումները՝ համարելով, որ այդ ճանապարհին կարող էին լինել եւ ձախողումներ:

«Ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց ձեռք է տալիս ունենալ թույլ կոնսերվատորիա՝ ուժեղ երաժշտական դպրոց, կամ որ ավելի վատ է՝ ընդհանրապես չունենալ կոնսերվատորիայի մասնաճյուղ Գյումրիում: Ասում են փառատոնը ոչինչ չի տվել կոնսերվատորիային, բայց մոռանում են նշել, որ դրա շնորհիվ մենք ձեռք ենք բերել ճանաչում, եւ մեր ուսանողները կարողանում են մեկնել արտերկիր` սովորելու, վերապատրաստումներ անցնելու, հաղորդակցվելու ճանաչված դեմքերի հետ: Եթե կոնսերվատորիայի ուսանողն անգրագետ է, ապա ինչպե՞ս է կարողանում ելույթ ունենալ եվրոպական նվագախմբերի հետ, ի վերջո նաեւ հասկանանք, որ կոնսերվատորիայի ուսանողները բոլորը չեն տաղանդավոր՝ կլինեն նաեւ պակաս շնորհալիները: Նրանք բոլորը խոսում են առանց փաստերի, ես կարող եմ իմ ողջ գործունեությունը ներկայացնել փաստերով: Գեւորգ Գեւորգյանն ասում է, որ ընդունվել է կես միավորի տարբերությամբ: Իր հավաքած բալերի քանակը եղել է 45, էն էլ ես եմ միջնորդել, որ բարձր գնահատվի: Իր վարձը եղել է տարեկան 350 հազար դրամ, մենք զեղչել ենք 80 տոկոսով, որ վճարի 35 հազար դրամ: Այսինքն էդքան գումարն էլ չպիտի ուզեի՞նք: Կարծում եմ ավելի ճիշտ կլինի էս բողոքների ֆոնի վրա ներկայացնել նաեւ բուհի աշխատանքն ու համեմատել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter