Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Մենք կառչած չենք պատգամավորներին պահելուց»․ ՀՀԿ-ն պատրաստ է լինել քաղաքական փոքրամասնություն




ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ հայտարարությամբ էր հանդես եկել, որ դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Այդ հայտարարությանը հաջորդեց խմբակցության պաշտոնական պատասխանը, որ Թորոսյանն ավելի վաղ հեռացվել է խմբակցությունից։ Այս ամենի մասին «Հետքը» զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

-Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ է Շիրակ Թորոսյանը հեռացվել խմբակցությունից։

-Մենք քաղաքական որոշման արդյունքում որոշել էինք, թե քվեարկությանն ով ինչպես պետք է մասնակցի (նկատի ունի վարչապետի ընտրությունը․ հեղ․), նաև մինչև վերջին պահը ինքը պնդել է, որ քաղաքական դիրքորոշմանը համահունչ պետք է քվեարկի, և անակնկալ էր, որ այդ քվեարկությունը եղավ։ Իհարկե դրանից հետո եղան նաև ելույթներ՝ քաղաքական դիրքորոշմանը դեմ։ Խմբակցության կանոնակարգի համապատասխան՝ քաղաքական դիրքորոշմանը դեմ ելույթների կապակցությամբ մայիսի 18-ին խմբակցության քարտուղարն ինձ զեկուցագիր է ուղարկել, որտեղ նշված է եղել՝ քննարկել Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։ Մայիսի 22-ին խմբակցության նիստում պատշաճ տեղյակ է պահվել պատգամավորին, սակայն ինքը բացակայում էր, իսկ ըստ կանոնակարգի, եթե խմբակցության որևէ անդամի հարց պետք է քննարկվի, և նա ներկա չէ, ապա հարցը հետաձգվում է մեկ շաբաթով։ Մայիսի 29-ին հարցը դրվեց, ինքը խոսեց, հարցը դրվեց քվեարկության, և միաձայն հեռացվեց։ Արդեն այսօր՝ մայիսի 30-ի ամսաթվով գրություն է ուղարկել, որ խնդրում է դադարեցնել անդամակցությունը, բայց խնդրելու կարիք չկա։

- Եղե՞լ են այլ պատգամավորներ, ովքեր խմբակցության դիրքորոշումից շեղվել են։

-Մենք մի շարք կարգապահական հարցեր ենք քննարկել, որից մեկը առնչվում է Ֆելիքս Ցոլակյանին, կանոնակարգի համաձայն՝ եթե պատգամավորը երեք անգամից ավելի հակառակ է քվեարկում խմբակցության կարծիքին, նրա հարցը դրվում է հեռացման։ Ցոլակյանը հրապարակային ելույթ չի ունեցել, նա երկու անգամ է դեմ քվեարկել մեր քաղաքական որոշումներին, դրա համար նրան նկատողություն է հայտարարվել։ Ունեցել ենք կարգապահական այլ խախտումներ՝ ընդհուպ մինչև հանձնաժողովների նիստերից բացակայությունները, չի եղել մի դեպք, որ հարցը չբարձրաձայնվի։ Եւ սրանից հետո էլ մենք կառչած չենք պատգամավորներին պահելու, խնդրելու, կարգապահական ցանկացած խախտման դեպքում խմբակցության ներսում այդ հարցը պետք է քննարկենք։

-Իսկ մյուս 12 ՀՀԿ-ական պատգամավորների համար ի սկզբանե որոշվա՞ծ է եղել, որ իրենք են կողմ քվեարկելու։

-Դա քաղաքական որոշում է եղել, որևէ մեկը ցանկություն չի հայտնել, մենք քաղաքական որոշում ենք կայացրել, որ 12 պատգամավոր պետք է կողմ քվեարկի վարչապետի թեկնածությանը, և այդպես էլ եղել է։ Ընդամենը երկու խախտում է եղել՝ Ֆելիքս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը։

-Պարոն Բաղդասարյան, Դուք ասացիք, որ որևէ խնդիր չունեք` պատգամավորներին խմբակցությունում պահելու, սակայն ԱԺ կանոնակարգը, ի տարբերություն նախորդի, հնարավորություն է ընձեռում պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից և գործել անկախ, մտավախություն չունե՞ք, որ պատգամավորների՝ ՀՀԿ-ից դուրս գալու հետևանքով` կդառնաք փոքրամասնություն։

-Նման տիպի անհանգստություն չունենք, մտահոգություններ կարող են լինել, անհանգստություն չունենք, որովհետև որևէ մեկ անգամ նշված չէ, որ քաղաքական ուժը միշտ պետք է լինի իշխանություն կամ մեծամասնություն, եթե մարդը քաղաքականության մեջ է, պետք է պատրաստ լինի և՛ իշխանության, և՛ ընդդիմության։ Դա արդեն իրենց բարոյական խնդիրն է, պետք է մի փոքր պատմական էքսկուրս անեն՝ ով էին, ինչպես դարձան պատգամավոր, և եթե ունենան այդ բարոյական խնդիրը, կարող են ընդհանրապես մանդատը դնել, հեռանալ, որը պարտադրելու իրավունք չունենք։ Իսկ եթե կլինեն նման դեպքեր, խնդրեմ՝ թող ով ինչպես ուզում է` այդպես աշխատի։

-Այսինքն հնարավո՞ր է, որ դառնաք փոքրամասնություն։

-Որևէ բան չենք բացառում, որովհետև քաղաքական պրոցեսները այնպիսին են, որ որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի մեծամասնություն կամ իշխանություն, դա նորմալ պրոցես է, բայց առայժմ նման տիպի խնդիր չեմ տեսնում։

-Իսկ որևէ քննարկում ունեցե՞լ եք ձեր խմբակցությունում ընդգրկված այն պատգամավորների հետ, ովքեր կամ իրենց ընտանիքի անդամները գործարարությամբ են զբաղվում։

-Ես ամեն օր բոլորի հետ խոսում եմ, եթե իրենք դադարեն խմբակցության անդամ լինելուց․ ստուգումները դադարելո՞ւ են, դա՞ է իշխանության որդեգրած քաղաքականությունը, որ պարտադրանքով, հարկադրանքով․․․

-Իսկ իրենք ուզո՞ւմ են դուրս գալ խմբակցությունից։

-Որևէ նման խնդիր չկա, ի՞նչ արդյունք պետք է տա, եթե կան խախտումներ, պետք է ստուգումներ լինեն։ Իսկ եթե պետք է դադարեն քաղաքական ուժի անդամ լինելուց, ու ստուգումները դադարեն, դա նշանակում է քաղաքական հետապնդում է։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ