Շաբաթ, 22 սեպտեմբերի

ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը պեռլիտի ավազի հանքավայրի արդյունահանման հայտ է ներկայացրել



ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ևս մեկ հանքի արդյունահանման հայտ է ներկայացրել: Այս անգամ էլ ընկերությունը հավակնում է Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավային տեղամասին:

Այն, ավելի կոնկրետ, գտնվում է Թալինի տարածաշրջանում, Արևուտ (նախկին՝ Բարոժ) համայնքում՝ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Փոքր Արտենի լեռան հարավ-արևելյան լանջերին:

Համաձայն նախագծի՝ լաբորատոր ուսումնասիրությունների տվյալներն արձանագրել են պեռլիտային զանգվածում խճի և ավազի միջին պարունակությունները՝ համապատասխանաբար 35 և 65 %:

Տեղամասի պեռլիտներից տարանջատված խիճն ու ավազն իրենց ֆիզիկամեխանիկական հատկություններով բավականին կայուն են գնահատվել և կարող են օգտագործվել որպես լցանյութեր թեթև բետոնների ու շինարարական շաղախների պատրաստման, ինչպես նաև շենք-շինությունների ներքին սվաղի և ջերմամեկուսացման համար:

Նախագծվող բացհանքի երկարությունը 375 մ է, լայնությունը՝ 260, օգտակար հանածոյի արդյունահանվող պաշարների քանակը՝ 851 հազ. խ/մ, օտարման մակերեսը՝ 6,6 հա:

Բացահանքի արտադրողականությունը, ըստ պեռլիտային ավազների զանգվածի, կազմում է տարեկան 20 հազար խ/մ:

Բացահանքի ծառայման ժամկետը կկազմի 42 տարի 4 ամիս:

Տարածքը նախկինում շահագործված չի եղել: Արդյունահանումը կատարվելու է առանց հորատապայթեցման աշխատանքների՝ էքսկավատոր-ավտոինքնաթափ-բուլդոզեր լեռնային համալիրի միջոցով: Բացահանքից պեռլիտային ավազի տեղափոխումը մինչև նախատեսվող ջարդող տեսակավորող կայան 0,5 կմ է:

Հունիսի 4-ին՝ ժամը 12.00-ին, Արագածոտնի մարզի Արևուտի համայնքապետարանում տեղի կունենա այս հայտի 4-րդ հանրային քննարկումը: 

Հիշեցնենք, որ այս պաշտոնյան տարբեր հանքավայրերի ընդերքօգտագործման 6 իրավունք ունի: Սա կլինի 7-րդը հանքավայրը, որը նախատեսում է շահագործել Դավիթ Սուքիասյանին 100 տոկոսով պատկանող ընկերությունը:

Պաշտոնյայի 2017 հարկային տարվա ավարտին ներկայացրած հայտարարագրից երևում է, որ Դավիթ Սուքիասյանի համար այն բարեհաջող է եղել: Պաշտոնյան 19, 4 մլն դրամով վաճառել է իր մեքենաներից մեկը՝ LEXUS GX 460-ը: Փոխարենը 38 մլն դրամով ձեռք է բերել MERCEDES-BENZ G500-ը:

Չնայած պաշտոնյան տարեկան 4,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում, սակայն հայտարարագրել է 39 մլն դրամ, 130 հազար դոլար, 80 հազար եվրո: Նա 2017-ին 3 ընկերությունում բաժնեմաս է ձեռք բերել, 3-ում էլ՝ օտարել: 

Հ.Գ. Պեռլիտային ավազի հանքավայրի ևս մեկ հայտ ներկայացվել է Գեղարքունիքի մարզում: «Շողագա» ՍՊԸ-ն մտադիր է արդյունահանել Ձորագյուղի (Ծակքարի) պեռլիտային ավազը: Հանքավայրը գտնվում է Ծակքար, Ձորագյուղ և Վարդաձոր գյուղերի միջև: Այս հանքավայրն էլ բաց եղանակով է շահագործվելու: Բացհանքի տարեկան արտադրողականությունը 10 հազար խմ է: Բացհանքի ծառայելու ժամկետ է նշվում 30 տարին: Հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Ձորագյուղի (Ծակքարի) համայնքապետարանում տեղի կունենան նույնանուն հանքավայրի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ