HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անապատի գիշերներում: Դատախազությունը լավ է աշխատում, բայց թրաֆիկինգը ծաղկում է

Հայտնի կավատ Ամալյա Մնացականյանը' «Նանո» մականունով, դատավճռից հետո ազատազրկման վայրում անցկացրեց ընդամենը մեկ ամիս: Մայր կավատ Նանոն (այսպես են նրան անվանում իրավապահները), Ինտերպոլով հետախուզման մեջ էր, եւ 2004թ. մարտին Արաբական միացյալ էմիրությունների ոստիկանությունը նրան հանձնեց հայ իրավապահներին: Նույն թվականի օգոստոսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքերի առաջին ատյանի դատարանը դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ Նանոյին դատապարտեց երկու տարվա ազատազրկման: Սեպտեմբերին' դատավճռից մեկ ամիս անց, Նանոն արդեն ազատության մեջ էր:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պետք է հարցնել. «Մեկ ամսվա ազատազրկման համար արժե՞ր, արդյոք, Ինտերպոլով հետախուզում հայտարարել, գործի դնել Հայաստանի հանրապետության եւ Արաբական միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարություններին, իրավապահ մարմիններին նման «անվտանգ» հանցագործին Հայաստան հասցնելու եւ ազատություն պարգեւելու համար»:

Եվս մեկ հարց անհրաժեշտ է ուղղել ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին. «Ինչպե՞ս է պատահել, որ շուտափույթ ազատություն է շնորհվել երկու անգամ ազատազրկված Ամալյա Մնացականյանին»:

Եթե ՀՀ գլխավոր դատախազությունը կոլեգիայի վերջին նիստում քննարկեր այս հարցերը, գուցե հասկանալի լիներ, թե ինչու՞ է այսքան մեծ «կարեւորություն» տրվում թրաֆիկինգին: Գուցե Աղվան Հովսեփյանը պարզաբաներ, թե ինչու է իր ղեկավարած կառույցը նվազագույն պատիժ առաջարկել հարյուրավոր աղջիկների վաճառած Նանոյին, որն այսօր էլ Երեւանում շարունակում է հավաքագրել «հին» եւ նոր աղջիկների' Էմիրություններ եւ Թուրքիա ուղարկելու համար:

Մեր տեղեկություններով' շուտով գաղութից ազատվելու է մեկ այլ հանրահայտ կավատ' էջմիածնեցի Մարետը (Մարիետա Մուսայելյան): Նրան էլ դատարանն ազատազրկել է երկու տարով: Մարիետայի զոհերն առանց անձնագրերի ներկայումս Դուբայում մարմնավաճառությամբ են զբաղվում:
Կարծում ենք' Գլխավոր դատախազի համար դժվար չէ պարզել, թե ովքեր են կանգնած այս կավատների թիկունքում:

Մարտի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ամփոփվեցին թրաֆիկինգի ոլորտում կատարված աշխատանքները: Ներկայացված թվերն առաջին հայացքից բավական խոսուն են. տասնյակ քրեական գործեր, կալանքներ, բացատրություններ, դատական գործեր: Սակայն, չգիտես ինչու, նման տիտանական աշխատանքից հետո կանանց վաճառքը նոր թափ է առնում, արաբական երկրներ մեկնողների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

«Կավատն էնտեղ հովանավորվում է եւ՛ ոստիկանության, եւ՛ հեղինակությունների կողմից: Էնտեղ կան իրենց օրենքները, եւ բավականին դժվարություններ կան: Նույնիսկ, թող մեղք չլինի ասելս, տեղի իշխանություններն էլ ինչ-որ տեղ շահագրգռված չեն, որովհետեւ տվյալ ակումբը, տվյալ ռեստորանը աշխատեցնելու համար հենց էդպիսի կոնտինգենտ է պետք, որ մարդիկ կարողանան հավաքվել»,-կոլեգիայի նիստում ասաց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Վերջինիս ղեկավարությամբ, ինչպես ասվեց դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ, գործի քննության նպատակով ԱՄԷ է մեկնել դատախազության քննչական խումբը: Ա. Միրզոյանը կոլեգիային պատմեց, որ շատ բարդ է նման կանանց հայտնաբերելը եւ Հայաստան բերելը: Նա նաեւ հայտնեց, որ իրենք այդ կանանց համոզում են, բերում Հայաստան, ապա կալանքի վերցնում:

Մեզ հայտնի է, որ դատախազության աշխատակիցները Դուբայում հանդիպել են մի քանի հայ կավատների, այդ թվում' Ինտերպոլով հետախուզման մեջ գտնվողների հետ: Առնվազն տարօրինակ է, որ դատախազության աշխատակիցները տեղի ոստիկանությանը կավատների մասին հայտնելու փոխարեն «կավատներին համոզել են վերադառնալ Հայաստան»:

Այդ հանդիպումների ժամանակ, սակայն, ինչպես մեզ տեղեկացրել են կավատների վերահսկողությամբ աշխատող հայ մարմնավաճառները եւ կավատներից մեկը, ամենեւին էլ չի խոսվել նրանց' Հայաստան վերադարձի մասին:

Թե ինչ է խոսել ու պայմանավորվել, օրինակ, էջմիածնեցի Անոյի (Անահիտ) հետ դատախազության աշխատակից Արիստակես Երեմյանը, պետք է պարզի դատախազության համապատասխան մարմինը:

Կոլեգիայի նիստում Գլխավոր դատախազն ասաց, թե ինքը խիստ պատիժների կողմնակից է, եւ քննադատեց դատավորներին կավատներին մեղմ պատիժներ տալու համար:

Սակայն, որեւէ մեկը Գլխավոր դատախազին չհարցրեց, թե ինչու ոչ մի դեպքում դատարանում մեղադրանք ներկայացնող դատախազությունը չի բողոքարկել դատավճիռը:

Կավատության եւ թրաֆիկինգի հատկանիշներով դատավճիռների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր գործերն ավարտվել են առաջին ատյանում: Մինչդեռ այլ ոլորտի գործեր անցնում են դատական երեք ատյաններով: Ինչպե՞ս է պատահել, որ կողմերից ոչ մեկը երբեւէ դատավճիռները չի բողոքարկել: Ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ մեղադրյալները երբեք դժգոհ չեն լինում ո՛չ դատախազությունից եւ ո՛չ էլ դատավորներից: Սա մի ոլորտ է, որտեղ բոլոր կողմերը միանգամից համաձայնության են գալիս:

Մեկնաբանություններ (1)

Andranik
Hetq is blocked in Dubai, but do you know why??? Because the UAE police is directly involved into the sex trade in Dubai, information of Hetq causes them not to have Armenian girls in Dubai, it is that simple, the security forces in Dubai can track down any one in less than two hours, they know every thing about every one in Dubai, they even know how many times you flush you toilet per day. The most amazing thing is that they are an Islamic country, how do they have sex & prostitution in broad day light??? This is how the country makes money & this how Dubai was build, but people are amazed about Dubai with out knowing any thing of what is going on, they call it the attraction of Dubai, not for the biggest tower of the world but for the sex trade.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter