HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սնունդ՝ մարզպետի այգիները հիմնելու դիմաց

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի ներկայիս բնակիչները' 40-50 ընտանիք, Ադրբեջանի հանրապետության Շահումյանի շրջանից բռնագաղթած փախստականներ են: 1991թ.-ին սեփականաշնորհման ընթացքում մի քանի փախստական ընտանիքների գյուղամերձ «Ախտա» կոչվող հանդամասից հատկացվել են հողամասեր: 2002թ.-ին գյուղացիները Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանի նախաձեռնությամբ այդ հողատարածքում հիմնել են դեղձի ու ծիրանի այգիներ:

Մարզպետը նրանց հորդորել է մասնակցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի իրականացրած «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրին ու ծառատունկ կատարել, որի դիմաց փախստական-գյուղացիները ստանում էին ալյուր ու ձեթ: Անտեղյակ գյուղացիները չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց սեփական հողամասում, իրենց համար իրականացվող «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով այգի են հիմնում մարզպետի համար:

Փախստականներից Նունե Սաքունցը պատմեց, որ գյուղացիները գրեթե ողջ հանդամասում ծառատունկ էին կատարում, բացի իր եւ Դիանա Ավետիսյանին պատկանող հողամասերից. «Հաջորդ տարին արդեն մեր հողամասում էլ տնկեցին: Նրանք տնկեցին, մենք հանեցինք' դեն նետեցինք»:
«Մարզպետ Պ. Մանուկյանը մեզ խնդրում էր, որ չընդդիմանանք, ասաց, թե սա ծրագրային աշխատանք է' ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով, եթե հողը ձերն է, ծառի բերքը դուք կհավաքեք: Մտածեցինք, որ եթե ծրագիրը բոլորի համար է, թող մեզ համար էլ տնկեն»,- ավելացրեց Գոմք գյուղի բնակիչ Դիանա Ավետիսյանը:

2003թ.-ին փախստականները դիմել են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե' սեփականության իրավունքի նոր վկայականներ ստանալու համար: Նրանց պատասխանել են, թե բոլոր հողակտորներինը միասին կտան: «Բոլոր հողակտորների սեփականության իրավունքի վկայականները հանձնեցին, բացի միակ ջրովի հողակտորից' «Ախտա» հանդամասի 3000քմ տարածքից, եւ ասացին, որ գյուղապետարանն արդեն վաճառել է հողատարածքը»,-պատմեց Նունե Սաքունցը:

Սեփականաշնորհումից 10 տարի անց, «Ախտա» կոչվող 20հա հողատարածքը Գոմքի ավագանու 11.09.00թ. թիվ 1 որոշմամբ տրամադրվել է վարձակալության եւ ավագանու 08.12.02թ. թիվ 1 որոշման հիման վրա ներկայացվել է աճուրդով օտարման: Աճուրդում շահել է «Վայոց ձոր» ՍՊԸ-ն, որի նախագահը Վայոց ձորի նախկին մարզպետ Պ. Մանուկյանն է:

2003թ.-ի վերջին կադաստրային քարտեզագրումն ավարտելուց հետո պարզ է դարձել, որ այդ տարածքում կան նաեւ սեփականաշնորհված հողեր, այդ թվում նաեւ Նունե Սաքունցին ու Դիանա Ավետիսյանին պատկանող հողամասերը: Նշված հողամասերը, համաձայն համայնքի Կադաստրային քարտեզի, գտնվում են 313-2, 314-2 եւ 314-5 համարների տակ: Այսինքն, մարզպետը նախապես սեփականացրել էր փախստականների հողամասերը, որից հետո, օգտվելով «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի ընձեռած հնարավորությունից, նրանց միջոցով պտղատու այգիներ էր հիմնում իր համար:

Պանդուխտ Մանուկյանը 2003թ. հունիս ամսին ազատվել է աշխատանքից, սեփականատերերը բողոքով դիմել են Վայոց ձորի ներկայիս մարզպետ Սամվել Սարգսյանին, որը փորձել է վեճը լուծել հաշտությամբ: Սեփականատերերից չորսը համաձայնել են փոխհատուցման առաջարկին եւ վերցրել առաջարկված գումարը, իսկ մեկին խոստացված փոխհատուցումը՝ գումար կամ այլ հողակտոր, չեն տվել: Էռնեստ Սաքունցի եւ Կառլեն Ավետիսյանի ընտանիքները (Ն. Սաքունցի ու Դ. Ավետիսյանի հայրերն են) հրաժարվել են փոխհատուցումից եւ դիմել են Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան' խնդրելով իրենց հողատարածքներն ազատել ապօրինի տիրապետողից' պատասխանող ճանաչելով Գոմք համայնքի ղեկավարին, «Վայոց ձոր» ՍՊԸ-ին, «Վայքի» տարածքային կադաստրին: Արդեն նախկին մարզպետը հայտնել է, որ ոչ մի ծրագիր էլ չի եղել, սեփական միջոցներով է իրականացրել ծառատունկը եւ հակընդդեմ հայցով գյուղապետարանից պահանջել է փոխհատուցել իր կրած վնասները: Դատարանը հայցն ու հակընդդեմ հայցը բավարարել է, վճիռն օրինական ուժի մեջ է մտել եւ կատարողական թերթի հիման վրա փախստականները ստացել են իրենց հողակտորների սեփականության իրավունքի վկայականները:

Գոմքի գյուղապետը, որը չէր ներկայացել դատարան, 2 օր ուշացումով վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ դատարանն այն ընդունել է առանց բաց թողած ժամկետը վերականգնելու: Գյուղապետարանը վերաքննիչ դատարանում բողոքարկել է «Վայոց ձոր» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցը, որով պահանջել էր գյուղապետարանից փոխհատուցել ծառատունկի ծախսերը: Կողմերը չեն ներկայացել դատարան, եւ երկու անգամ նիստերը հետաձգելուց հետո վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել հայցն ու հակընդդեմ հայցը թողնել առանց քննության:

Այս անգամ «Վայոց ձոր» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարան՝ հայտնելով, որ Վայոց ձորի մարզի 1-ին ատյանի դատարանի հունիսի 11-ին կայացված եւ բողոքարկված վճիռը հայցվորներ Էռնեստ Սաքունցն ու Կառլեն Ավետիսյանը ներկայացրել են կատարման, եւ Կադաստրը գրանցել է նրանց սեփականության իրավունքը: «Վայոց ձոր» ՍՊԸ-ի ներկայացուցիչը խնդրել է կատարել վճռի կատարման շրջադարձ, այսինքն՝ անվավեր ճանաչել փախստականների սեփականության իրավունքը, քանի որ վերաքննիչ դատարանի որոշմամբ վերը նշված քաղ. գործը թողնվել է առանց քննության: Սեպտեմբերի 27-ին դատարանը (նախագահող դատավոր Ա. Խառատյանի, Տ. Սահակյան, Վ. Ավանեսյան), որոշում է կայացնում 11.06.04թ.-ին վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ:

Փախստականներն այդ մասին չեն ծանուցվել, եւ վճիռն օրինական ուժ է ստացել: Իրենց սեփականության իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու մասին փախստականները տեղեկացել են «Վայոց ձոր» ՍՊԸ-ի ներկայացուցիչից: «Այդ ընթացքում մենք վարում էինք հողը, իսկ նրանք մեզ չհարցրին, թե ինչու ենք վարում»,-պատմեցին Նունե Սաքունցն ու Դիանա Ավետիսյանը: Երկու ընտանիքները պատրաստակամ են ամեն գնով պաշտպանելու իրենց սեփականությունը եւ զիջման գնալու ոչ մի մտադրություն չունեն: «Անցնող ծանր տարիներին այդ հողամասը նեցուկ է եղել մեզ համար՝ ցորեն ենք ցանել ու լավ բերք ենք ստացել, այնտեղ մինչեւ 35 տարեկան ընկույզի ծառեր կան, որից մեծ եկամուտ ենք ստանում»,-ասաց Դիանա Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter