HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լոռու մարզպետի հավանական թեկնածուների հետ նշանակման հարցով քննարկում չի եղել

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ դիմումի համաձայն աշխատանքից ազատման որոշումն արդեն կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում է, սակայն նոր մարզպետի նշանակման լուրը դեռևս չի հրապարակվել։ «Հետքը» զրուցեց Լոռու մարզպետի՝ ըստ մամուլի ամենահավանական թեկնածուների հետ, սակայն նրանք բոլորն էլ ասացին, որ իրենց հետ նման քննարկում չի եղել։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Քրիստ Մարուքյանը, որի անունն ամենաշատն է շրջանառվում որպես մարզպետի հավանական թեկնածու, մեզ հետ զրույցում ասաց՝ իր հետ նման քննարկում չի եղել։

«Ինչ շրջանառվում է մամուլում, ժողովրդական բանահյուսության շարքից է, արդեն հոգնել եմ բոլորին ասելուց, որ նման քննարկում չկա, ինձ արդեն շնորհավորում էին, բայց ճշմարտության նշույլ անգամ չկա այդ ամենում»,- ասաց Մարուքյանը։

Մեր հարցին՝ առաջարկ լինելու դեպքում կհամաձայնի՞, Քրիստ Մարուքյանը պատասխանեց․

«Ինձ համար էականն այն է, որ համակարգային փոփոխություններ լինեն, եթե արդյունավետ կառավարման ենք գնում, ուրեմն պետք է լուրջ վերանայել այդ համակարգը, ես չեմ գտնում, որ մարզպետի անուն-ազգանուն փոխելով` ինչ-որ բան կփոխվի։ Ուստի միանշանակ այո կամ ոչ ասելու հարց չէ»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Արամ Խաչատրյանի հետ ևս մարզպետի նշանակման հարցի շուրջ քննարկում չի եղել։

«Ինձ հետ նման քննարկում չի եղել, Վանաձորի գրասենյակում ևս չի քննարկվել։ Որքանով տեղյակ եմ՝ գործող մարզպետը դիմում է ներկայացրել վարչապետին, որոշումը կա, պարզ է, որ նոր մարզպետ պետք է նշանակվի, բայց թե ով կլինի, այս պահին կդժվարանամ ասել»,- նշեց Խաչատրյանը։

Մեր հարցին, եթե իրեն առաջարկ լինի արդյոք կհամաձայնի՞, Արամ Խաչատրյանն արձագանքեց․

«Եթե մեր քաղաքական թիմը և վարչապետը որոշում կայացնեն, կընդունվի»։

Մարզպետի նշանակման հարց չի քննարկվել նաև ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Անդրեյ Ղուկասյանի հետ։ Մեր հարցին՝ ըստ իրեն ո՞վ կարող է հավանական թեկնածուների շարքին դասվել, Ղուկասյանն ասաց, որ իհարկե առաջին թեկնածուն Վանաձորի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանն է, սակայն ամեն ինչ կառավարության ու վարչապետի որոշման ներքո է լինելու։

«Ինձ հետ նման քննարկում չի եղել»,- ասաց նա։

Հարցին՝ եթե լինի նման առաջարկ, կհամաձայնի՞, Ղուկասյանը պատասխանեց՝ որոշ խանգարող հանգամանքներ կան, բայց առաջարկության դեպքում կմտածի:

Լուսանկարում՝ (ձախից աջ) Քրիստ Մարուքյանը, Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter