HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սպանության գործով «Ալավերդցի Վահագնից» կաշառք ստանալու մեջ մեղադրող քննչականի պետը, Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ, ազատ է արձակվել

Սպանության գործով «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել: Մեղադրյալի նկատմամբ գրավը թույլատրելի է համարել դատավոր Տաթևիկ Գրիգորյանն, ով հանրությանն առավելապես հայտնի դարձավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով:

2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում սպանվել է Կամո Փիրուզյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝1991թվականին ծնված Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է Փիրուզյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: 2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարատվել է և գործն ուղարկվել Դատախազություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն:

Գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Ազգային անվտանգության ծառայության կատարած օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև Քննչական կոմիտեի իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներն են ձեռք բերվել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ:

2018 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքի իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վահագն Աբգարյանը, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Վահագն Աբգարյանը Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Մասնավորապես՝ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը, ըստ գործի նյութերի, եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս մեղմ հոդվածով՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով է մեղադրանք առաջադրվել (մեկ ուրիշին դիտավորյալ կյանքից զրկելը), մինչդեռ իրականում, ըստ գործի նյութերի, Դավթյանին պետք է մեղադրանք առաջադրվեր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատվերով սպանությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, շահադիտական դրդումներով: Առաջին դեպքում օրենքը նախատեսվում է պատիժ` առավելագույնը 8 տարի ժակետով, իսկ երկրորդ դեպքում նախատեսվում է ընդհուպ ցմահ ազատազրկում:

Թաթուլ Շուշանյանը ևս գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է, և կալանքի տակ էր գտնվում արդեն շուրջ 4 ամիս:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն, ով Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչն է, փաստում է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր գրավը թույլատրելի է համարել սպանության կազմակերպչին պարտակելու, սպանության կատարողին ակնհայտ մեղմ մեղադրանք առաջադրելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնատար անձի նկատմամբ:

Փաստաբանը մեզ հետ զրույցում այս որոշումն ակնհայտ ապօրինի գնահատեց: Ըստ Երվանդ Վարոսյանի՝ շատ դատավորներ կորցրել են իրականության զգացողությունն ու բոլորովին սխալ են հասկացել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Ըստ փաստաբանի՝ այն հանգամանքը, որ դատավորներին չեն զանգահարում ու ցուցումներ տալիս, դեռ չի նշանակում, որ երկրում պետք է տիրի ամենաթողություն:

«Թաթուլ Շուշանյանն այն բացառիկ մեղադրյալներից է, որի պարագայում ակնհայտ են կալանավորման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը: Նա մի անձ է, որ, լինելով քննչական վարչության ղեկավար, պարբերաբար սպանության կազմակերպիչ Վահագն Աբգարյանի տուն է այցելել, նրան զեկուցել է գործի ընթացի մասին, պայմանավորվել են, թե ինչ պիտի անեն և ինչպես, իսկ քրեական գործը Երևան տեղափոխելուց հետո էլ փորձել է պարբերաբար քրեական գործից տեղեկություններ քաղել, դրանք զեկուցել է սպանության կազմակերպչին և նրա հետ քննարկել, թե ինչ և ինչպես պետք է վարվել»,- մեզ հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանն ու ընդգծեց, որ նման անձն, ով եղել է մարզի քննչական վարչության պետն ու սպանության կազմակերպչին պարտակելն անձամբ է կազմակերպել, միջոցներ է ձեռնարկել, որպեսզի սպանության կազմակերպչին ակնհայտ մեղմ մեղադրանք առաջադրվի, պարզապես չի կարող ազատության մեջ լինել:

«Այդ անձը պաշտոնավարման ժամանակ արդեն իսկ կատարել է գործողություններ՝ քննությունը խեղաթյուրելու ուղղությամբ: Ռիսկերն առավել քան մեծ են, որ նա այժմ կշարունակի խեղաթյուրել գործի քննության ընթացքն և միջոցներ ձեռնարկել, որպեսզի ազատվի քրեական պատասխանատվությունից»,- մեզ հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել Տաթևիկ Գրիգորյանի որոշումը:

«Կարծում եմ, որ դատական համակարգը պետք է սթափվի: Այն, որ դատավորները Բաղրամյան 26-ից զանգեր չեն ստանում, չի նշանակում, որ պետք է տիրի ամենաթողություն, որ ով ինչ ցանկանա, պիտի անի, չի նշանակում, որ պիտի կալանավորվեն մարդիկ, որոնք չպիտի կալանավորվեին և ազատության մեջ հայտնվեն մարդիկ, որոնց կալանավորումը օրինական է ու հիմնավոր»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Մեզ հետ զրույցում Թաթուլ Շուշանյանի փաստաբան Ամրամ Մակինյանը նշեց, որ դատարանի կայացրած որոշումը օրինաչափ և իրավաչափ է:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց: Ըստ Մակինյանի՝ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքեր ի սկզբանե չեն եղել, քանի որ նա, լինելով ծանր հանցագործության մեջ մեղադրվող, ներկայացել է դատարան: Ըստ պաշտպանի՝ եթե Շուշանյանը թաքնվելու մտադրության ունենար, կթաքնվեր:

Մենք փորձեցինք փաստաբանից պարզել, թե ի՞նչ հանգամանքներ են փոխվել կաշառքի վերաբերյալ գործում, որոնք հաշվի առնելով՝ դատավորը որոշել է Թաթուլ Շուշանյանի նկատմամբ գրավը թույլատրելի համարել, սակայն Մակինյանը դատարանի հիմնավորումները նպատակահարմար չգտավ ներկայացնել:

«Իմ պաշտպանյալն ինձ հանձնարարություն է տվել նախաքննության վերաբերյալ ԶԼՄ-ներին որևէ մեկնաբանություն չտալ»,- ասաց Մակինյանը:

Լուսանկարում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

Մեկնաբանություններ (3)

Հակառեժիմ
էս տաթևիկը ՀՀ (չ)արդարդատության դեմքն է՝ արտաքինից գեղեցիկ, ներսից՝ դաժան ու դատարկ
անահիտ
Մեկը լինի հենց Տաթևիկի դեմ գործ հարուցի իր անարդար դատավարությունների համար․ և այն դատապարտյալները ովքեր անարդար փակի տակ են երկու տարի պետք է դրամական հատուցում պահանջեն իրենց ազատուրյունից զրկելու համար․
Սամվել Մխիթարյան
Մասիսի քաղաքապետի գործի հետ կապված նույն դատավորի աղմկահարույց որոշման մասին կարդալիս հիշեցի նաև մի քանի օր առաջ կարդացածս այս հոդվածը: Միայն այս երկու փաստերի համադրումն անգամ թույլ է տալիս ենթադրել, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որևէ զսպաշապիկ չունի ցանկացած կամայական որոշում կայացնելու համար: Այդ կապակցությամբ գտնում եմ, որ Բաղրամյան 26-ից դատավորներին տրվող հրահանգների դադարեցումը և դատավորների անկախության հարգումը նրանք չպետք է շփոթեն իրավական ամենաթողության և ինչ ինչ շարժառիթներով կամայական որոշումներ կայացնելու իրավունքի հետ, առավել ևս նմանատիպ ծանր հոդվածների և հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի դեպքում: Գտնում եմ նաև, որ դատավորների կողմից նմանատիպ կամայական որոշումների դեպքում իրենց ասելիքը պետք է ունենան նաև ՀՀ Գլխավոր դատախազություն ու նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը, որոնք պարտավոր են նաև իրավական պայմաններ ստեղծել նմանատիպ կամայական որոշումների կանխարգելման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter