HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կարծիք ունեն Վրաստանի քաղաքացիներն իրենց ազգային ինստիտուտների մասին

Մայիսի 29-ին հրապարակվեցին այս տարվա ապրիլի 10-22 Վրաստանում անցկացված սոցհարցումների արդյունքները, որոնք նկարագրում են ազգային ինստիտուտների նկատմամբ հասարակական վերաբերմունքը։ Այստեղ արտացոլված են 18 եւ ավելի բարձր տարիքի, երկրի տարբեր բնակավայրերում ապրող 1500 քաղաքացիների կարծիքները 17 տարբեր ինստիտուտների մասին․ վրաց օրթոդոքս եկեղեցի, բանակ, մեդիա, պետական կրթական համակարգ, տեղական իշխանություններ, նախագահի եւ վարչապետի աշխատակազմեր, ԿԸՀ, նախարարություններ, խորհրդարան, ՄԻՊ, դատախազություն, Ազգային բանկ (Վրաստանի կենտրոնական բանկ), դատական համակարգ, քաղաքական կուսակցություններ, պրոֆմիություններ, մարզպետներ։  

Եկեղեցուն, բանակին ու մեդիային առավել դրական վերաբերմունք  

1500 հարցվածների մեծ մասը դրական է վերաբերվում (նրանց առաջարկվել են պատասխանների «բարեհաճ եւ անբարեհաճ» վերաբերմունքի տարբերակներ) միայն երեք ինստիտուտներին՝ վրաց օրթոդոքս եկեղեցուն (84%), բանակին (83%), մեդիային (68%)։ Վրացական ինստիտուցիոնալ մյուս երեք համակարգերի (ոստիկանություն, պետական կրթական հաակարգ, իշխանության տեղական մարմիններ) մասին կարծիքները դրականի եւ ոչ դրականի միջեւ գրեթե համաչափ են բաժանվել։ Մնացած 11 ինստիտուտների հարցում քաղաքացիներն ավելի շատ անգոհունակություն են արտահայտել։

Եթե հետեւենք նման հարցումների արդյունքների դինամիկային սկսած 2003 թվականից, այսինքն՝ Վարդերի հեղափոխության հաղթանակից ի վեր, ապա ստացվում է, որ անցած 15 տարիների ընթացքում Վրաստանի բնակչության շրջանում միայն եկեղեցին է պահպանել կայուն բարձր վարկանիշը։ Մնացած ինստիտուտների վարկանիշերը զիգզագաձեւ փոխվել են տարբեր հանգամանքների ու զարգացումների բերումով։

Այսպես, բանակի նկատմամբ վերաբերմունքն առավելագույն դրականի է հասել 2008 թ․ (բերված են օգոստոսյան պատերազմից անմիջապես հետոի՝ սեպտեմբերի տվյալները) եւ 2013 թ․։

Մեդիայի դրական ընկալումների ցուցանիշները Սահակաշվիլիի կառավարման ժամանակ տարեց տարի սկսել են նվազել սկսած 2007 թվականից ընդհուպ մինչեւ հաջորդ իշխանությունների կառավարումը՝ 2012 թ․։ Վրացական երազանքի իշխանության առաջին տարիներին մեդիայի դրական գնահատականների կորը վերադարձել էր Վարդերի հեղափոխության առաջին տարիների բարձր մակարդակին։ Իսկ արդեն 2018 թ․ ապրիլի տվյալներով տեսնում ենք, որ Վրաստանի մեդիայի գործունեությանը բարեհաճ վերաբերվողների քանակը նվազել է մինչեւ 64% (2013 թ. այդպես մտածողների քանակը 84% էր):

Վերջին 5 տարիների ընթացքում ոստիկանության, նախարարությունների, խորհրդարանի, դատախազության, դատարանների, Ազգային բանկի դրական գնահատականները կտրուկ անկում են ունեցել։

Հետաքրքիր է քաղաքացիների վերաբերմունքը քաղուժերի նկատմամբ։ 2003 թվականից հետո անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նրանց նկատմամբ դրական վերաբերմունքի ցուցանիշները շեշտակիորեն նվազել են։ Եվ համապատասխանաբար՝ վերջին տարիներին կտրուկ աճել է քաղուժերն ու դաշինքները բացասաբար ընկալողների քանակը։

Բոլորից շատ դժգոհություններ են եղել կառավարության (նախարարություններ, վարչապետի աշխատակազմ), դատախազության, դատարանների, տեղական իշխանությունների ոչ թափանցիկ գործելաոճից։

Վրաստանի արտաքին հարաբերությունների մասին

Հարցվածների մեծ մասը գտնում է, որ պետք է վարել արեւմտամետ քաղաքականություն, բայց դրան զուգահեռ նաեւ ծավալել ավելի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ (այսպես է պատասխանել հարցվածների գրեթե կեսը)։ Նրանք, ովքեր պնդում են, որ Վրաստանը պետք է գնա Եվրամիությանն ինտեգրվելու եւ միայն արեւմտյան ուղղությամբ, առանց Ռուսաստանը հիշատակելու, կազմել են հարցվածների 22-27%:

Ընդ որում՝ Ռուսաստանի հետ Վրաստանի իշխանությունների ընթացիկ շփումների գնահատականները վերջին տարվա ընթացքում փոխվել են։ Եթե 2017 թ․ հարցավծների մեծ մասը գոհ էր Ռուսաստանի հետ այդ շփումներից, ապա 2018 թ․ ապրիլին հակառակը, ավելի շատ է եղել դրանցից դժգոհների քանակը։ Ճիշտ է, արդյունքներից պարզ չէ, թե այդ դրական կամ բացասական տրամադրվածությունը գալիս է հարաբերությունների մակարդակը անբավարար գնահատելո՞ւց (ավելի շատ եւ ավելի ակտիվ հարաբերությունների պահանջ կա), թե՞ առհասարակ այդ հարաբերությունների առկայությունից։

Ըստ ամենայնի, ՆԱՏՕ-ն Վրաստանի ինտեգրման ստաբիլ ուղղությունն է։ Տարբեր տարիների ընթացքում հարցվածների մեծ մասը կայուն դրական ընկալում է ցուցադրել այս հարցում։ Միայն թե այս ապրիլին հարցվածների 57%-ը հայտնել է, որ չգիտեն, թե երբ է Վրաստանը դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ 16%-ը՝ որ Վրաստանը երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Իսկ մնացածը նշել են հավանական անդամագրության տարիները՝ մեկ, երկու, երեք տարվա ընթացքում, դրանից հետո։

Լուսանկարում՝ Թբիլիսիի բակերից մեկը / Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter